Х գոտի. Ռուսաստանի նոր նախաձեռնությունн ընդգրկում է առևտրի գոտում նախկին խորհրդային հանրապետություններին

Х գոտի. Ռուսաստանի նոր նախաձեռնությունн ընդգրկում է առևտրի գոտում նախկին խորհրդային հանրապետություններին


Մինչ արևմտյան երկրները հայտարարում էին հետխորհրդային հանրապետությունները, ի թիվս որոնց` Հայաստանն ինտեգրելու մտադրության մասին, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը նոր եռանդով «հարձակման» է անցել` ԱՊՀ երկրներին ստիպելով ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագիր ստորագրել:

Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր ստորագրել են ԱՊՀ ոչ բոլոր երկրները, այլ միայն ութը` Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը: Մինչև տարեվերջ մտածելու ժամանակ ունեն Ադրբեջանը, Ուզբեկստանը, Թուրքմենիան: Պայմանագրում պարունակվում են կետեր, որոնք սահմանափակում են ԱՊՀ երկրների միջև ազատ, առանց մաքսատուրքի մի շարք ապրանքների առևտուրը, մասնավորապես, սահմանափակումներ կան էներգետիկայի և մետաղների արտահանման ոլորտում:

Պայմանագիրը չէին կարողանում ընդունել 17 տարի, և այն, որ «անսպասելիորեն» ստորագրվել է, խոսում է այն մասին, որ կիրառվել են «խթանման կամ ստիպողական միջոցներ»: Ի՞նչ կտա այդ պայմանագիրը Հայաստանին, ինչպե՞ս կարելի էր ստորագրել նման պայմանագիր առանց նախնական հանրային քննարկումների, լսումների, բոլոր դրական և բացասական կողմերը ծանրութեթև անելու` հավանաբար, այն ստորագրած վարչապետ Տիգրան Սարգսյանը ստիպված կլինի պատասխան տալ ԱԺ-ի առաջ:

Իսկ մինչ այդ նա հայտարարել է, որ համաձայնագիրը պատմական նշանակություն ունի և Հայաստանի տնտեսության և տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է բացառիկ հնարավորություն:

Ստորագրման արարողությունից առաջ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ինքը հայտարարել էր, որ իր պաշտոնակիցները հասել են «իրենց համար անսպասելի արդյունքի»: Ավելի վաղ ՌԴ կառավարության ապարատից մի աղբյուր հայտարարել էր, որ ծրագրվում է պայմանագիրը ստորագրման ներկայացնել ԱՊՀ երկրների նախագահների գագաթնաժողովի ժամանակ, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա դեկտեմբերին Մոսկվայում:

ՀՀ ԱԺ-ն ստիպված կլինի պատասխանելու այն հարցին, թե արդյոք մենք ցանկանո՞ւմ ենք ԽՍՀՄ վերածնունդը: Արագացված տեմպերը, որոնցով Պուտինը մոտենում է հետխորհրդային տարածքի երկրների հետ փոխգործակցությանը, միանգամից ստիպում են հիշել այն հավակնոտ խնդրի մասին, որը ինքը` Պուտինը վերջերս շարադրել էր «Իզվեստիա» թերթում հրապարակված հոդվածում` Եվրասիական միություն, որն Արևմուտքում արդեն ԽՍՀՄ-ի վերածննդի փորձ են համարում:

Որոշ վերլուծաբանների կարծիքով` ստորագրվել է կարևորագույն փաստաթուղթ, որը կանխորոշում է Հայաստանի զարգացման վեկտորը և փակում այլ ուղղություններով ինտեգրման գործընթացների ճանապարհը: Այս պայմանագիրը կարող է կրկին զրկել Հայաստանը արևմտյան ներդրումներից, մասնավորապես, նոր ԱԷԿ-ի, Հյուսիս-Հարավ երկաթգծի կառուցման հարցում ֆրանսիական կապիտալից, զրկել այն ներդրումներից, որոնք կարող էին փոխել Հայաստանում բիզնես միջավայրը և ստիպել ղեկավարությանը բարեփոխել հասարակական-տնտեսական կառուցվածքը: Հայաստանը կարող է կորցնել միջազգային հանրությանն ինտեգրվելու հնարավորությունը և դեռ մի տասը տարի էլ մնալ հայկական «արբանյակ» ռուսամետ տարածքում:
ԱրմենիաՆաուի էջերում