Կին գործարար Սիլվա Համբարձումյանի գործը կարող է լինգ դառնալ, որը կխարխլի Հայաստանի ներկայիս օլիգարխիկ համակարգը, մասնավորապես` հանքարդյունաբերության ոլորտը:
Սիլվա Համբարձումյանը, որի մասին Հայաստանում քչերն են լսել, խոշոր գործի տեր է թե´ հանքարդյունաբերության ոլորտում և թե´ ներմուծման ու հացաթխման գործում: Նա միակ խոշոր գործարարն է դարձել, որը փորձում է լուծել իր բիզնես-խնդիրները` որպես հզոր զենք օգտագործելով հրապարակայնությունը: Մինչ օրս նման խնդիրները լուծվում էին հետնաբեմում:
Նոյեմբերի 10-ին Սիլվա Համբարձումյանը մամուլի ասուլիս էր հրավիրել և մի շարք սենսացիոն հայտարարություններ արել: Նա մեղադրել է Սյունիքի մարզպետին, որ նա բռնի կերպով խլել է իրենից հանքավայրը և գողացել թանկարժեք սարքավորումը, շաքարավազի ներմուծման մոնոպոլիստ, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին մեղադրել է, որ նա գերշահույթ է ստանում` կրկնակի բարձրացնելով շաքարավազի գինը, ինչպես նաև հայտարարել է, որ Հայաստանում հացը կարելի է վաճառել երկու անգամ էժան:
Սրանից հետո, արդեն նոյեմբերի 13-ին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, տեսնելով Սիլվա Համբարձումյանին «Մարիոթ» հյուրանոցի նախասրահում, բռունցքներով հարձակվել է նրա վրա, ինչը հետո հերքել է:
Սիլվա Համբարձումյանն այս անգամ էլ որոշել է դիմել հանրային պաշտպանությանը և հայտարարել է կատարվածի մասին: Մինչ օրս նման «ռազբորկաները» համընդհանուր քննարկման չեն դրվել և լուծվել են «իրար մեջ»:
Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ` կին գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծելու մեղադրանքով: Իսկ դատախազությունը քննություն է անցկացնում թանկարժեք սարքավորումը գողանալու նրա հաղորդման հիման վրա:
Համբարձումյանը, ըստ էության, մեղադրել է կառավարությանը բիզնեսի համար հավասար պայմանների բացակայության մեջ, բիզնեսով զբաղվող պաշտոնյաներին հովանավորելու, ինչպես նաև գների կամայականության և անպատժելիության խրախուսման մեջ:
Նա պատմել է, թե ինչպես է գնել ոսկու հանքերը: Մեղրու շրջանի Լիճքվազ-Թեյի և Տերտերասարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան տրվել է 1999 թ. «Սիփան-1» ընկերությանը:
2005 թ. ավստրալիական մի ընկերություն գնել է «Սիփան-1» ՍՊԸ-ն: Ավելի ուշ, մեկ այլ ավստրալիական ընկերություն գնել է այս ընկերության բաժնետոմսերի 86,21% -ը: 2008 թ. սեպտեմբերին այդ ավստրալիական ընկերությունը որոշել է այլևս հավելյալ միջոցներ չներդնել Հայաստանում: Ավստրալիացիները հայտարարեցին սպասվածից ցածր ոսկու պաշարների մասին: Որոշ ժամանակ անց «Սիփան-1»-ը ձեռք է բերել Սիլվա Համբարձումյանը:
«Ավստրալիացիները փախան, քանի որ նրանց շատ էր վախեցրել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որը նրանց հայտարարել էր. պետք է թողնեք ու գնաք, քանի որ այդ հանքավայրը ինձ պետք է իմը լինի: Եվ նրանք, վախենալով, ամեն ինչ վաճառեցին»,- պատմում է գործարար կինը` հավելելով, որ Սյունիքի մարզպետը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրից գողացել է 102 մլն դրամ (մոտ 268.000 դոլար) արժողությամբ սարքավորում, որը ներկայումս գտնվում է Խաչատրյանին պատկանող Գեղվաձորի հանքավայրում:
Համբարձումյանը նշում է, որ չնայած իր դեմ կիրառվող ապօրինությանը, կշարունակի ներդրումներ կատարել ոչ միայն հանքարդյունաբերության, այլև սննդի ոլորտում: Մինչև դեկտեմբերի 20-ը Երևանի Ավան թաղամասում կսկսի գործել հսկայական հացի գործարանը, որից հետո գործարար կինը մտադիր է 30 տոկոսով նվազեցնել հացի գները:
Այժմ հանրությունը հետաքրքրությամբ սպասում է, թե ինչպես կընթանան Սուրիկ Խաչատրյանի դեմ քննչական գործողությունները:
Readers' comments
-John Aidiniantz, US
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.