Նամակ տուն. սփյուռքահայը բացահայտում է Հայաստանն ու «հայկականությունը»

Նամակ տուն. սփյուռքահայը բացահայտում է Հայաստանն ու «հայկականությունը»


Գեմջյանը նոր ընկերներ գտավ և մեծ տպավորություններ ստացավ Ծաղկաձորի ամառային ճամբարից

Իմ այցելությունն արդեն հասել է այն կետին, երբ այստեղ անցկացրած ժամանակը գերազանցում է ինձ մնացած ժամանակը:

Ու թեև ես դեռ ավելի շատ հարցեր, քան պատասխաններ ունեմ Հայաստանում և նրա գործերում իմ դերի ու տեղի մասին, լինում են պահեր, երբ ամեն ինչ նվազ բարդ է թվում, և ես ըմբռնման ու հստակության նշույլներ եմ նշմարում:

Նման մի պահ էր մեր շաբաթավերջյա ուղևորությունը Ծաղկաձորի ամառային ճամբար, որտեղ հանգստանում էին հիմնականում ծնողազուրկ և աղքատ ընտանիքների երեխաներ: Ես շատ հուզված էի, որ պետք է մի օր անցկացնեմ երեխաների հետ խաղալով, սակայն չէի սպասում, որ այդքան բան կսովորեմ նրանցից: Երբ մեր խումբը հասավ ճամբար, և մենք իջանք ավտոբուսից, մեզ շրջապատեցին ոգևորված երեխաները, որոնք անմիջապես բռնեցին մեր ձեռքերից ու քարշ տվեցին դեպի խաղահրապարակ: Սա կարող է այնքան էլ արտասովոր չթվալ, սակայն որքան շատ եմ մտածում այդ մասին, այնքան ոգևորիչ է թվում ճամբարում անցկացրած ժամանակը:

Ճամբարում անցկացրած այդ օրվա ընթացքում տարբեր երեխաներ բազմիցս հարցրին` արդյոք ես խոսում եմ արևմտահայերե՞ն կամ արևելահայերե՞ն, արդյոք սփյուռքահա՞յ եմ, հայաստանցի՞, թե՞ պարսկահայ: Նրանք անտեսում էին իմ սխալներն ու ամեն ջանք գործադրում ինձ հետ շփվելու համար, իսկ եթե ինչ-որ բան չէի հասկանում, բացատրում էին ոտք ու ձեռքով կամ օրինակ բերելով: Ես էլ զգում էի, թե ինչպես են երեխաների անկեղծության ու ոգևորության շնորհիվ ցնդում հայերեն խոսելու իմ երկչոտությունն ու կաշկանդվածությունը: Մենք չէինք հավաքվել տարբերությունների մասին վիճելու, մենք եկել էինք միմյանց հետ խաղալու և միմյանցից սովորելու: Անշուշտ, դրա համար պետք էր փոխզիջումների գնալ ու լրացուցիչ ջանք գործադրել, սակայն դրա շնորհիվ ստեղծված համագործակցության ու բարեկամության մթնոլորտից քեզ լիուլի վարձահատույց էիր զգում: Ոչ ոք չէր վերցնում առանց տալու, և վերջում մենք բոլորս ինչ-որ բան էինք ստանում այդ փոխանակումից: Մի՞թե դա «Մեծ հավասարեցման» առաջին նշաններից էր:

Ես դեռ պատասխան չունեմ: Սակայն հաստատ գիտեմ, որ զարմանալի է, թե որքան բան կարելի է սովորել երեխաներից: Այդքան դժվար թվացող խնդիրներն ու տարբերությունները պարզապես հալչում են նրանց պարզ աչքերում: Գուցե մեզ բոլորիս պետք է մի քիչ այդ պարզությունից, որ կարողանանք տեսնել մեծ պատկերը` մանր-մունր հարցերի, դժգոհությունների ու բացասական տպավորությունների վրա կենտրոնանալու փոխարեն:

Լավ է դա, թե վատ` բայց մենք բոլորս հայ ենք և կառչում ենք մեր ինքնության այս կարևորագույն մասից: Մեզ պետք է տալու և վերցնելու մի ավելի լավ համակարգ, որպեսզի կարողանանք օգուտ քաղել մեր շփումներից, սովորենք մեր տարբերություններից ու փորձից, որպեսզի ստեղծենք փոխըմբռնման ու համագործակցության ամուր կապեր: Ինչպես երեխաներն են փորձում գտնել դժվարությունները շրջանցելու ուղիներ, որպեսզի հասնեն փոխըմբռնման այնպիսի մակարդակի, որը հնարավոր կդարձնի հաղորդակցությունն ու փոխազդեցությունը, այդպես էլ մենք պետք է հմտորեն ի շահ մեզ օգտագործենք հայ համայնքի եզակի առանձնահատկությունները: Մենք, առնվազն, չպետք է խեղդենք երեխաների համագործակցության անկեղծ ոգին, որոնք անտեսում են տարբերությունները, որպեսզի գտնեն նմանություններ:

Ի՞նչ կհիշեմ Ծաղկաձորի ճամբարում անցկացրած ժամանակից: Անշուշտ, ոչ այն բառերը, որ չէի հասկանում, և այն կանոնները, որ խախտում էի խաղահրապարակում: Ես ինձ հետ կտանեմ երեխաների ժպիտները, որոնք երջանիկ էին իմ մեջ պարզապես նոր ընկեր տեսնելու համար, մեր հանդեպ նրանց դրսևորած վստահությունն ու անկեղծությունը, և նրանց խնդրանքը` մի քիչ էլ մնալու, մի քիչ էլ խաղալու:

Ես հույս ունեմ, որ մի օր մեզ կհաջողվի աշխարհի տարբեր երկրների հայերի միջև ստեղծել այնպիսի հարաբերություններ, որոնք կհիշեցնեն այն հարաբերությունները, որ ես բախտ ունեցա վայելելու Ծաղկաձորի ճամբարի երեխաների շրջապատում:

Էլիզաբեթ Գեմջյանը 22 տարեկան է, ապրում է Նյու Յորքում ու սովորում է տեղի Կոլումբիայի համալսարանի մարդաբանության ֆակուլտետում: Նա Հայաստան է այցելել Ամերիկայի հայկական համագումարի ստաժորական ծրագրի շրջանակներում: Էլիզաբեթն առաջին սերնդի ամերիկահայ է: Նրա ընտանիքն ԱՄՆ է տեղափոխվել Բուլղարիայից, ուր Հայոց ցեղասպանությունից հետո տեղափոխվել են նրա նախնիները:

ԱրմենիաՆաուի էջերում