Վարչապետի ուղերձը` հօգուտ ցեղասպանության. Էրդողանի զայրույթն ակնհայտ է դարձնում դառը իրողությունը
Այս շաբաթ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց վտարել Թուրքիայից 100 000 հայերի, որոնք, նրա խոսքով, ապօրինի են բնակվում իր երկրում: Սպառնալիքը տեղաց այն բանից հետո, երբ Շվեդիան ընդունեց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Մինչ այդ` մոտ երեք շաբաթ առաջ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց (23:22 հարաբերությամբ) թիվ 252 համանման բանաձևին, որը քիչ հնարավորություն ունի ընդունվելու Կոնգրեսի լիագումար նիստում: «Իմ երկրում 170 000 հայ կա, որոնցից 70 000-ն իմ քաղաքացիներն են: Սակայն մյուս 100 000-ի վրա մենք աչք ենք փակում: Իսկ վաղը, եթե հարկ լինի` այդ 100 000-ին էլ կասեմ` գնացե´ք ձեր երկիր»,- երեքշաբթի ասել է Էրդողանը BBC ռադիոկայանին տված հարցազրույցում: «…թող գնան իրենց երկիր»: Այս բառերը հատկապես ցավոտ են ներկայումս ապրող հայերի համար, ովքեր ժառանգներն են նրանց, որոնց գնդակահարվելու, բռնաբարվելու, մորթվելու, սրախողխող արվելու, սովի մատնվելու, խեղդամահ, խեղանդամ արվելու փոխարեն բախտ է վիճակվել տեղահանվելու իրենց հողից, որը Էրդողանը կոչում է «իմ երկիրը»: Վարչապետը, սակայն, չբավարարվեց ապօրինի բնակվողներին արտաքսելու իր սպառնալիքներով: Նա նաև հարձակվեց սփյուռքի վրա: «Հայաստանի հետ կապված խնդիրները մեր պատճառով չեն ծագել, այլ ավելի շատ հայկական կողմի: Հայերը պետք է կարևոր որոշում կայացնեն: Հայաստանը պետք է ազատվի սփյուռքի հիփոթեքից»,- ասաց Էրդողանը: Հետաքրքիր բառ է ընտրված` «հիփոթեք»: Այն վերաբերում է անշարժ գույքին և ունեցվածքին, որը պետք է հետագայում սեփականություն դառնա: Կարճ ասած` այնպես, ինչպես օսմանյան թուրքերն արեցին հայերի նկատմամբ: Հիփոթեք, որը մահվան դեպքում ընդհատվում է, իսկ ունեցվածքը` յուրացվում: Նման ավելի քան շատ դեպքեր եղան` 1,5 մլն հայ 1915-23 թթ.: Սփյուռքի գոյության պատճառը հենց օսմանյան թուրքերի ձեռքի սարսափելի գործն է, որի մասին են խոսում պատմական վկայությունները, մինչդեռ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Շվեդիայի քվեարկությունից երկու օր անց Էրդողանը շարունակեց իր պոռոտախոսությունը: «Հարկ է ընդգծել, որ մեր երկրի զինվորը պատմությունից էլ վեր է, և որ մեր երկրի պատմությունը արևի պես մաքուր ու պայծառ է: Ոչ մի երկրի խորհրդարան չի կարող կեղծել այն»,- ասաց Էրդողանը մարտի 18-ին Չանաքկալեում կայացած արարողության ժամանակ: Այդ ի՞նչն է «պատմությունից վեր»: Հավանաբար, պատմությունը խմբագրելու ունակությո՞ւնը` մի առանձնաշնորհ, որը կշնորհվի Էրդողանին և իր կառավարությանը, եթե ԱՄՆ-ը, ի տարբերություն Հայոց ցեղասպանությունը ճանաչած 23 երկրների, շարունակի Թուրքիայի հետ ճշմարտության թաղման իր մեղսակցությունը: Բացի դաժանության և ուժի ցուցադրումից, ուրիշ ի՞նչ նպատակ է հետապնդում հայերին Թուրքիայից արտաքսելը: Նրանք այնտեղ են, մասամբ, քանի որ երկու տասնամյակ շարունակ փակ սահմանների պատճառով Հայաստանը տնտեսական դժվարին ժամանակներ է ապրում (Հայաստանի հետ սահմանը Թուրքիան փակել է իր մահմեդական զարմիկ Ադրբեջանի հետ միասնությունից ելնելով, քանի որ վերջինս հակամարտության մեջ է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ:) Հայաստանի համար ավելի լավ նորություն չէր կարող լինել, քան վարչապետի հարձակումը, քանի որ նրա զայրույթն ընդգծում է այն, ինչ հայաստանցիներն ու բազմամիլիոնանոց սփյուռքը 95 տարի փորձում է ասել աշխարհին. Թուրքիան չի ընդունում իր անցյալը և ցանկանում է վնասել անմեղ մարդկանց: Մինչ Թուրքիան սիրաշահում է Եվրամիությանը` անդամակցելու համար և սպառնում փակել Միջին Արևելք ԱՄՆ-ի ռազմավարական մուտքը, նկատենք, որ ճշմարտությունը կոծկելու Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը բացահայտվում է իր կառավարության ղեկավարի անխոհեմ խոսքում: «Մեր ազգին բնորոշ չէ ցեղասպանությունը։ Մեր մշակույթը սիրո, հանդուրժողականության և բարեկամության մշակույթ է,- ասել է Էրդողանը մարտի 18-ի իր ելույթում: - Նրանք, ովքեր դեռ ապրում են անցյալով, երբեք չեն կարող հասնել պայծառ ապագա»: Իսկ նրանք, ովքեր հանուն «պայծառ ապագայի» խուսափում են իրենց անցյալից, դժվար թե կարող են հայտարարել «հանդուրժողականության և եղբայրության մասին»:
Other Articles in Խմբագրական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 14 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.