Նամակ տուն

Հայաստանում մնալու իմ ժամանակը ավարտվեց: Վերադարձել եմ Ամերիկա և այժմ, տանը նստած, մտածում եմ, թե ի°նչ ազդեցություն ունեցավ ինձ վրա իմ ճանապարհորդությունը, և ի°նչ տեղ է գրավում Հայաստանն իմ կյանքում, երբ արդեն վերադարձել, ապրում և աշխատում եմ այստեղ:

Թեև Հայաստանում իմ ժամանակը կարճ էր և իրոք ինձ հնարավորություն ընձեռվեց սոսկ մի հպանցիկ հայացք նետել երկրի սոցիալ-քաղաքական և տնտեսական կյանքի վրա, սակայն կար մի բան, որն այստեղ լինելուց և որոշ բաներ սեփական աչքերով տեսնելուց հետո դժվարացնում էր հեռանալս: Մի ասացվածք կա` «էս հողի ու ջրի մեջ մի բան կա», որով փորձում են հիմնավորել անբացատրելի պահվածքն ու զգացումները: Հայերը կարծում են, որ հայրենի հողն ու ջուրն է իրենց միրգն ու կոնյակը դարձնում աշխարհում լավագույնը, սակայն կարծում եմ, որ այդ ջրի մեջ ինչ-որ բան կա, որն այդքան դժվարացնում է հեռանալը:

Ամբողջ ճանապարհորդությանս ընթացքում ինձ շարունակ հարցնում էին Հայաստան վերադառնալու իմ ծրագրերի մասին` արդյոք պատրաստվո°ւմ եմ երկար ժամանակով գնալ, մշտական բնակության տեղափոխվե°լ, թե° կարճատև այցելություններ կատարել: Ամեն անգամ, երբ լսում էի այս հարցը, չգիտեի` ինչ պատասխանել, քանի որ այս պահին ապագայի ոչ մի ստույգ պլան չունեմ, ինչպես նաև դեռևս փորձում եմ պարզել իմ տեղը հայի բարդ ինքնության մեջ:

Ի պատասխան` ինչո°ւ եմ Հայաստան եկել հարցին, իմ առաջին «Նամակ տուն»-ը սկսեցի, հաստատելու փոխարեն, «քանի որ հա՞յ եմ» հարցով: Ութ շաբաթ անց, կարծում եմ, պատրաստ եմ հանել այդ նախադասության հարցական նշանը և պաշտպանել իմ «հայությունը»: Դժբախտաբար կամ, գուցե, բարեբախտաբար` հային բնորոշող մեկ չափանիշ չկա: Հայ ժողովրդի պատմությունը թույլ չի տալիս նման պարզունակացում կատարել: Փոխարենը` բոլորս ստիպված ենք ընդունել կենսափորձի, արտաքինի, տեղանքի և նույնիսկ լեզվի բազմազանությունը, որը կազմում է հայի ինքնությունը` միևնույն ժամանակ արժևորելով նմանությունները, որոնք միավորում են մեզ և հնարավորություն տալիս զգալու մեր միասնությունը:

Ինչո՞ւ ինձ պիտի հայ չհամարեմ. քանի որ ծնվել եմ Ամերիկայո՞ւմ, որովհետև ծնողներս, տատս ու պապս մեծացել են Բուլղարիայո՞ւմ, խոսում եմ արևմտահայերե՞ն, մինչև վերջերս չէի այցելել «հարազատ երկի՞րս»: Մարդիկ կարող են ինձ տարբեր կերպ առարկել: Անկախ ամեն ինչից, պատրաստ եմ հաստատելու իմ հայությունը, քանի որ կարծում եմ, որ հատկապես հայկական կենսափորձի բացառիկությունն է, որը հնարավորություն է տալիս ինձ նման մեկին հայտարարելու իր հայ լինելու մասին, իրեն հայ զգալ և կապված լինել մի երկրի հետ, որտեղ չեմ մեծացել և որտեղ չեմ եղել կյանքիս մեծ մասը:

Քանի որ Հայաստանից դուրս ավելի շատ հայ է ապրում, քան բուն հայրենիքում, հայի ինքնության անխուսափելի, թեև, հավանաբար, տհաճ առանձնահատկությունն է ավելի հարմարվող լինելու այն հարցում, թե ով հայ կոչվելու իրավունք ունի: Տարբերություններից ավելի շատ այս բաժանումն է խնդիրներ ստեղծում մեզ համար և հնարավորություն չի տալիս միմյանցից օգուտ քաղել: Հայ հանրության այս ներքին երկպառակտումը ոչնչով չի նպաստում որևէ հայի շահերին և միայն հետ է պահում Հայաստանին իր ներուժն ու արժանիքներն օգտագործելուց, որոնք սպասում են բացահայտվելուն` աջակցության և համագործակցության միջոցով:

Մինչ Հայաստանում անցկացրած ժամանակս ցույց տվեց ինձ հայերի միջև դեռևս շարունակվող այս բաժանումները, այն նաև հուսադրեց ինձ, որ ապագայում այլևս չեն տարբերակի սփյուռքահայ, հայաստանցի, պարսկահայ և այլն, այլ կլինի պարզապես հայ: Դա որոշ ժամանակ կպահանջի, բայց ես անհամբեր սպասում եմ այդ օրվան, երբ ձեռք կբերվի այդ միասնությունն ու համերաշխությունը: Մինչև այդ կշարունակեմ հաստատել իմ հայ լինելը` փոխարինելով հարցականը հրամայականով: Այլ կերպ չեմ կարող լինել:
ԱրմենիաՆաուի էջերում