Նամակ տուն. Սփյուռքահայը բացահայտում է, որ «տունը» պատմության մեջ է

Նամակ տուն. Սփյուռքահայը բացահայտում է, որ «տունը» պատմության մեջ է


«Այս թանգարանը, անշուշտ, փորձություն է, որը յուրաքանչյուր հայ այցելու ունենում է` անկախ այն բանից, թե որտեղից է ինքը»:

Վերջին երկու շաբաթն եմ անցկացնում Հայաստանում: Դժվարությամբ եմ համակերպվում այն մտքի հետ, որ շուտով պետք է մեկնեմ: Իհարկե, անհամբեր սպասում եմ բոլոր հարազատներիս ու ընկերներիս հետ կրկին հանդիպելուն, սակայն պետք է խոստովանեմ, որ նրանց շատ չեմ կարոտել, քանի որ Երևանում մտերիմների իմ շրջանակն եմ ստեղծել:

Չնայած զգացմունքներիս` չեմ կարող չմտածել, թե ինչպես են տեղացիները վիրավորվում, երբ սփյուռքահայը գալիս է այս երկիր և այն իր հայրենիքը կոչում: Հասկանում եմ նրանց` ես բնիկ չեմ այստեղ. տարբերվում եմ իմ բնական վարքագծով, ի՜նչ արած: Հասկացել եմ, որ պետք է ընդունեմ դա, սակայն շարունակում եմ փորձել յուրացնել տեղի վարքն ու բարքը, քանի որ կարծում եմ` այդ կերպ հարգանք եմ դրսևորում այս երկրի, որտեղ այժմ գտնվում եմ, և նրա ժողովրդի մշակույթի նկատմամբ:

Թեև սա ճիշտ է, սակայն մեզնից ոչ ոք չի կարող մոռանալ մեր ընդհանուր պատմությունը, որքան էլ որ տարբեր լինենք այժմ:

Երբ այցելեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, այն ինձ հիշեցրեց մեր ընդհանուր անցյալը, ինչի համար էլ Հայաստանի և սփյուռքի միջև լուռ ցասումը պետք է նվազի:

Այս թանգարանն անշուշտ, փորձություն է, որը յուրաքանչյուր հայ այցելու ունենում է, անկախ այն բանից, թե որտեղից է ինքը: Իհարկե, թանգարանը բաց է յուրաքանչյուր այցելուի առաջ, սակայն այն առավել իմաստալի է մեզ համար, որոնց նախնիները վերապրել են ցեղասպանությունը: Թանգարանը ոչ միայն հաստատում և ներկայացնում է դեպքերին առնչվող փաստացի տեղեկություններ, այլև շարժում է բոլոր նրանց սրտերը, ովքեր որոշում են այցելել այն: Յուրաքանչյուր ցուցասրահ` լուսանկարներով, իրեղեն ապացույցներով և գրավոր նկարագրություններով ներկայացնում է ցեղասպանության մի փուլը: Սրահները սկսվում են մուտքից դեպի աջ և շրջանաձև դասավորությամբ ավարտվում մուտքի ձախ կողմում, որտեղից սկսվում է ցուցադրությունը:

Թանգարանի ամենատպավորիչ մասը կենտրոնում է` մուտքից դուրս, որտեղ մի մեծ քարի վրա փորագրված պատկերները խորհրդանշում են լույսի և խավարի միջև պայքարը:

Ներսում կանգնած քարին նայելով ` այցելուն, շնորհիվ ճարտարապետական լուծման, հայտնվում է դատավորի դերում` հետադարձ հայացք ձգելով դեպքերի հանգամանքներին:

Այնտեղ կանգնած` ես էլ փշաքաղվեցի, երբ մտածեցի, թե ի՞նչ զգացմունքներ են իմ մեջ արթնանում` որպես անհատ, որպես հայ: Ի՞նչ ազդեցություն է այն գործում իմ ինքնության վրա: Ի՞նչ կարող եմ անել այդ առումով: Ի՞նչ հետք կթողնի ինձ վրա այս անհերքելի անցյալը:

Իհարկե, այս բոլոր հարցերին հնարավոր չէ միանգամից պատասխանել: Դրանցից մի քանիսն ընդհանրապես պատասխան չունեն:

Նպատակն այն է, որ իրավիճակը գնահատես քեզ համար և քո մեջ, գիտակցես, որ բոլոր հայերս նույն պատասխանատվությունն ենք կրում մեր ուսերին: Մեզ բաժին ընկած այս ողբերգական պատմությունը երբեք չի մոռացվի, եթե նույնիսկ ցանկանանք: Եվ նույնիսկ այս միությունը, որքան էլ դժբախտ այն լինի, խարսխում է մեզ և կայուն անվտանգություն ապահովում, ինչը երբեք չի փոխվի, քանի որ ժամանակն անդառնալի է և հնարավոր չէ փոխել եղածը: Միակ բանը, որ կարող ենք անել, մեր ժառանգությունն ընդունելն է և անցյալին առնչվող մեր գործողությունները վերահսկելը: Դու, ես, յուրաքանչյուր հայ պետք է որոշի, թե ինչ դաս քաղի մեր ժողովրդի պատմությունից և ով ենք նախընտրում դառնալ դրա արդյունքում: Կապ չունի, թե որտեղից ենք, որտեղ ենք ապրում և ինչ հայերենով ենք խոսում: Անկախ այն բանից` ինձ համար «տունը» Երևա՞նն է, թե՞ Լոս Անջելեսը, այս անցյալը, այս ողբերգությունը կմնա իմ սրտում այնպես, ինչպես ձեր:

Դանիել Հարությունյանը սովորում է Հարավային Կալիֆոռնիայի Օրինջ քոուսթ քոլեջում: Ուսումնասիրում է անգլերեն և զբաղվում կերպարվեստով: Մասնակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևան ամառային գործուղման ծրագրին և ստաժոր է «Արմենանաուում»:
ԱրմենիաՆաուի էջերում