Հինգշաբթի երեկոյան ՀՀ նախագահ Սարգսյանի ուղերձը իր ժողովրդին կարելի է դիտել նաև որպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված խոսք, որով Սարգսյանը կարծես ասում էր. «Մենք մեր խոստման տերն ենք, հիմա ձեր հերթն է»:
Սարգսյանը հրապարակավ հայտարարեց արձանագրությունների գործընթացի ձախողման մասին, ինչը բոլորին վաղուց հայտնի էր: ՀՀ նախագահի որդեգրած դիրքորոշումը պետք է որ ողջունեն աշխարհասփյուռ հայերը` անկախ իրենց քաղաքական հայացքներից և Սարգսյանի` իշխանության գալու նկատմամբ ունեցած վերաբերմունքից:
Ավելի քան մեկ տարի Օբաման խուսափում է իր տված խոստումից` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը` վկայակոչելով այն փաստը, որ պետք է Հայաստանին և Թուրքիային հնարավորություն տրվի «լուծելու իրենց միջև առկա տարաձայնությունները»:
Այն, ինչի մասին հինգշաբթի երեկոյան հայտարարեց Սարգսյանը, և ինչը պետք է գիտակցեն Անկարայում ու Վաշինգտոնում, սա է. պատմական թշնամանքը չի կարող հաղթահարվել, քանի դեռ այսօր դրսևորվող թուլակամությունն օգտագործվում է ի նպաստ հաշտեցման փորձի:
Հաշտեցման գործընթացին ուղղված «ճանապարհային քարտեզին» հետևելու պատրաստակամություն ձևացնելով` Թուրքիան այնպես արեց, որ Օբամայի նախագահության առաջին ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակությունն իրեն ձեռնտու լինի:
Հինգշաբթի Սարգսյանի հանդուգն ուղերձը ցույց տվեց նաև այն ուղիղ մեջքը, որը շատ հաճախ (սակայն անհրաժեշտությունից ելնելով) խոնարհվել էր «տարածաշրջանային կայունությունից» և այլ հարցերից բխող Ամերիկայի շահերի առջև:
«Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված»,- ասել է ՀՀ նախագահը:
Պարզ ասած` Սարգսյանը հասկացրեց, որ Հայաստանն այլևս չի պատրաստվում մեղսակից լինել այն զավեշտախաղին, որը Կոնգրեսի համար դարձել է հարմար պատրվակ` հիմնավորելու իր դիրքորոշումը Թուրքիայի ժխտողական քաղաքականության նկատմամբ:
Սարգսյանի ուղերձը հնչեց այն օրը, երբ ճիշտ մեկ տարի առաջ Անկարան և Երևանը հայտարարեցին հարաբերությունների կարգավորմանն ուղղված «ճանապարհային քարտեզի» մասին: Այդ ժամանակ հայտարարությունը, որի դեմ ամենախիստն ընդվզեցին դաշնակցականները, դիտվեց իբրև պաշտպանիչ վահան Թուրքիայի համար, որպեսզի Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում չարտասանի «ցեղասպանություն» բառը:
Այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում նույնպես, Օբաման, աներկբայորեն, չի արտասանի այդ բառը: Բայց առնվազն այս անգամ, հինգշաբթի Սարգսյանի արտահայտած ուժեղ դիրքորոշման շնորհիվ, Հայաստանն այլևս մեղքի իր բաժինը չի ունենա այդ հարցում:
Արտահայտելով իր պետության դիրքորոշումը` «կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը», Սերժ Սարգսյանը բարեկրթորեն հայտարարեց, որ Հայաստանն այլևս թույլ չի տա, որ իրեն հիմարացնեն: Նա նաև հասկացրեց, որ Հայաստանն այլևս չի օգնի Օբամային` խուսափելու իր բարոյական պարտականությունից` հանուն ինչ-որ «ճանապարհային քարտեզի», որը ոչ մի տեղ չի տանում:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.