«Ինքնաքննադատող» իշխանություն. նոր մարտավարությունը և «զոհի իմիջը» արդյոք հաջողություն կապահովե՞ն իշխող կուսակցությանը

«Ինքնաքննադատող» իշխանություն. նոր մարտավարությունը և «զոհի իմիջը» արդյոք հաջողություն կապահովե՞ն իշխող կուսակցությանը

Photo: www.gov.am

Հայաստանի անցումը նախընտրական ռեժիմ ակտիվացնում է իշխող Հանրապետական կուսակցությունը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը, ամենայն հավանականությամբ, կուսակցական ցուցակում կլինի երկրորդը Սերժ Սարգսյանից հետո:


Տիգրան Սարգսյանն ընտրել է, թվում է թե, տանուլ չտվող մարտավարություն` լինելով գործող վարչապետ, նա անխնա քննադատում է Հայաստանում իրավիճակը և հայտարարում, որ Հանրապետական կուսակցությունը, ընդունելով բոլոր թերությունները, մտադիր է վերացնել դրանք, եթե իրեն ընտրեն:

Փորձագետները նշում են, որ այդպիսով վարչապետը կարծես զրկում է ընդդիմախոսներին քննադատելու հնարավորությունից, որովհետև դժվար է քննադատել նրան, ով ընդունում է իր մեղքը:

Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի նիստում վարչապետը հայտարարել է, օրինակ` որ ներկայիս Հայաստանում նկատվում է հռչակված արժեքների և իրականության միջև անջրպետ: Նա հույս է հայտնել, որ ժողովրդավարական բարեփոխումները կկարողանան ծածկել անջրպետը` նշելով, որ Հայաստանը պետք է արագացնի բարեփոխումների և ինստիտուցիոնալ վերափոխման իրականացումը: «Տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել աղքատության ավելացման, արտաքին պետական պարտքի աճի և բարձր սղաճի վրա»,- ընդգծել է վարչապետը:

Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադևոսյանը կարծում է, որ Բրյուսելում արած հայտարարություններից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է անմիջապես հրաժարական տար:

«Եթե բարձրաստիճան պաշտոնյան «խոստովանում» է, որ իր կողմից ղեկավարվող ոլորտում կան աղաղակող ապօրինություններ, ձախողումներ, ուրեմն ինքը իրավիճակին չի տիրապետում»,- ասել է Զոյա Թադևոսյանը: Նա նշել է, որ վարչապետը պարզապես հայտարարել է այն, ինչի մասին մյուսներն արդեն վաղուց են խոսում, որպեսզի ինքնախոստովանության ճանապարհով հանդես գա զոհի դերում»:

Վերջին շրջանում Սարգսյանը հաճախ է զեկուցում այն մասին, թե ինչ է արվել մի քանի տարիների ընթացքում: Նա խոսում է, որ ստեղծվել է օմբուդսմանի ուժեղ ինստիտուտ, ներդրվել են էլեկտրոնային կառավարում, հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ և ձեռնարկությունների գրանցման ամենապարզ համակարգ: Իրականացվում են բարեփոխումներ արդարադատության, կրթության, հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում, անցկացվում, կառուցվում է նոր կենսաթոշակային համակարգ: Բացի այդ, Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակվում է արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման ծրագիր:

Ընդ որում, Սարգսյանը չի անդրադարձել ամենացավոտ հարցերին, որոնք մատնացույց է անում հասարակությունը, մասնավորապես` տնտեսության խոր օլիգարխացումը:

Համաշխարհային բանկի հաշվարկներով` Հայաստանում հնարավոր է հավաքել 240 մլրդ դրամով ավելի հարկեր, քան այժմ: 2012 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է հարկային բեռի ավելացում ընդամենը 101 մլրդ դրամով: Սա նշանակում է, որ կառավարությունը փորձում է դուրս բերել տնտեսությունը ստվերից աստիճանաբար, առանց «շոկային թերապիայի», «չնեղացնելով ստվերային գործարարներին»: «Ստվերի» մեծ մասը, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հաշվարկներով, կենտրոնացված է լեռնահանքային արդյունաբերության մեջ, սակայն ընդերքի մասին նոր օրենքը, մասնագետների խոսքով, չի նախատեսում էկոլոգիական հարկերի բարձրացում:

Տիգրան Սարգսյանը չի խոսում այն մասին, որ արդեն երկար տարիներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը առաջնայնություն է հայտարարված, իսկ արտահանման ոլորտում նրա տեսակարար կշիռը չի բարձրանում: Ընդհակառակը, լավ ծրագրավորողները պարզապես հեռանում են երկրից, քանի որ Հայաստանում հավասար մրցակցության պայմաններ չկան:

Կառավարությունն ասում է, որ վերջին տարիներին երկրում ինտերնետի օգտագործումը մի քանի անգամ ավելացել է, որ ներդվել է էլեկտրոնային կառավարում և նման բաներ: Սակայն դա ավելի շուտ ոչ թե կառավարության վաստակն է, այլ ժամանակի` 2011 թ. Հայաստանում չի կարող չաճել ինտերնետից օգտվողների թիվը:

Կուլ կտա՞ արդյոք հասարակությունը ձայներ ստանալու համար իշխանության «ինքնաքննադատող» նախընտրական մարտավարության խայծը, թե՞ նա կրկին կեղծիքի կդիմի:

ԱրմենիաՆաուի էջերում