Հանդիպում Ալմաթիում, օրակարգում` Ղարաբաղ. ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչները հայտարարել են «Ադրբեջանի ապակառուցողական լինելու» մասին

Հանդիպում Ալմաթիում, օրակարգում` Ղարաբաղ. ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչները հայտարարել են «Ադրբեջանի ապակառուցողական լինելու» մասին

Photo: www.armeniaforeignministry.am

Ալմաթիում ի թիվս այլ հարցերի քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդիրը, թեև առանց շոշափելի արդյունքի:

Անցած հանգստյան օրերին Ալմաթիում տեղի ունեցած ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը ներկայացվել է որպես վճռորոշ հանդիպում ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Ենթադրվում էր, թե հայկական և ադրբեջանական կողմերը ընդհանուր հայտարարի կգան, և հնարավոր է շրջանակային փաստաթղթի համաձայնության հասնեին: Արևմտյան դիվանագետները նույնիսկ առաջարկել են «թիկունքում խաչել մատները»` երևի թե «աչքով չտալու» համար:


Ինչպես երևում է, ինչ-որ մեկը, ամեն դեպքում, «աչքով է տվել»:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչները հանդիպումից հետո հատուկ հայտարարությամբ են հանդես եկել: Նրանք հայտարարել են «ադրբեջանական կողմի ապակառուցողական լինելու» մասին, հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:

«Հայտարարության մեջ խոսվում է երեք սկզբունքների մասին, որոնց հիման վրա էլ պետք է հակամարտությունը լուծում ստանա, դրանք են` ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և դրա սպառնալիքից, ժողովուրդների ինքնորոշում և տարածքային ամբողջականություն: Հայտարարությունում նշվում է, որ չպետք է ընտրողաբար մոտենալ այս սկզբունքներին: Ադրբեջանը խոսում է միայն տարածքային ամբողջականության մասին»,- հայտարարել է նախարար Նալբանդյանը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին հայտնել է, որ հայկական կողմը այնպիսի հարցեր է առաջ քաշում, ինչպիսին է Ղարաբաղի կարգավիճակը, «թեև տվյալ փուլում այդ հարցի վրա աշխատել անհնար է»: «Նախ անհրաժեշտ է լուծել ամենադժվար հարցը` օկուպացված հողերը»,- ընդգծել է Մամեդյարովը: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը համաձայն է բոլոր հաղորդակցությունների բացմանը հինգ հարավային շրջանները վերադարձնելու դեպքում: «Այս անգամ չհաջողվեց, սակայն պետք է համբերատար լինել և շարունակել աշխատանքը»,- հայտարարել է նա:

Հայտարարությունում խոսվում է նաև հրադադարի ռեժիմն ամրապնդելու քայլերի և դիվերսիաների ու հայտարարությունների անթույլատրելիության մասին, որոնք սրում են իրավիճակը և չեն նպաստում հակամարտության լուծմանը:

Ըստ էության, սա նման է խնդրի պահածոյացմանը, համենայն դեպս` ժամանակավոր: Միջնորդներն ակնհայտորեն համոզվել են, որ Ադրբեջանը մտադիր չէ խոսելու Ղարաբաղի ինքնորոշման մասին, իսկ Հայաստանը չի պատրաստվում առանց դրա դուրս բերել զորքերը:

Ո՞րն է ելքը այս փակուղային իրավիճակից: Համանախագահները նախագզուշացրել են Ադրբեջանին, որ նա նույնիսկ չմտածի ռազմական օպերացիայի մասին:

Այդ նույն օրերին սկսվեցին բանակցությունները Հայաստանի և Եվրամիության միջև գործակցության պայմանագրի շուրջ: Ընդ որում, Ադրբեջանը պաշտոնապես հրաժարվել է գործակցել Հայաստանի հետ Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում:

Հուլիսի 16-ին Հայաստան է այցելել ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնական Սելեստա Վոլանդերը: Ըստ նրա`ԱՄՆ-ը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

Հատկանշական է նաև, որ հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն «իր իրանցի գործընկերոջ հրավերով» այցելել է Իրան: Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

Այս բոլոր իրադարձությունները խոսում են այն մասին, որ տարածաշրջանային երկրները և շահագրգիռ պետությունները պատրաստվում էին իրադարձությունների ցանկացած զարգացմանը, ի թիվս որոնց` շեշտակի:

ԱրմենիաՆաուի էջերում