Սառը հոսանք Հյուսիսում. «նոր սառը պատերազմը» կարող է հետևանքներ ունենալ Հայաստանի համար

Սառը հոսանք Հյուսիսում. «նոր սառը պատերազմը» կարող է հետևանքներ ունենալ Հայաստանի համար

Photo: www.kremlin.ru

«Նոր սառը պատերազմ»` Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հակասությունների խորացման հետ կապված վերջին դեպքերի լույսի ներքո հենց այս բառակապակցությունն է այսօր դարձել ամենատարածվածներից մեկը` փորձելով բնորոշել ստեղծված իրավիճակը:

Նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` կապված այն իրավիճակի հետ, որը ստեղծվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրների հակահրթիռային պաշտպանության համակարգի շուրջ:

Նշելով, որ «ԱՄՆ-ը, իսկ նրա հետ մեկտեղ նաև ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները լուրջ պատրաստակամություն հանդես չեն բերել»` Ռուսաստանի հետ համագործակցելու հակահրթիռային պաշտպանության համատեղ, այլ ոչ թե հատվածային համակարգ ստեղծելու նպատակով, նա ի պատասխան 5 կետից բաղկացած որոշում է առաջ քաշել: Դրանց թվում են Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի օբյեկտների պաշտպանությունը, Լեհաստանի հետ սահմանակից Կալինինգրադ քաղաքի ռադիոլոկացիոն կայանի մարտական կազմության մեջ հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգ ներառելը և այլն:

Մեդվեդևը 5-րդ կետում նշել է, որ եթե թվարկված միջոցառումները բավարար չլինեն, ապա Ռուսաստանը երկրի արևմուտքում և հարավում կտեղակայի ժամանակակից սպառազինության հարվածային համակարգեր, որոնք կապահովեն հակահրթիռային պաշտպանության համակարգի եվրոպական բաղադրիչի կրակային խոցումը: Առաջին նման քայլը կդառնա «Իսկանդեր» հրթիռային համակարգի ծավալումը Կալինինգրադի շրջանում:

«Սառը» պատերազմ արտահայտությունը շրջանառության մեջ է դրել Ուինսթոն Չերչիլը 1946 թ. ամերիկյան Ֆուլտոն քաղաքում ունեցած իր նշանավոր խոսքում:

Չերչիլը կոչ է արել տապալել կոմունիստական վարչակարգերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում և օգտագործել է մի շարք նոր ձևակերպումներ (ինչպես, օրինակ` «երկաթե վարագույր»), որոնք ավելի ուշ իրենց կայուն տեղը զբաղեցրին քաղաքագիտական և քաղաքական բառապաշարում:

Ենթադրվում է, որ «երկաթե վարագույրի» ընկնելով և կոմունիստական վարչակարգի տապալումով, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումով «սառը» պատերազմն ավարտվեց: Սակայն ՌԴ նախագահի հայտարարությունից հետո շատերը կրկին հիշեցին դրա մասին:

Սակայն Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ներկայիս առճակատումը միանշանակ «սառը» պատերազմ չես անվանի: «Սառը» պատերազմն ամեն դեպքում համաշխարհային դիմակայություն է, երբ, օրինակ` ի պատասխան խորհրդային սահմանին (60-ականների սկզբին ամերիկացիները 15 բալիստիկ հրթիռներ տեղադրեցին Թուրքիայում) ամերիկյան հրթիռներ տեղակայելուն` Խորհրդային Միությունը տեղակայեց իր բալիստիկ հրթիռները ոչ թե Կալինինգրադի շրջանում, այլ անմիջապես Կուբայում:

Այսօր դա չկա, և միակ բանը, որ այդ իմաստով ասել է ՌԴ նախագահը` Ռուսաստանի արևմուտքում և հարավում ժամանակակից հարվածող սպառազինությունների համակարգերի տեղակայումն է:
Սակայն, եթե Ռուսաստանի արևմուտքում խոսքը Կալինինգրադի շրջանի մասին է, ապա հարավային սահմանների վերաբերյալ ստույգ ոչինչ չի ասվել:

Հարցն այն է, որ հարավում հրթիռային հարձակման նախազգուշացման ռուսական համակարգի գլխավոր բաղադրիչը Գաբալայի կայանն է: Կայանի աշխատանքի արդյունավետ շառավիղը շուրջ 8000 կմ է: Սա բավական է` Հնդկական օվկիանոսի ջրային տարածքից արձակված հրթիռները հայտնաբերելու համար, իսկ Գաբալայի կայանի տեսադաշտում են Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Հնդկաստանի և Մերձավոր Արևելքի բոլոր պետությունների տարածքները:

Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը Ադրբեջանում է, և Ռուսաստանը տասը տարի ժամկետով (մինչև 2012 թ.) վարձակալման պայմաններով տարեկան վճարում է 7 մլն դոլար` վարձակալման պայմանագրի երկարաձգման իրավունքով:

Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունից մեկ օր առաջ անցկացվեցին ռուս-ադրբեջանական բանակցություններ` կայանի վարձակալության ժամկետների երկարաձգման մասին, ընդ որում` Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի խոսքով` «Ռուսաստանի այսօրվա վճարները`տարեկան 7 մլն վարձավճար Գաբալայի ՌԼԿ-ի համար, անհամարժեք են»: Հնարավոր է, որ Ռուսաստանին կառաջարկվի կրկնապատկել վարձավճարը:

Մեդվեդևի հայտարարության հաջորդ օրը հայտարարությամբ է հանդես եկել արդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան. «Գաբալայի ՌԼԿ-ն օգտագործվում է` Ռուսաստանի շահերից ելնելով: Եթե անհրաժեշտ լինի հետագայում էլ օգտագործել այս սեգմենտը ռուսական ՀՀՊ համակարգում, ապա Ռուսաստանը կդնի պայմանագրի երկարաձգման հարցը»:

Տեսականորեն չպետք է բացառել նաև Հայաստանի տարածքում, որտեղ տեղակայված է ՌԴ 102-րդ ռազմակայանը, ընդ որում` մինչև 2044 թ., նոր համակարգ տեղադրելու Ռուսաստանի առաջարկության հեռանկարը:
ԱրմենիաՆաուի էջերում