Պանթյուրքիզմը` նորովի. Ղազախստանում գագաթնաժողովի ժամանակ Ալիևը նորից խոսել է «թյուրքական մեծ աշխարհի» գաղափարի մասին

Պանթյուրքիզմը` նորովի. Ղազախստանում գագաթնաժողովի ժամանակ Ալիևը նորից խոսել է «թյուրքական մեծ աշխարհի» գաղափարի մասին

Photo: www.president.kz

Անցյալ շաբաթ Ղազախստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի առաջին գագաթնաժողովը: Թուրքական համերաշխության այս նոր ինստիտուտի ստեղծման որոշումը կայացվել էր դեռ երկու տարի առաջ Նախիջևանում կայացած թյուրքալեզու պետությունների ղեկավարների 9-րդ գագաթնաժողովի ընթացքում:

Դա ուշագրավ գագաթնաժողով էր, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի նախագահների և այլ թյուրքալեզու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ հայտարարել է. «Նախիջևանը հին ադրբեջանական հող է: Այն Թուրքիայի հետ Ադրբեջանի միակ սահմանակից շրջանն է: Ժամանակին Ադրբեջանից պատմական, բնիկ հողի` Զանգեզուրի անջատումը երկրից և Հայաստանին միացնելը աշխարհագրորեն մասնատել է թյուրքական մեծ աշխարհը»:

Այս հայտարարությունը Հայաստանում գնահատվել է որպես հեռահար սպառնալիք և պանթյուրքիզմի դրսևորում, միայն թե նոր քաղաքական պայմաններում:

Եվ ահա Ալմաթիում արդեն կայացել է թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի առաջին գագաթնաժողովը: Դրան մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահը, որը հայտարարել է. «Թյուրքական աշխարհը մեծ աշխարհ է: Մենք պետք է այնպես անենք, որ թյուրքական աշխարհն էլ ավելի համախմբվի: Դրա բոլոր հնարավորությունները կան: Առաջին հերթին կա ուժեղ քաղաքական կամք»:

Թվում է` մտահոգիչ ոչինչ չկա: Սակայն բուն «թյուրքական աշխարհ» հասկացության հայկական ընկալման ռակուրսն անվերապահորեն այս բառակապակցությունը զուգորդում է «Մեծ Թուրանի» (Թուրանը պարսկերեն բառ է, որը նշանակում է Կենտրոնական Ասիա) գաղափարի հետ, որի զոհն էլ դարձավ հայ ժողովուրդը: Անցյալ դարի առաջին կեսին երկու բացարձակապես անվնաս գիտական հասկացությունները («թյուրքական» և «արիական») համապատասխանաբար կիրառվեցին պանթյուրքիստների և նացիստների կողմից, ինչը վկայում է, որ այս եզրերի ժամանակակից կիրառությունը օբյեկտիվորեն չի կարող չարագույժ չհնչել:

Գագաթնաժողովում Ալիևը նաև նշել է. «Ադրբեջանի առջև ծառացած հիմնական խնդիրը հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հարցն է: Սա ամենամեծ սպառնալիքի աղբյուրը և անարդարությունն է ոչ միայն մեզ, այլև ողջ տարածաշրջանի համար: Հայաստանն ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն է կիրառել: Այդ քաղաքականության հետևանքով մոտ 1 մլն ադրբեջանցի փախստականի և տեղահանվածի վիճակում է հայտնվել հայրենի հողի վրա, մեր հողերի 20 տոկոսը բռնազավթված է»:

Ակնհայտ է, որ նման ելույթները չեն դիտարկվում նման գագաթնաժողովների կազմակերպիչների հնչեցրած համատեքստում` «ձգտել եղբայրական հանրապետությունների հետ ամրապնդել միայն տնտեսական և մշակութային կապերը»: Ճիշտ հակառակը, այս ամենը խիստ համահունչ է պատմական համատեքստին:

Դեռևս 1933-ին` Մոսկվայի և Անկարայի միջև խիստ սառը հարաբերությունների շրջանում, Թուրքիայի ղեկավար Մուստաֆա Քեմալը հայտարարել է. «Մի օր Ռուսաստանը կկորցնի վերահսկողությունն այն ժողովուրդների վրա, որոնց այսօր ամուր պահում է իր ձեռքում: Աշխարհը նոր մակարդակի վրա դուրս կգա: Հենց այդ պահին Թուրքիան պետք է իմանա իր անելիքը: Ռուսաստանի իշխանության տակ են մեր արյունակից, հավատակից ու նույնալեզու եղբայրները: Մենք պետք է պատրաստ լինենք սատարելու նրանց: Մեր ընդհանուր լեզուն մեր կամուրջն է, մեր ընդհանուր հավատը մեր կամուրջն է, մեր ընդհանուր պատմությունը մեր կամուրջն է: Մենք պետք է հիշենք մեր արմատների մասին: Չպետք է սպասենք, թե երբ նրանք կձգվեն դեպի մեզ, մենք ինքներս պետք է նրանց մոտենանք: Մի գեղեցիկ օր Ռուսաստանը կընկնի»:

Հանրապետական Թուրքիայի հիմնադրի նշած հենց այս «արևելյան վեկտորն» է հետագա տասնամյակների ընթացքում մնացել այս երկրի քաղաքական վերնախավի կարևորագույն ուղենիշը:

Հայտնի նախիջևանյան գագաթնաժողովի ընթացքում ուշագրավ էր Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի ելույթը. «Նախիջևանը հարազատ և թանկ է թե´ Ադրբեջանի և թե´ Թուրքիայի համար: Ադրբեջանի և Թուրքիայի միջև սահմանը Նախիջևանի շրջանում ֆիզիկապես փոքր է, սակայն 10-12 կմ ձգվող սահմանի նշանակությունը քաղաքական իմաստով չափազանց մեծ է: Մեր այս սահմանը շատ խորհրդանշական անցում է, որը աշխարհագրորեն միացնում է Թուրքիան թյուրքական հանրապետությունների հետ»:

Եթե «արիացի» եզրի ներկայիս կիրառումը գտնվում է «միջազգային խիստ» վերահսկողության տակ (և փաստորեն հնարավոր չէ հնչեցնել միջազգային բարձր ամբիոններից), ապա «թյուրք» հասկացության դեպքում իրավիճակն այլ է: Հայտնի չափով, դա հետևանք է այն բանի, թե ով, ինչպես և երբ է քննադատել նացիստների և պանթյուրքիստների հանցագործությունները:

Հայոց ցեղասպանության հանցագործության հենց «համընդհանուր» միջազգային դատապարտման բացակայությունն է թույլ է տվել «թյուրք» հասկացությունը «վերադարձնել» գիտական էթնոլեզվաբանական հարթություն, ինչով և պայմանավորված է միջազգային հանրության ներկայիս անտարբերությունը չարագույժ եզրի կիրառության նկատմամբ:
ԱրմենիաՆաուի էջերում