Երկսայր կտրող խոսք. ԱՄՆ-ը կրկին խղճի և շահի միջև այլընտրանքի առաջ է կանգնելու «Հայոց ցեղասպանության» բանաձևի առնչությամբ
Սակայն դրա հավանականությունը չափազանց փոքր է: Համենայն դեպս, հաստատ ոչ հիմա, երբ Հայաստանն ու Թուրքիան գոնե բարեկամության նախերգանքի փորձեր են անում: Այդուհանդերձ, Ամերիկայի դիրքորոշումը հոգի խռովեցնող է: Հետխորհրդային համախտանիշից խեղված, ինչպես նաև սնանկացմամբ սպառնացող արտաքին պարտքի տակ կքված լեռնային Հայաստանը ոչինչ չունի առաջարկելու, բացի բարոյական դատավճռի արդար կողմ դառնալուց: Մերձավորարևելյան տարածաշրջանում իր զորեղ ներկայությամբ Թուրքիան ԱՄՆ-ի համար ռազմավարական առումով ավելի շահեկան է`ընձեռելով հնարավորություն «սրբազան» ավեր սփռելու սրբազան պատերազմներում, որոնցում Ամերիկան Ալլահի դեմ է հանդես գալիս: Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսը հնարավորություն ունի խիղճը քաղաքական շահից վեր դասել, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը քվեարկության կդնի 252 բանաձևը՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված 1,5 մլն մարդկանց կոտորածը «ցեղասպանություն» անվանելով: Եթե բանաձևն ընդունվի ու հասնի նախագահ Բարաք Օբամային, ապա փորձության կենթարկվեն արդեն նրա ազնվությունն ու Ամերիկայի արժեքները: 2008 թ. հունվարին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Օբաման հայտարարություններ արեց, որոնց շնորհիվ շահեց ամերիկահայ ընտրողների ձայները, ինչի համար ոմանք այժմ զղջում են: «Հայոց ցեղասպանությունը փաստաթղթերով վաղուց հաստատված իրողություն է` մեծաքանակ պատմական փաստարկներով ապացուցված,- ասել է Օբաման: -Նախագահ ընտրվելու դեպքում ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Այդուհանդերձ, անցյալ ապրիլին` Անկարայում, նա խուսափեց «Ց» բառն օգտագործելուց: Փոխարենն Օբաման ասաց. «Այս պահին ես ցանկանում եմ կենտրոնանալ ոչ թե իմ, այլ թուրք և հայ ժողովուրդների հայացքների վրա: Եթե նրանք կարող են առաջ շարժվել և լուծել այդ դժվար ու ողբերգական պատմության թնջուկը, ապա կարծում եմ, որ ողջ աշխարհը պետք է աջակցի նրանց»: «Դավաճան»,- այսպես արձագանքեց դրան հայերի մի մասը: Թերևս նույն քամահրանքով նրանք վերաբերվեցին նաև իրենց նախագահ Սերժ Սարգսյանին, երբ վերջինս անցյալ տարվա աշնանը հայտարարեց դիվանագիտական արձանագրությունների մասին, որոնք միտված էին փոխըմբռնման հասնելու և բացելու հայ-թուրքական սահմանը: Արձանագրությունները Օբամայի կոչի նշանն էին՝ «շարժվել առաջ»: Այդ «առաջը» Հայաստանին հասցրեց… ոչ մի տեղ: Թուրքիան (որը 1993 թ. փակել է Հայաստանի հետ սահմանը`աջակցելով իր մահմեդական զարմիկ Ադրբեջանի վարած պատերազմին՝ պատմականորեն հայկական Լեռնային Ղարաբաղի համար) փաստորեն խափանեց գործընթացը` պնդելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող ընթանալ, քանի դեռ Հայաստանը չի վերադարձրել Ադրբեջանից հետ նվաճած տարածքները: Թուրքիա-Ադրբեջան միասնությունը հասկանալի է: Սակայն Թուրքիայի պնդումը` ղարաբաղյան հիմնախնդիրը ներառել բանակցային գործընթացում, կասկածի տեղիք է տալիս. արդյո՞ք կողմերը նույն փաստաթղթի շուրջ են բանակցում: Նախաստորագրված արձանագրություններում, որոնք քննարկվել, ստորագրվել և ուղարկվել են խորհրդարան, ղարաբաղյան խնդրին առնչվող ոչ մի անդրադարձ չկա: Հայկական կողմն անընդունելի է համարում, որ Թուրքիան արձանագրությունները ստորագրելուց հետո այդ հարցը բերեց բանակցային գործընթաց: Հետագայում Թուրքիայի արտգործնախարարը Կոնգրեսի բանաձևն անվանեց «շանտաժ», որը բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա: Թե Թուրքիան և թե Հայաստանը այս պարը երկուսն էլ սխալ պարեցին՝ մեկը ոտքեր կոխկրտելով, մյուսը՝ թոփլտալով: Հայաստանի ներկա իշխանությունները կրում են պետության ղեկին կասկածելի ճանապարհներով հասնելու ծանր բեռը՝ ընտրակեղծիքներ և զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զոհվեց 10 քաղաքացի, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, իսկ տասնյակ քաղաքացիներ էլ, որոնց մեղքը ընդդիմություն լինելն էր, ձերբակալվեցին: Մի կողմից՝ Թուրքիայի հուսալիության և մյուս կողմից՝ Հայաստանի օրինականության բացակայությունը, ինչպես նաև այս երկու հարևանների «դժվար և ողբերգական պատմությունը» հանգուցալուծելու ձախողումը նույնքան դժվարին և ողբերգական ապագայի մեծ վտանգ են պարունակում: Հայկական սփյուռքի մի հոծ զանգված ի սկզբանե ընդվզեց արձանագրությունների դեմ (սփյուռքի մի քանի կարևոր կառույցներ թեև հավանություն տվեցին փաստաթղթերին, սակայն նրանց աջակցության ձայնը խլացվեց` արձանագրություններին դեմ արտահայտվողների բարձրագոչ ճիչերով:) Նրանք, ովքեր դեմ էին փաստաթղթերին, վիճարկում էին արձանագրությունների այն կետը, որով նախատեսվում էր ստեղծել «պատմական հանձնաժողով»` ուսումնասիրելու 1915-1923 թվականների իրադարձությունների վերաբերյալ իրարամերժ պնդումները: Նրանք դա հիմնավորում էին, որ նման հանձնախումբը կասկածի տակ կդնի (նախագահի թեկնածու Օբամայի խոսքով) «մեծաքանակ պատմական փաստերը»՝ դրանով իսկ դավաճանելով անդադրում հոգիներին, որոնց հետ գրեթե յուրաքանչյուր հայ արյունակցական կապ կարող է գտնել: Սփյուռքը դժգոհ է: Հայաստանցիներն անորոշության մեջ են: Թուրքիան ձգձգում է վավերացումը: Ադրբեջանը սպառնում է պատերազմ սկսել: Պետդեպարտամենտը, որը, հավանաբար, անմասն չի մնացել արձանագրությունների գործում, չափազանց մեծ խաղադրույք է կատարել, որպեսզի հիմա ուժեղ կողմին գրգռելու ռիսկին դիմի: Սակայն դա չի նշանակում, թե բանաձևը չի օգտագործվի որպես լծակ, որը ոչ այլ ինչ է, քան շանտաժի ավելի «կոկիկ» երկվորյակ: Հայաստանը, որը ամենաքիչը կարող է առաջարկել այս գործարքում, իսկ ձեռք բերել՝ ամենաշատը, ըստ էության, դիտողի դերում է: Արձանագրությունների բացասական հետևանքները Հայաստանը թողեցին պոռթված կարերով՝ թե փիլիսոփայական և թե քաղաքական, բացի մեկից՝ սերունդներին միմյանց ամենաամուր պահող ցեղասպանության ճանաչումից: Բաց սահմանները Հայաստանը չեն փրկի իր սեփական թերություններից: Ո´չ էլ պատմական փաստի հաստատումը կարող է երաշխավորել խաղաղ ապագա: Այդ դեպքում, բանաձևը քվեարկելիս «այո»-ն կամ «ոչ»-ը հայերի համար ընդամենը անհրաժեշտության հարց է, իսկ ամերիկացիների՝ բնավորության: Ինչ էլ որ հայկական մնացել է այս փոքրացած և պառակտված Հայաստանում միանշանակ կապված է իր քարի պես ամուր ժողովրդի հետ: Նրանք հաստատակամ են, անկոտրում ու դիմակայող: Ու, թեև խոցելի են, սակայն բառերն ի զորու չեն նրանց կոտրելու՝ բացառությամբ, թերևս միակ՝ չարտասանված բառի:
Other Articles in Խմբագրական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.