Եվրաինտեգրում. եվրոպական ուղղությունը Հայաստանի համար դառնում է առաջնահերթություն

Եվրաինտեգրում. եվրոպական ուղղությունը Հայաստանի համար դառնում է առաջնահերթություն

Photo: www.gov.am

Տիգրան Սարգսյան և Գունար Վիգանդ Բրյուսելում

Հայաստանն ակտիվացնում է եվրաինտեգրման գործընթացը, և սեպտեմբերի 30-ին Վարշավայում կայանալիք «Արևելյան գործընկերության» երկրների գագաթնաժողովում, կարող է հայտարարվել վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններ սկսելու և այլ կարևոր քայլերի մասին:

«Արևելյան գործընկերությունը» նախատեսում է հետխորհրդային տարածքի վեց պետությունների` Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Հայաստանի քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիության հետ: Ծրագիրը չի նախատեսում Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն, սակայն ենթադրում է վիզային ռեժիմի դյուրացում, գործակցություն էներգետիկայի ոլորտում, ազատ առևտրի գոտիների ներդրում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես կմասնակցի գագաթնաժողովին, իսկ մինչ այդ Բրյուսել էր մեկնել վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ներկայացրել է Հայաստանի` 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած նոր բարեփոխումների օրակարգը: Այդ բարեփոխումների համար Հայաստանը Եվրամիությունից գումար կստանա «Արևելյան գործընկերության» շրջանակներում, և Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ը որոշել է կրկնապատկել Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը: Իր հերթին Հայաստան-Եվրամիություն ԵՄ ասոցացման համաձայնագրի եվրոպական կողմի գլխավոր բանագնաց Գունար Վիգանդը, որը օրերս Երևանում էր, հայտարարել է, որ եթե 5 տարի առաջ Հայաստանը տարեկան ստանում էր 20-25 մլն եվրո, ապա այժմ` ավելի քան 50 մլն:

Գումարներն, իհարկե, այդքան էլ մեծ չեն, ուստի փորձագետները հակված են մտածելու, որ այդ գործընթացին ավելի շուտ կհաջորդեն քաղաքական վերափոխումներ: Եվրոպական ուղղությունը ակնհայտորեն Հայաստանի համար առաջնահերթություն է դառնում, հատկապես, Հայաստանի վրա ազդեցություն ունենալու ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության սաստկացման ֆոնին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Լիբոր Ռուչեկին և հայտարարել, որ Հայաստանը որդեգրել է եվրոպական ընտանիքի արժեհամակարգի վրա հիմնված պետականաշինության ուղին: Եվրամիությունը ոչ միայն կարևոր գործընկեր է արտաքին քաղաքականության և առևտրատնտեսական բնագավառներում, այլ նաև՝ ներքին բարեփոխումների իրականացմանն ուղղված համագործակցության շրջանակներում, ասել է նա: Հայաստանը հաստատակամ է բարեփոխումների ճանապարհը շարունակել ԵՄ-ի աջակցությամբ, փորձի կիրառմամբ և խորհուրդներով: Հատկանշական է, որ 2011 թ. հունվար-հուլիսին 2010 թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Հայաստանի և ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալն աճել է 21,1-ից մինչև 981,5 մլն դոլար: Դա ոչ ավելի, ոչ պակաս Հայաստանի արտաքին առևտրի 34%-ն է:

Հոկտեմբերի 20-21-ը Երևանում կանցկացվի Միջազգային եվրոպական շարժման կոնգրեսը, որին կմասնակցեն ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Սեպտեմբերի 28-ին Սերժ Սարգսյանը կայցելի Ֆրանսիա, իսկ հոկտեմբերի 6-ին հարավկովկասյան շրջագայության շրջանակներում Հայաստան կայցելի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Այս այցելությունները դիտարկվում են որպես Հարավային Կովկասի երկրների նկատմամբ եվրոպական հետաքրքրության և տարածաշրջանը եվրոպական տարածքում ներառելու մտադրության նշան: Եվրոպան պատրաստ է գումար տրամադրելու Հայաստանի ադապտացման և «նախապատրաստել» նրան եվրոպական ազդեցության գոտի մտնելու: Ըստ ամենայնի` Հայաստանը նույնպես ձգտում է դրան:
ԱրմենիաՆաուի էջերում