Ոչ մի հետին միտք. փոխատենապետի խոսքով` «Լինսի» հիմնադրամը դժգոհություններ չունի

Ոչ մի հետին միտք. փոխատենապետի խոսքով` «Լինսի» հիմնադրամը դժգոհություններ չունի


Սփյուռքահայ հայտնի խմբագիրը հրապարակավ փորձել է հերքել այն ենթադրությունը, թե անցյալ շաբաթ ամերիկահայ միլիարդատեր բարեգործ Քըրք Քըրքորյանը դադարեցրել է Հայաստանին օգնություն տրամադրել այն մտավախությամբ, որ Հայաստանին նվիրաբերած ավելի քան 1 միլիարդ դոլարը արդյունավետ չեն օգտագործվել:


«Լինսի» բարեգործական հիմնադրամի լուծարման և 200 մլն դոլարը Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում (UCLA) ստեղծված «Երազի հիմնադրամին» (Dream Fund) փոխանցելու մասին նորության հրապարակումից հետո «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի խմբագիր Հարութ Սասունյանը հրաժարվել էր մեկնաբանություններ տալ «ԱրմենիաՆաուին»` ասելով. «Ես «Լինսի» խոսնակը չեմ»:

Սակայն այն հոդվածից հետո, որում «Լինսի» հիմնադրամի և տեղական իշխանությունների միջև առկա բարդ հարաբերությունների մասին հարցեր էին շոշափվում, հիմնադրամի ավագ փոխնախագահ (իսկ ներկայումս փոխատենապետ) Սասունյանը պատասխանել է «ԱրմենիաՆաուին», «Առավոտ» օրաթերթին, իսկ շաբաթավերջին հարցազրույց տվել տեղական հեռուստաընկերություններից մեկին` ասելով, որ «Լինսի» հիմնադրամը ոչ տարաձայնություն, ոչ էլ մտավախություններ ունի Հայաստանին իր տրամադրած գումարները տնօրինելու առնչությամբ:

Երբ հարցրել են, թե ինչո՞ւ է հիմնադրամը լուծարվում և, հետևաբար, դադարեցվում Հայաստանին օժանդակությունը, որն ավելի քան մեկ տասնամյակ ուղղված է եղել երկրի սոցիալական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, Սասունյանն անվարան պատասխանել է. «Միայն պրն Քըրքորյանը կարող է պատասխանել այդ հարցին: Ես պրն Քըրքորյանը չեմ և իրավունք չունեմ պատասխանելու նրա փոխարեն»:

Հարցից խուսանաված խմբագիր-խորհրդատուն, սակայն, չհապաղեց «շտկել ոչ ճիշտ տեղեկությունը»` կապված հասարակական լայն հնչեղություն ստացած այն կարծիքի հետ, թե Քըրքորյանը դադարեցրել է Հայաստանին գումարներ տրամադրել, քանի որ դժգոհ է, թե ինչպես են տեղական պաշտոնյաները տնօրինում դրանք:

Ասել, թե «Լինսի» գումարները ոչ նպատակային են օգտագործվել, ինչպես ենթադրում են քաղաքական ընդդիմության անդամները և այլք, «սխալ պնդում է,- ասում է Սասունյանը: - «Լինսի» ոչ մի հատկացումներն էլ ոչ նպատակային չեն օգտագործվել»:

Ապա նա շարունակել է քննադատել` «բացարձակապես սխալ» անվանելով այն հայտարարությունները, թե 2001-2003 թթ. «Լինսի» 170 մլն դոլարի ծրագիրը (որն օգտագործվել է ճանապարհաշինության և հայտնի մշակութային օջախների վերանորոգման համար), շատերի կարծիքով, դարձել է հարուստների տոն, որոնք առիթից օգտվելով «փողեր են լվացել» և լցրել իրենց գրպանները:

Այն ժամանակվա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը ազատվել էր հիմնադրամի հայաստանյան համակարգողի պաշտոնից այն բանից հետո, երբ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ էր անցկացրել: Անդրադառնալով այս խնդրի վերաբերյալ հրապարակումներին` Սասունյանն ասել է, որ Թումանյանն աշխատանքից ազատվել է «իր ստեղծած անկախ քաղաքական կուսակցության պատճառով և «Լինսի» ծրագրերի հետ որևէ կապ չունի»: Նրա աշխատանքից հեռանալն այսպես էր պատճառաբանված նաև պաշտոնական հաղորդագրությունում:

Սասունյանն անդրադարձել է նաև դպրոցի նախկին տնօրեն, ներկայումս «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի այն մեղադրանքներին, թե «Լինսը» գումարներ էր հատկացրել 17 դպրոցների վերանորոգման համար, մինչդեռ փաստացի ընդամենը 10-ն են լիովին վերանորոգվել:

«Սա ճիշտ չէ: Ծրագրով նախատեսված էր ընդամենը 10 դպրոց վերանորոգել, և 10-ն էլ, իհարկե, վերանորոգվել են: Եվս 7 դպրոց երբեք ծրագրված չի եղել վերանորոգել: Ի սկզբանե, Լինսի հիմնադրամի կողմից փոխըմբռնման հուշագրում ավելի շատ թվով դպրոցներ էին նշվել՝ նկատի ունենալով լրացուցիչ դպրոցների վերանորոգման հնարավորությունը, եթե որևէ խնայողություններ առաջանար, կամ եթե Լինսի հիմնադրամը որոշեր ավելացնել ծրագրի ֆինանսավորումը»,- ասել է Սասունյանը:

Սասունյանն ասում է նաև, որ պատգամավորը «լրիվ սխալ է» իր համոզման մեջ, թե կառավարությունը չի իրականացրել իր պարտավորությունը` չլրացնելով դոլար-դրամ տատանումների հետևանքով առաջացած տարբերությունը, այն ժամանակ, երբ դպրոցների վերանորոգման նախագծի համար «Լինսի» հիմնադրամը գումար էր տրամադրել:

«Կառավարությունը, անշուշտ, բավարար գումար է տրամադրել պետբյուջեից դրամ-դոլար տատանման հետևանքով առաջացած ճեղքը ծածկելու համար, որպեսզի ծրագրված 10 դպրոցների վերանորոգման աշխատանքները ավարտին հասցվեին»:

«Լինսի» աշխատանքներին ծանոթ աղբյուրներից «ԱրմենիաՆաուին» տեղեկացրել են, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացրած բարեգործական ծրագրերի ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները տարաձայնություններ են ունեցել տեղական իշխանությունների հետ` կապված ծրագրի աշխատանքների իրականացման հետ, որոնց պատճառով նրանք մի քանի անգամ հանդիպել են այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ` հայտնելով իրենց դժգոհությունը:

Այդպիսի օրինակ է եղել հայտնի այն միջադեպը, երբ ճանապարհներն ու մայթերը երկրորդ անգամ են վերանորոգվել` հավանաբար լրացուցիչ ծախսերով, քանի որ առաջին անգամ աշխատանքները պատշաճ մակարդակով չեն կատարվել:

Մինչ լրատվամիջոցներն ու հասարակությունը մտորում են այն հարցի շուրջ, թե ինչու է 93-ամյա միլիարդատերը իր վերջին հանգանակությունը տրամադրել Հայաստանին, Սասունյանը զգուշացնում է` զերծ մնալ ենթադրություններից:

Անդրադառնալով այն փաստին, որ լուծարումից առաջ` փետրվարի սկզբին, «Լինսը» Միացյալ հայկական հիմնադրամին էր նվիրաբերել 10,5 մլն դոլար, Սասունյանն ասել է. «Ես չեմ տեսնում հիասթափության որևէ նշույլ: Եկե´ք զերծ մնանք չհիմնավորված կամ հասարակ փաստերի հիման վրա արված սխալ, հապճեպ ընդհանրացումներից: Ոչ մի հետին միտք չկա»:

ԱրմենիաՆաուի էջերում