Երեքշաբթի-չորեքշաբթի Ղազախստանում կսկսվի Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցով աշխատանքային խմբի նիստը, որին Հայաստանը ներկայացված չէ, սակայն հարցը մեծ նշանակություն ունի նաև Հայաստանի համար:
Կասպյան ջրավազանի իրավական կարգավիճակի հարցը կարևոր է նաև Հայաստանի համար, քանի որ դրանից են կախված Ադրբեջանի նավթի ու գազի պաշարների ծավալները:
Հեյդար Ալիևի ընդունած «Նավթի ռազմավարության» համաձայն` Ադրբեջան պետության զարգացումը կապվում է հենց վառելիքային արդյունաբերության զարգացման հետ, և դեռ 90-ականներին այդ հանրապետության իշխանությունները խոստացել էին իրենց երկիրը վերածել «21-րդ դարի Քուվեյթի»:
Բաքվի իշխանությունները հայտարարում են այն մասին, որ հանրապետության նավթի ոլորտը կապահովի ռազմական բյուջեն այնպիսի ֆինանսական հոսքերով, որ ղարաբաղյան խնդիրը կարող է լուծվել ռազմական ճանապարհով:
Նիստի (որին մասնակցում են հյուրընկալող կողմը, Թուրքմենստանը, Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը) նախաշեմին Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է. «Կասպից ծովի իրավական կարգավիճակը բավական բարդ է` հաշվի առնելով, որ այն մեր պետության պատմության ողջ ընթացքում կարգավորվել է միայն խորհրդա-իրանական պայմանագրերով»:
Նախքան ԽՍՀՄ փլուզումը Կասպից ծովը «պարփակ խորհրդա-իրանական ջրավազան» էր, և նրա բոլոր նավթի ու գազի հանքավայրերն օգտագործվում էին դեռ անցյալ դարի առաջին կեսին Մոսկվայի և Թեհրանի միջև ստորագրված երկկողմ պայմանավորվածությունների համաձայն: 90-ականների սկզբին ԽՍՀՄ փլուզումը ափագծի երկայնքով նոր պետությունների առաջացմանը հանգեցրեց, և այժմ, բացի Մոսկվայից ու Թեհրանից, հանքավայրերի և ընդհանուր առմամբ ջրային տարածքի նկատմամբ իրենց իրավունքը վիճարկում են նաև Աստանան, Աշգաբադը և Բաքուն:
Վեճի գլխավոր առարկան Կասպից ծովի քաղաքական կարգավիճակն է: Բանն այն է, որ քաղաքական առաջնայնություններից ելնելով որոշ աշխարհագրական ճշմարտություններ արմատապես վերանայվում են: Օրինակ` աշխարհագրական տեսանկյունից Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը գտնվում են Ասիայում, սակայն քաղաքական առումով Եվրոպայի մաս են կազմում և մտնում են Եվրախորհրդի կազմի մեջ:
Ճիշտ նույն կերպ էլ Կասպից ջրավազանը դասական աշխարհագրության տեսանկյունից լիճ է (քանի որ ուղիղ կապ չունի Համաշխարհային օվկիանոսի հետ), սակայն նրա քաղաքական կարգավիճակը դեռևս շատ վիճաբանություններ է առաջացնում հինգ մերձափնյա պետությունների միջև:
Վեճի էությունն այն է, որ եթե ջրավազանը «լիճ» ճանաչվի, ապա նրա վրա չեն տարածվի Ծովի միջազգային իրավունքի այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «բացառապես տնտեսական գոտի», «մայրցամաքային ծանծաղուտ» և այլն:
Կասպից ծովում մշակվում են նավթի ու գազի բազմաթիվ հանքավայրեր: Հաստատված է, որ Կասպից ծովում կա շուրջ 10 մլրդ տոննա նավթ, նավթի և խտացված գազի ընդհանուր պաշարները գնահատվում են 18-20 մլրդ տոննա: Այս հարստության համար էլ կողմերի միջև պայքար է ընթանում: Կասպյան հատվածների հարցը թեժ վիճաբանություններ է առաջ բերում:
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ասում է. «Մենք տարաձայնություններ ունենք Թուրքմենստանի հետ: Դա «Կյապազ» հանքավայրն է: Այն մոտ է Թուրքմենստանի սահմանին, սակայն Ադրբեջանը սահմանը հաշվում է ոչ թե ծովափնյա հատվածից, այլ կղզիներից, որոնք ավելի հեռու են գտնվում: Այս հարցում տարաձայնություններ կան»:
Տարաձայնություններ կան նաև Ադրբեջանի և Իրանի միջև: Ալիզադեն այդ առնչությամբ ընդգծում է. «Իրանը կարծում է, որ Կասպից ծովի բաժանումը պետք է ընթանա ոչ թե Թուրքմենստանի հետ սահմանագծի կետով, այլ հատվածային բաժանումով: Այդ դեպքում Իրանի հատվածը կավելանա 13-20%-ով: Այսպիսով, Իրանի հատվածը զգալիորեն կմխրճվի այն հատված, որը համարվում էր ադրբեջանական: Ադրբեջանը դրան համաձայն չէ»:
Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն Ղազախստանի, Թուրքմենստանի, Ռուսաստանի ու Իրանի, որոնք վառելիքային հանքավայրերի իրոք մեծ պաշարներ ունեն, Ադրբեջանում մերձափնյա հատվածի հիմնական պաշարներն օգտագործված են և նույնիսկ գրեթե սպառված դեռևս խորհրդային շրջանում:
Թեև դեռևս տասը տարի առաջ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության նախագահ Նաթիկ Ալիևը Կասպից ծովի ադրբեջանական հատվածի նավթի պաշարները պաշտոնապես գնահատել էր 4-10 մլրդ տոննա, սակայն հետագայում անկախ փորձագետներն ընդգծել են, որ այնտեղ նավթի իրական պաշարները տասն անգամ քիչ են: Բացի այդ, առանց ջրավազանի կարգավիճակի հարցը պարզելու, հասկանալի չէ, թե ի՞նչն է կոչվում «Կասպից ծովի ադրբեջանական հատված»:
Բանակցությունների նախաշեմին ադրբեջանական «Էխո» թերթը գրել է. «Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում Ռուսաստանը Ադրբեջանի կողմը չի անցել, այլ միայն կարգավորել է իր հարցերը Ղազախստանի ու Ադրբեջանի հետ: Իրանի ու Ադրբեջանի հետ նա շփման գիծ չունի, և այսպիսով Ադրբեջանն այժմ միայնակ է դիմակայում Իրանի դիրքորոշմանը»:
Փորձագետների գնահատականներով` այն դեպքում, եթե Ադրբեջանին չհաջողվի պաշտպանել իր շահերը Կասպից ծովի կարգավիճակի հարցում, ապա արդեն մի քանի տարի անց նա ամբողջովին կսպառի իր վառելիքային պաշարները, և արդեն հիմքեր չեն լինի խոսելու Հայաստանի նկատմամբ այդ հանրապետության տնտեսական գերազանցության մասին:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.