Ռազմավարություն, մարտավարություն, վերադասավորում. Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են ընտրություններին
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ 16-րդ համագումարում: Շաբաթ` հուլիսի 17-ին կայացած ՀՀՇ համագումարին նախորդել էին կուսակցության ներսում լուրջ խմորումներ. նախ` հրաժարական տվեց կուսակցության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ապա երկարամյա նախագահ Արարատ Զուրաբյանը: Երկուսն էլ մեղադրվում էին իշխանությունների հետ բանակցություններ վարելու մեջ. ըստ տարածված լուրերի` նրանք բանակցում էին առաջիկա ընտրություններին ՀՀՇ-ին տեղեր տրամադրելու և մարտի 1-ի գործերով կալանավորվածներին ազատ արձակելու շուրջ: ՀՀՇ-ում տեղի ունեցող իրադարձությունները չշրջանցեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը պարբերաբար ծափահարություններով ընդհատվող իր ելույթում ասել է. «Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ ի ներսում և ճեղքվածք առաջացնել կուսակցության ու Հայ ազգային կոնգրեսի միջև, սակայն ՀՀՇ վարչության և խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է, և Կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել է», և որ ՀՀՇ-ն այդ փորձությունից դուրս է եկել ավելի ուժեղացած։ Միայն 2007 թ. Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձից հետո ակտիվացած ՀՀՇ-ում տեղի ունեցած այս դեպքերի մեջ անսպասելի մի բան տեղի ունեցավ`«վերակենդանացավ» 14 տարի հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը: Դեռ երկու շաբաթ առաջ «Հրապարակ» թերթում տեղեկատվություն էր տարածվել, թե Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել էր Վանո Սիրադեղյանին` «միջամտել ՀՀՇ-ի ներսում կատարվող իրադարձություններին և ազդել Արարատ Զուրաբյանի վրա, որ նա հպատակվի իրեն»։ Նույն աղբյուրի հավաստմամբ` Վանո Սիրադեղյանը նամակ էր հղել Զուրաբյանին` ասելով. «Դու չգիտե՞ս, որ ՀՀՇ-ի հավերժ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն է», հորդորելով չպառակտել ՀՀՇ-ն ու հրաժարական տալ: Այս ամենը, իհարկե, հերքում են ՀՀՇ-ում, սակայն նախկին ՀՀ ներքին գործերի նախարար, ՀՀՇ վարչության նախագահ Սիրադեղյանը, որը մեղադրվում է 1992-96 թթ. մի շարք սպանություններ պատվիրելու մեջ և որի մասին վերջին անգամ խոսել էին 2000 թ., երբ խորհրդարանը նրան կալանավորելու թույլտվություն տվեց, շաբաթ օրն ընտրվեց ՀՀՇ վարչության անդամ` համալրելով 31 անդամներից բաղկացած կուսակցության ղեկավար մարմինը: Ըստ անկախ վերլուծաբան Երվանդ Բոզոյանի` ՀՀՇ-ն ունի ընդգծված առաջնորդի կարիք, ու թերևս հենց դա է Սիրադեղյանին կրկին ասպարեզ բերելու պատճառը: (Նախկին ազդեցիկ քաղաքական գործիչը դեռևս փախուստի մեջ է:) «Սակայն չեմ կարծում, թե դա կունենա լուրջ արդյունքներ, ընդդիմությունն ունի մարտավարական լուրջ թերություններ»,- ասում է վերլուծաբանը: Այժմյան միտումները ցույց են տալիս, որ ընդդիմությունն ամրապնդում է դիրքերը, սակայն միավորման հիմքեր արդեն իսկ չկան: Այսօր ընդդիմադիր դաշտում առկա երկու հիմնական խաղացողների` Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգության» միջև հակասությունները ջրի երես դուրս եկան անցյալ տարի` Երևանի ավագանու ընտրություններին, երբ միասնական թեկնածուի շուրջ համաձայնության չգալով` «Ժառանգությունը» վճռեց չմասնակցել ընտրություններին, իսկ ՀԱԿ-ն էլ պարտվեց: Դեռ այն ժամանակ «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե «ՀԱԿ-ը կայացած ընդդիմադիր ուժ չէ և չի վայելում մարդկանց վստահությունը», հետո նաև մեղադրեց Լևոն Տեր-Պետրոսյանին 2008 թ. մարտի 1-ին ժողովրդի կողքին չլինելու համար: Դրանից մի քանի ամիս անց պառակտումներ սկսվեցին «Ժառանգությունում», որի հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը վայր դրեց պատգամավորական մանդատը (սակայն հետո հետ վերցրեց դիմումը), այնուհետև մի քանի անդամներ կուսակցությունից հեռացվեցին, այդ թվում` պատգամավոր Վարդան Խաչատրյանը, որոնց հիմնականում մեղադրում էին ի վնաս «Ժառանգության» ՀԱԿ-ի հետ համագործակցելու մեջ: Այս ամենից հետո հուլիսի 10-ին կայացած «Ժառանգության» արտահերթ, իրենց խոսքով` «ջրբաժան» համագումարից հետո արմատապես փոխվեցին ղեկավար կազմի վարչության անդամները` համալրվելով նոր անդամներով, իսկ կուսակցության ղեկը կրկին իր ձեռքը վերցրեց հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մեկ տարի առաջ հրաժարվել էր նախագահի պաշտոնից: Այն, որ համագումարներով ու նոր ղեկավար կազմով ընդդիմադիրները պատրաստվում են ընտրությունների, ակնհայտ է, սակայն ակնհայտ է նաև, որ այս անգամ ևս միասնական դաշինք չի ձևավորվելու: Համագումարից հետո Հովհաննիսյանը հույս էր հայտնել, որ «ընդդիմությունը կունենա միասնական այլընտրանքային թեկնածու», իսկ եթե դա անհնար լինի, ապա «Ժառանգությունը» կմտածի սեփական թեկնածության մասին», որը, ի դեպ, ըստ Հովհաննիսյանի, ցանկալի է, որ կին լինի: Սակայն Հովհաննիսյանը նաև ասել էր, որ «առաջիկա ընտրությունները պետք է լինեն երեք նախագահների եռանկյունուց դուրս», այսինքն` բացառելով Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: «Ժառանգության» համագումարից հետո ընդդիմադիր մամուլը հեղեղվեց «Ժառանգության» հասցեին հնչող տարբեր որակումներով` լպրծուն, գրպանային ընդդիմություն, իշխանության լրտես, կալանավորված ընդդիմության առաջնորդներից Նիկոլ Փաշինյանն էլ հարց բարձրացրեց, թե «Ո՞ւր էր Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 1-ին»: «Պարզ է, որ ընդդիմությունն այս անգամ էլ չի միավորվի ու տանուլ կտա, դա ամբիցիաների հարց է և լուծում չի գտնի, քանի դեռ անձնական հարցերը վեր են դասվեն պետության շահից»,- «ԱրմենիաՆաուին» ասում է նախկին ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանը, որին ևս 2008-ին չհաջողվեց միավորել ընդդիմադիրներին:
Other Articles in Վերլուծություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.