Հերոսացնող դատավճիռ. Հայաստանի դատարանը օրինականացրել է Փաշինյանի պայքարը
Եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմը ցանկանար լռեցնել Փաշինյանին, ինչպես պիտի որ ցույց տար երեքշաբթի կայացված դատավճիռը, ապա այն պետք է պարզապես Փաշինյանին ազատ արձակած լիներ դեռ անցյալ հուլիսին, երբ նա հանձնվեց իշխանություններին` ավելի քան մեկ տարի փախուստի մեջ գտնվելուց և թաքնվելուց հետո. նրան ներկայացվել է զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանք, ինչի համար Փաշինյանն այժմ դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման: Անկասկած, Փաշինյանին արհամարհելն ավելի դաժան պատիժ կլիներ: Փոխարենը` պետությունն այնպիսի ուշադրության արժանացրեց Փաշինյանին` հետապնդելով, ձերբակալելով և այնպիսի կարգավիճակ շնորհելով, որ հազվադեպ են ունենում պնակալեզները, որոնց իշխանության պատմուճանը ոչ թե փոխանցվում է, այլ հանկարծակի ընկնում նրանց վրա: Դատավճռով թագադրելով և պետության թշնամի կարգելով` խղճուկ քարոզչի թուրն ավելի հատու դարձավ, քան կարող էր լինել ընդամենը արմատական ընդդիմադիր պարբերականի խմբագրինը: Փաշինյանը կբողոքարկի դատավճիռը` պահպանելով իր ազդեցությունը: Նրա հայցը կմերժվի` ամրապնդելով հալածանքների ենթարկվելու իր պնդումները: Փաշինյանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ձգձգելով այս անիմաստ ասքը: Մենք համաձայն ենք Փաշինյանի աջակիցների հետ, որ նա անմեղ է: Բայց մեր հիմնավորումներն այլ են: Փաշինյանն այնքան է պատասխանատու 2008 թ. մարտիմեկյան քաոսի համար, որքան աջակցող խումբը` իր թիմի պարտության համար: Այդ չարաբաստիկ օրը, ո´չ այն ամբոխը, որը նրան իր ուսերի վրա էր տանում, ո´չ էլ Փաշինյանը ազգը պառակտելու նախապես մտածված ծրագիր չունեին: 2008 թ. մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր մահացու բարձրախոս ունենալու համար: Եվ, գուցե, մեղավոր էր նրանում, որ անձնավորեց հեղափոխականի կերպարը: Փաշինյանը պատասխան է տալիս այն մարդկանց հետ միևնույն հարթակում լինելու համար, որոնք այժմ գուցե ավելի արժանի են նրա տեղը լինելու: Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանին չդատապարտեցին (ոչ էլ պետք էր): Իսկ մեծահարուստ Խաչատուր Սուքիասյանը, իհարկե, ոչ առանց ֆինանսական տույժերի, համեմատաբար լավ պրծավ. նրան ոչ միայն ներեցին, այլև թույլ տվեցին հեռանալ երկրի սահմաններից: (Ի դեպ, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչո՞ւ ընդդիմության ակտիվ անդամներից Սուքիասյանին թույլ տվեցին բուժման նպատակով մեկնել արտասահման, մինչդեռ նման մեղադրանքներով դատապարտված Սասուն Միքայելյանը հազիվ թե կարողանա պատշաճ բուժօգնություն ստանալ:) Ինչպես հայտնի է «արյունոտ շաբաթվա» ականատեսներին, հասարակական կարգի խախտման, խռովությունների հրահրման, զանգվածային անկարգությունների մեղքը նրանցից և ոչ մեկինը չէ, ովքեր արդեն դատապարտվել են կամ դեռ պիտի դատապարտվեն: Ռոբերտ Քոչարյանի կամակատարները գրոհեցին Ազատության հրապարակը` արթնացնելով քնաթաթախ ցուցարարներին, որոնց համար Փաշինյանը թեև շարժիչ ուժ էր, սակայն առաջնորդը չէր: Այժմ նա Հայաստանի քաղաքական դժգոհության դեմքն է, ով նույնիսկ հանդգնեց անցյալ շաբաթ մասնակցել ԱԺ լրացուցիչ ընտրություններին, որը ցույց տվեց, թե ինչքան ցածր է ընկել ընդդիմությունը: Երկու տարի առաջ Փաշինյանի թերթը պնդում էր, թե ընդդիմության աջակիցների թիվը մոտ 40.000 և ավելին էր: Վիճարկելով նախագահական ընտրություններում Սարգսյանի հաղթանակը` Փաշինյանի թիմը պնդում էր, թե իրենք ստացել են 1.632.666 ձայների 50 տոկոսը: Սակայն, երբ Փաշինյանը հունվարի 10-ին մասնակցում էր ԱԺ ընտրություններին, նա ընդամենը 5053 ձայն ստացավ: Նրա օգտին քվեարկեց գրանցված ընտրողների (որոնցից քվեարկությանը մասնակցել են չորսից մեկը) մեկ տասներորդը (թեև ընտրությունների արդյունքները վիճարկվեցին` ընտրակեղծիքների հետ կապված): Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը շարժմանն արժանի ազնիվ մարդ է, ապա պետք է ազատազրկման տարիներին Փաշինյանին ամենահաճախ այցելողը լինի: Փաշինյանին չտրվեց «տնային կալանքի» հարմար պատճառաբանության հնարավորությունը, որը զերծ պահեց Տեր-Պետրոսյանին 2008 թ. մարտիմեկյան վտանգներից կամ այժմ դատապարտված լինելուց: Այդուհանդերձ, փաստն այն է, որ այժմ Փաշինյանն իրական ազատազրկման մեջ է, և ոչ ոք չպետք է որ նախանձի նրան, եթե նույնիսկ փառքը փայլ է տվել նրա դատապարտմանը: Նիկոլ Փաշինյանն անմեղ է: Իշխանությունները կշահեին, եթե թույլ տային նրան այդպես մնալ:
Other Articles in Խմբագրական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 6 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.