Տնտեսական զարգացում սառեցված հակամարտության պայմաններում. մեղավո՞ր է արդյոք Ղարաբաղը Հայաստանի «դժբախտությունների» համար

Տնտեսական զարգացում սառեցված հակամարտության պայմաններում. մեղավո՞ր է արդյոք Ղարաբաղը Հայաստանի «դժբախտությունների» համար

Ֆոտոլուր

Տեր-Պետրոսյանի խոսքով` ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար զիջումներն անխուսափելի են:

«Հայաստանի զարգացմանը խոչընդոտում են չլուծված ղարաբաղյան հակամարտությունը և հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները». նման փաստարկն արդեն մի քանի տարի է` Հայաստանում լուրջ բանավեճերի պատճառ է դառնում: Քննարկումները նոր խթան են ստացել անցյալ շաբաթ ՀՀՇ 16-րդ համագումարի ժամանակ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո:


Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ «առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարա¬բե¬րու¬թյունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա¬մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։ Այս պարզագույն ճշմար¬տության չգիտակցումն արդեն իսկ հանգեցրել է անշրջելի կորուստների, որոնցից ամենա¬վտան¬գա¬վորը վերջին տասներկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թվաքանակի զգալի նվազումն է, ինչի հետևանքները, շուտափույթ լուծումներ չգտնելու պարագայում, աղետալի են լինելու»։ Նա քննադատել է քոչարյանական վարչակազմի քաղաքական հավատամ¬քը, թե «Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակում¬ների պայմաններում»` ընդգծելով, որ «կունենանք Հայաստան առանց հայերի»։ Տեր-Պետրոսյանը նշել է, որ «հարցերի հարցն, այսպիսով, ժողովրդագրու¬թյունն է՝ դեմոգրաֆիան և ստատուս-քվոյի պահպանման ջատագովների դիրքորոշման ամենաթույլ կետն այն է, որ նրանք չունեն այն հարցի պատասխանը, թե ինչպես են դադարեցնելու շարունակվող արտագաղթը»: Ընդ որում, նա հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման մեջ փոխզիջումներն անխուսափելի են:

Կոնկրետ ի՞նչ և ինչի՞ փոխարեն ստիպված կլինենք զիջման գնալ` Տեր-Պետրոսյանը չի որոշակիացրել: Պատասխան չկա նաև այն հարցին, թե ինչպես կփոխվի Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդագրու¬թյունը, եթե գնան առաջարկված փոխզիջումներին:

Հեռուստաընկերությունները նախընտրեցին այս հարցերը հասարակական քննարկման չդնել: Իսկ ահա մամուլում, վիրտուալ տարածքում և երևանյան սրճարաններում սկսվեցին բուռն քննարկումներ:

Քաղաքացիների մի մասը, ի թիվս որոնց`Լևոն Տեր-Պետրոսյանի բազմաթիվ աջակիցներ, կարծում են, որ Հայաստանում արտագաղթ առաջացնող խնդիրները կախված են ոչ միայն ղարաբաղյան հակամարտությունից: Դա կեղծված ընտրություններն են, բիզնեսի և իշխանության սերտաճումը, կախյալ դատական համակարգը, անհարգալից վերաբերմունքը օրենքի և իրավունքի նկատմամբ և մի շարք այլ «համակարգային խափանումներ»: Ինչպես նշում են լրագրողները, 2007 թ. սեպտեմբերին ինքը` Տեր-Պետրոսյանը, 10-ամյա ընդմիջումից հետո իր առաջին ելույթում հայտարարել էր, որ ղարաբաղյան խնդիրը հնարավոր է լուծել, եթե երկրում վերականգնվի սահմանադրական կարգը, օրենքի և իրավունքի գերակայությունը:

«Լրագիր» թերթը նշում է, որ եթե նախկինում ղարաբաղյան հիմնախնդիրը իշխանության համար անգործության և նույնիսկ հանցավոր գործունեության արդարացում էր, ապա այժմ դրանով փորձում է արդարանալ ընդդիմությունը:

Նույն Հայ ազգային կոնգրեսում ոչ բոլորն են համակարծիք իրենց առաջնորդի հետ: Օրինակ` «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնությունը, որը համերաշխ է Կոնգրեսի հետ ներքին խնդիրների մասով, դեմ է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման փոխզիջումային տարբերակին: Նախաձեռնության ղեկավարներից մեկը` գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, համարում է, որ ընդդիմությանը ոչինչ չի խանգարում տապալել «հանցագործ վարչակարգը» և սահմանադրական կարգ հաստատել:

Սակայն, ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարում է, որ նման բարդ արտաքին քաղաքական իրավիճակում, որում այժմ հայտնվել է Հայաստանը, մասամբ չլուծված ղարաբաղյան հակամարտության պատճառով, չպետք է դիմել հեղափոխական մեթոդների: Հայաստանում ապակայունացումը կարող է ավելի գայթակղել Ադրբեջանին և Թուրքիային, կարծում է Զուրաբյանը, և նրանք կարող են Ղարաբաղի վրա նոր գրոհ կազմակերպել:

Ոմանք էլ Տեր-Պետրոսյանի մոտեցումները պրագմատիկ են անվանում` մեղադրելով մյուսներին ավելորդ ռոմանտիզմի մեջ: «Ռոմանտիկներն» ասում են, որ 1988 թ. Ղարաբաղյան շարժումը նույնպես պրագմատիզմով չի սկսվել: Եվ այն, որ Ղարաբաղի 140-հազարանոց բնակչությունը դիմակայել է 7-միլիոնանոց Ադրբեջանին, նույնպես պրագմատիկ բացատրություն չունի: Սակայն «պրագմատիկները» շարունակում են պնդել, որ քանի դեռ Ղարաբաղի թեկուզ մի մասը չենք հանձնել, ապա Հայաստանը կմնա լիակատար մեկուսացման մեջ:

Բանավեճերը շարունակվում են:

ԱրմենիաՆաուի էջերում