Իրանի դեմ ընդունված միջազգային պատժամիջոցների, ինչպես նաև Իրանի վրա ռազմական հարվածի հնարավորության մասին նախազգուշացնող բուռն տեղեկատվական քարոզչության լույսի ներքո տարածաշրջանում պատերազմ թույլ չտալը բխում է Հայաստանի ազգային շահերից: Եվ հենց այդ շահին հետևելով է բացատրվում Իրան-Հայաստան հարաբերությունների ակտիվացումը:
Թեև Իրան-Հայաստան տնտեսական նախագծերը առաջ չեն շարժվում, այնպիսիք, ինչպիսիք են երկաթուղու, խոշոր վերամշակող ձեռնարկությունների կառուցման և այլ հավակնոտ ծրագրերը, փոխարենն ավելի զգալի է դառնում քաղաքական համագործակցությունը:
Փորձագետները Իրան-Հայաստան հարաբերությունների ջերմացման նոր ալիքն առաջին հերթին կապում են ղարաբաղյան թեմայի հետ: Հուլիսի 17-ին Ալմաթիում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իրենց գործընկերների հետ, «Մադրիդյան պլանի» ընդունման դեպքում կարող էր հանգեցնել Հարավային Կովկասում դասավորության կտրուկ փոփոխության և օտարերկրյա զորախմբերի հայտնվելուն: Հավանաբար, Իրանն այն ուժն էր, որը կասեցրել է ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների հայտնվելը: Հիշեցնենք, որ Իրանը, որը Ղարաբաղի հետ բավական երկար սահման ունի, հայտարարել էր հակամարտության գոտում ոչ տարածաշրջանային ուժերի տեղակայման անթույլատրելիության մասին:
Վերջերս Իրան այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սեիդ Ջալիլիի ու արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ հանդիպման ընթացքում հատուկ նշվել է, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն միջտարածաշրջանային մեխանիզմի միջոցով:
«Ես հասկանում են, որ Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների լույսի ներքո որոշ սկեպտիկներ թերահավատությամբ կվերաբերվեն իմ այս մոտեցմանը, բայց վստահ եմ, որ տարածաշրջանային լուծումներում չի կարելի և հնարավոր էլ չէ անտեսել Իրանը»,- հունիսի 23-ին Գերմանիայում տեղի ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ «տարածաշրջանի համար խիստ կարևոր է Իրանի` վտանգված լինելու զգացման փարատումը, ընդգծելով, որ առանց դրա չկա լուծում ո՛չ վաղվա խնդիրների, ո՛չ էլ նույնիսկ այսօրվա միջուկային խնդրի համար»:
Մինչդեռ ԱՄՆ-ի և Իրանի միջև առճակատումն ահագնանում է: Փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ գործողությանը հանրությանը պատրաստելու տեղեկատվական քարոզարշավի գործարկումը վկայում է, որ այս իրողությունը յոթ սարի հետևում չէ: Իրանի վրա հարձակման որոշումն արդեն ընդունված է, պատերազմի վտանգը, որը կարող է վերաճել միջուկայինի, դառնում է անխուսափելի, հայտարարել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն «Մտածումներ» շարքի հերթական հոդվածում:
Կհաջողվի՞ արդյոք Արևմուտքին լուծելու Իրանի հետ հիմնախնդիրները դիվանագիտական ճանապարհով, թե՞ գործի կդրվի իրաքյան սցենարը: Ի՞նչ հետևանքներ կունենա պատերազմը տարածաշրջանում արդեն փոփոխված միջազգային պայմաններում: Չէ՞ որ ակնհայտ է, որ Թուրքիան կարող է չաջակցել ՆԱՏՕ-ին Իրանի դեմ ռազմական օպերացիայում, առավել ևս,եթե առաջին հարվածը, ինչպես ենթադրվում է, հասցնի ոչ թե ԱՄՆ-ը, այլ Իսրայելը: Բացի այդ, Թուրքիան արդեն ձեռնամուխ է եղել իսլամական աշխարհի համախմբմանը: Հայաստանը` Իրանի հետ սահմանակցող միակ ոչ մահմեդական երկիրը, ինչպե՞ս պետք է պահի իրեն նման իրավիճակում: Ակնհայտ է, որ Հայաստանի գլխավոր խնդիրը պետք է լինի պատերազմ թույլ չտալը:
Հայաստան են պատրաստվում պաշտոնական այցով ժամանել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: Այցի ժամկետներն առայժմ ճշտված չեն, սակայն հրավերներն արդեն ստացվել են: Օրերս Ահմադինեժադն ընդունել էր պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Քննարկվել են հենց տարածաշրջանային անվտանգության հարցեր: Հայկական կողմը հայտարարել է, որ շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.