Վերլուծություն. կփոխանակի՞ արդյոք Ադրբեջանն իր նավթը Ղարաբաղի հետ
Ադրբեջանի ուժն ու թուլությունը նավթի վրա հիմնված տնտեսությունն է: Ադրբեջանն իր պետականությունը կառուցում է նավթի վրա, և նավթի ժամանակակից գները բավական դրական են անդրադառնում հիմնական տնտեսական ցուցանիշների վրա: Այդ առումով Ադրբեջանի ղեկավարությունը հազիվ թե իրավիճակի արմատական փոփոխության գնա, առավել ևս` խիստ անորոշ հեռանկարներով: Ի՞նչ կարող է իրականում կորցնել Ադրբեջանը Ղարաբաղի համար պատերազմ վերսկսելու դեպքում: Նախ` նավթի ոլորտում իր ներդրումային գրավչությունը, այլ կերպ ասած` պետական շինարարության միակ կայուն հիմքը: 1994 թ. սեպտեմբերին Բաքվի «Գյուլիստան» պալատում պայմանագիր կնքվեց, որն ստացավ «Դարի պայմանագիր» անունը: «Դարի պայմանագրում» ներկայացված են 13 ընկերություններ, ի թիվս որոնց` «Բրիթիշ փեթրոլիումը», «ՄակԴերմոտը», «Լուկօյլը», «Թրքիշ փեթրոլիումը» և այլ ընկերություններ աշխարհի 8 երկրներից (ինչպիսիք են Թուրքիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և այլն): Դեռ 1992 թ. աշնանը որպես «Բրիթիշ փեթրոլիումի» ներկայացուցիչ Բաքու այցելեց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը, սակայն «Դարի պայմանագիրը» այդ ժամանակ չէր կարող ստորագրվել հենց պատերազմի պատճառով: Բնական է, որ ոչ մի ներդրումային ընկերություն այդ ժամանակ չէր կարող խոշոր գումարներ ներդնել Ադրբեջանում: Միայն 1994 թ. մայիսին ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումը թույլ տվեց նույն տարվա սեպտեմբերին ստորագրել «Դարի պայմանագիրը»: Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևի խոսքով` «ներկա պահին Ադրբեջանի նավթի և գազի ոլորտներում օտարերկրյա ներդրումների ծավալը գերազանցել է 38 միլիարդը»: Ակնհայտ է, որ նոր պատերազմը զրոյի կհասցնի Ադրբեջանի ներդրումային գրավչությունը, կկործանի երկրի ողջ տնտեսական և նույնիսկ քաղաքական կառույցը, ինչին երբեք չի գնա Իլհամ Ալիևը: Բացի այն, որ նոր պատերազմը կնվազեցնի երկրի ներդրումային գրավչությունը, այն կարող է նաև ավերել գրեթե ողջ խողովակաշարային տրանսպորտը, որը իրավացիորեն համարվում է Ադրբեջանի պետական օրգանիզմի գլխավոր արյունատար անոթը: Բանն այն է, որ Ադրբեջանի ածխաջրածնի գրեթե ողջ փոխադրումն իրականացվում է չորս խողովակաշարերով, որոնցից երեքն անցնում են ռազմաճակատի գծից հաշված կիլոմետրերի վրա, ընդ որում` ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ ՀՀ-ի հյուսիսային սահմաններով: Դա 2006 թ. հուլիսին բացված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն է, 1999 թ.-ից գործող Բաքու-Սուպսա նավթամուղը, ինչպես նաև 2007 թ. պաշտոնապես բացված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը (Հարավկովկասյան խողովակաշար): Մեծ գաղտնիք չի լինի ասել, որ հայկական թնդանոթներն այսօր ուղղված են հենց այդ հաղորդակցությունների վրա, և պատերազմ սկսելու դեպքում նրանց առաջին գործը կլինի Ադրբեջանի համար կենսականորեն կարևոր այդ ենթակառուցվածքի ավերումը: Այսպիսով, այս հանրապետությունը կարող է ոչ միայն կորցնել իր ներդրումային գրավչությունը, այլև զրկվել արտաքին աշխարհ ածխաջրածնային հումք փոխադրելու հիմնական ուղիներից: Նոր պատերազմի հետևանքով Ադրբեջանը կարող է զրկվել նաև Կուր գետի հունի ռազմավարական կարևոր հատվածի վերահսկողությունից, որով անցնում է Բաքու-Թբիլիսի (և այսպես` Թուրքիայի ուղղությամբ) երկաթգծի հատվածը: Այս երկաթգիծն անցնում է խողովակաշարերին զուգահեռ և նույնպես գտնվում է շփման գծից հաշված կիլոմետրերի վրա: Այս հատվածը հնարավոր է վերահսկողության տակ վերցնել մեկ ռազմերթի շնորհիվ, որից հետո տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը սկզբունքորեն կփոխվի: Ահա արդեն քսան տարի շրջափակման մեջ գտնվող Հայաստանը, որը պահպանվում է առաջին հերթին Ադրբեջանի կողմից, լրիվ կարող է համոզել միջազգային հանրությանը նման քայլի հիմնավորվածությունը: Բաքու-Թբիլիսի երկաթուղու հատվածի վրա հայկական վերահսկողությունն ըստ էության կկտրի ներքին Ադրբեջանը ոչ միայն Վրաստանից, այլև Թուրքիայից: Արտաքին աշխարհ դուրս գալու միակ երկաթուղային ուղղությունը կմնա «հյուսիսայինը»` դեպի Ռուսաստան: Ադրբեջանի նախագահը հիանալի գիտակցում է այս բոլոր սպառնալիքների մասշտաբայնությունը և, որ պակաս կարևոր չէ` դրանց իրողությունը: Նա չի դիմի նման ակնհայտ ռիսկերի հանուն մի տարածքի` Լեռնային Ղարաբաղի վրա իր վերահսկողության հաստատման ոչ ակնհայտ հեռանկարի, որը ոչ միայն ոչ մի կերպ կապված չէ բուն Ադրբեջանի հետ, այլև ոչ մի կերպ չի ազդում նրա զարգացման տեմպերի վրա: Ուժերի միակ դասավորությունը, որը կարող է տեսականորեն նպաստել նոր պատերազմի վերսկսմանը, կա´մ Բաքվում Ալիևի կլանի դիրքերի կտրուկ թուլացումն է, որը հղի է անխուսափելի հաշվեհարդարով, կա´մ նավթի գների աղետալի անկումը (մեկ բարելի դիմաց 15 դոլարից պակաս): Ո´չ մեկը և ո´չ էլ մյուսը առայժմ չի նկատվում:
Other Articles in Վերլուծություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.