Աջակցություն` բարեփոխումների դիմաց. Հայաստանն ու ԵՄ-ը քննարկում են համագործակցության ոլորտները
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խորհրդաժողովում ելույթ ունենալիս նշել է, որ եվրոպական եվրոպական ուղղությունը եղել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկը: Նա հիշեցրել է նախագահի խոսքերն այն մասին, որ թեև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա Եվրամիությանը լիարժեքորեն անդամակցելու հարց, բայց խաղի եվրոպական կանոնները, եվրոպական չափանիշները պետք է առավելագույնս տեղայնացվեն ու ներդրվեն մեր երկրում: Ընդհանուր առմամբ խորհրդաժողովում խոսվել է այն մասին, որ Եվրոպան այսուհետ էլ կաջակցի Հայաստանում բարեփոխումներին: Ընդ որում, Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերն ընդգծել է երկրում դրական տեղաշարժերը: «Հայաստանը առաջիկայում հնարավորություն կունենա առանձնանալ երկրի խորհրդարանական և նախագահական ընտրական գործընթացներում: Դրանք լավ ցուցանիշ կդառնան Հայաստանում առաջընթացը երևան հանելու հարցում»,- նշել է ԵՄ դեսպանը: Նա միևնույն ժամանակ ընդգծել է Հայաստանին ԵՄ ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական աջակցության կարևորությունը: ԱԳ նախարար Նալբանդյանը նշել է, որ Արևելյան գործընկերության շրջանակներում եվրոպական կառույցները Հայաստանի բարեփոխումներին տեխնիկական և ֆինանսական օգնություն են ցուցաբերում: Նա ողջունել է Եվրոպայի առաջ քաշած «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումների դիմաց» սկզբունքը: Նալբանդյանն ընդգծել է, որ մշակվում է Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի տեքստը, որի կարևոր մաս են կազմելու խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթները: Այս կապակցությամբ Գերմանիայի դեսպան Հանս Յոհան-Շմիդտն ընդգծել է հայ-թուրքական սահմանի բացման կարևորությունը` որպես ազատ առևտրի համատեքստում առևտրի զարգացման խթան: Նա ասել է, որ տնտեսական ինտեգրումը նոր զարգացումներ կբերի, որոնցից չպետք է վախենալ: Նշենք, որ հոկտեմբերին Հայաստանը համաձայնագիր է ստորագրել ԱՊՀ ազատ առևտրի գոտի մտնելու մասին: Հայաստանի եվրոպացի գործընկերները չեն փորձել վիճարկել այդ իրավունքը` միայն նշելով, որ դա չի խանգարի Հայաստանին ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի մտնելուն, քանի որ առևտուրն իրականացվելու է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններով: Մինչ այդ, հայտնի է դարձել, որ Եվրամիությունը Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում նաև` Հայաստանին 2012-2013 թվականների համար տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրով 70 մլն եվրո է հատկացրել (շուրջ 95,3 մլն դոլար): Շուտով կմեկնարկի նաև Գյուղատնտեսական և գյուղական վայրերի զարգացման եվրոպական հարևանության ծրագիրը: ԵՄ ընդլայնման հարցով հանձնակատար Ստեֆան Ֆյուլն ասել է, որ այս ոլորտում 2007-2013 թթ. ֆինանսավորման ծրագիրը կազմում է 400 մլն եվրո (շուրջ 545 մլն դոլար): Իսկ Եվրոպայում իրավիճակը կրիտիկականին մոտ է: Հրաժարական են ներկայացրել Հունաստանի և Իտալիայի վարչապետները: Իսկ Ֆրանսիան և Գերմանիան խորհրդակցություններ են սկսել եվրագոտու վերակազմավորման հարցով: Արտարժույթի դաշինքից կարող է դուրս գալ ոչ միայն Հունաստանը, այլև կոշտ բյուջետային կարգապահության չափանիշներին չհամապատասխանող բոլոր երկրները: Եվրոյի փլուզումը սպառնում է ոչ միայն եվրոպական երկրներին, այլև Արևելյան գործընկերության ծրագրի շահառուներին: Սակայն Եվրոպան, չնայած դժվարություններին, չի հրաժարվում աջակցել Հարևանության քաղաքականությանը:
Other Articles in Վերլուծություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.