Մեկնաբանություն. թուրք լրագրողի դիտարկումները Երևանից

Մեկնաբանություն. թուրք լրագրողի դիտարկումները Երևանից


Խմբագրի կողմից. սույն մեկնաբանությունը հրապարակվել է «Հյուրիեթ դեյլի» թուրքական թերթում


Արդեն որոշ ժամանակ է, ինչ շրջանառվում է քաղաքային մի լեգենդ:


Ըստ դրա` Հայաստանն այնքան աղքատ է, որ ցանկանում է Թուրքիայի հետ իր սահմանները որքան հնարավոր է շուտ բացվի: Այս կերպ նրանք կամ կարող են հեշտությամբ գնալ Թուրքիա, կամ առևտրի խթանման միջոցով բարձրացնել կենսամակարդակը:

Այս լեգենդը որոշ չափով կարող է ճիշտ լիներ 1990 թ.:

90-ականներին մի քանի անգամ Երևան եմ գնացել և ականատես եղել անշուշտ շատ աղքատ Հայաստանի: Միակ տեղը, որտեղ կարող էի իջևանել, «Երևան» հյուրանոցն էր, որտեղ մկներն էին վազվզում միջանցքներում: Փողոցներն ու տները վատ վիճակում էին, իսկ կյանքի որակը` իրոք վատ:

1992 թ. անկախությունից հետո վիճակը սկսեց դանդաղորեն փոխվել, և այսօր Երևանում բարեկարգումն ինձ իրոք ապշեցրել է:

Կիսախարխուլ «Երևան» հյուրանոցի փոխարեն այժմ կանգնած է «Մարիոթը», և քաղաքում հյուրանոցների թիվը հասել է 10-ի:

Փողոցները նորովի սալարկվել են: Խորդուբորդ մայթերի և անվադողերի մեջ խրվող տրոլեբուսների գծերի փոխարեն ժամանակակից և մաքուր փողոցներ են:

Շքեղ լույսերով և արտասահմանյան բրենդների խանութների շարքերը ցույց են տալիս մարդկանց գնողունակությունը: Ռեստորանների, խաղատների և գիշերային ակումբների առատությունն ապշեցրեց ինձ: Նախկինում երկու-երեք կինոթատրոն ունեցող 1,5 միլիոնանոց մայրաքաղաքն այսօր շատ գունեղ գիշերային կյանք ունի:

Ինձ սխալ չհասկանաք:

Իմ ասածներից, խնդրում եմ, չմտածեք, թե Հայաստանը դարձել է հարուստ, և մարդիկ այժմ ճոխ են ապրում: Պարզապես ի նկատի ունեմ, որ այլևս աղքատություն չկա: Հայաստանի ընդհանուր վիճակը նկարագրելու համար ավելի ճիշտ կլիներ ասել, որ «նրանք միջին կենսամակարդակով են ապրում»:

Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե ինչ եմ հաճախ լսում այստեղ: Եթե սահմանները փակ մնան, հայերը կշարունակեն ապրել այնպես, ինչպես ապրել են վերջին 17 տարիների ընթացքում, և չեն ցանկանա որևէ բան անել, որ նպաստեն սահմանների բացմանը:

Մինչդեռ եթե սահմանները բացվեն, Հայաստանը կազատվի էմբարգոյից, և կյանքն ավելի կհեշտանա: Մի գիշերում երկիրը չի հարստանա, բայց կյանքը շատ առումներով կհեշտանա: Եթե որևէ համաձայնության չգան, և սահմանները փակ մնան, այդ դեպքում Հայաստանն աղքատությունից չի մեռնի: Չմոռանանք, որ սահմանները բացելը և էմբարգոն հանելը Հայաստանին բարոյապես կսատարեն Ադրբեջանի հետ բանակցություններում: Կարող է տպավորություն ստեղծվել, թե Թուրքիան աջակցում է Հայաստանին, գուցե ոչ այնքան, որքան Ադրբեջանին, ինչը չի կարելի անտեսել:

Ահա թե ինչու սահմանների շուրջ բանավեճը դարձել է ոգևորության, ինչպես նաև «Աշխարհը դրանից չի քանդվի» վերաբերմունքի առիթ:

Բաց սահմաններից Թուրքիան էլ կշահի

Անկեղծ ասած` ոչ ոք չգիտի, թե սահմանների բացումը որքանո´վ կնպաստի Հայաստանի տնտեսությանը: Ըստ որոշ հետազոտությունների` սահմանների բացման պարագայում, պայմանավորված ներդրումների և առևտրափոխադրումների ծավալով, տնտեսության օգուտը կարող է լինել միջին և միջինից բարձր: Բայց չպետք է մոռանալ, որ դրանից կշահի ոչ միայն Հայաստանը, այլև Թուրքիան:

- Թուրքիայի միջոցով Հայաստանը կկարողանա բացվել միջինարևելյան և եվրոպական շուկաների առաջ: Հնարավոր կլինի խթանել ապրանքների արտահանումը և ապրանքներն ավելի էժան ներմուծել` ի տարբերություն ներկայիս վիճակի:

- Սահմանների բացմամբ զբոսաշրջիկների հոսքը Եվրոպայից և հայկական համայնքներից դեպի Թուրքիա կավելանա:

- Հայաստանը կկարողանա Թուրքիային էլեկտրաէներգիա վաճառել:

- Այն նաև կկարողանա օգտագործել Թուրքիայի սևծովյան և Միջերկրական ծովի նավահանգիստները առևտուրն ընդլայնելու համար:

- Հայաստանը կդառնա էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր:

- Թուրքիան նույնպես կարևոր օգուտներ կքաղի բաց սահմաններից: Այնպիսի շրջաններ, ինչպիսիք են Վանն ու Կարսը, կվերածնվեն առևտրի և զբոսաշրջության շնորհիվ: Թուրքական արտադրության ապրանքներն ավելի էժան կլինեն հայկական շուկայում` շնորհիվ բեռնափոխադրումների ճանապարհների կրճատման, որոնք ներկայումս իրականացվում են Իրանով և Վրաստանով, որը ներմուծումը բավական թանկացնում է:

- Ավելի կարևոր է, որ Թուրքիան միջինարևելյան շուկաներ ավելի հեշտ կհասնի: Ներկայումս բեռնափոխադրումները չափազանց երկար են տևում:

Ոչ ոք չի պատկերացնում կյանքն առանց ցեղասպանության ճանաչման խնդրի

Հայերն այնքան սևեռված են և մեծ հույսեր են կապում, որ Թուրքիան կընդունի ցեղասպանությունը, որ դա կենսակերպ են դարձրել, և երբ մի օր Թուրքիան, ի վերջո, ընդունի դա, ձեզ կթվա` Երկրագունդը կանգ է առել:

Ուսանողների հետ զրուցելիս հարցրի. «Ի՞նչ կանեիք, եթե Թուրքիան ընդուներ ցեղասպանությունը»: Կպահանջեն հո՞ղ, թե՞ փոխհատուցում:

Նրանք ապշած էին և չգիտեին ի´նչ պատասխանել:

Ցեղասպանությունը նրանց կյանքի մի մասն է դարձել, ու նրանք չեն կարող մտածել մի աշխարհի մասին, որտեղ այլևս ցեղասպանության հարցը չկա:

Երբ նույն այդ հարցը տվեցի գիտնականներին և պաշտոնական իշխանություններին, հասկացա, որ «հետո»-ի մասին նրանք երբևէ չեն մտածել:

Հետաքրքիր է, սակայն «Այլ երկրները կարող են ճանաչել, բայց դժվար է թուրքերին ստիպել ընդունել դա» տողերի տակ հավատ կա: Ավելի խորանալով` կարող եք երկու գործոն գտնել: Առաջին` ցեղասպանության մեղադրանքների տակ տարածքային պահանջ չկա, սակայն իրենց տները կորցրած և մինչ օրս անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը պահած ժառանգները կարող են փոխհատուցում պահանջելու հայց ներկայացնել: Այդուամենայնիվ, այս հարցը ևս անիրական է թվում: Մյուսն էլ` եթե նույնիսկ արձանագրությունները վավերացվեն խորհրդարանում, ապա ցեղասպանության հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող պատմաբանների հանձնախումբ ստեղծելն այնպիսի լուրջ դիմադրության կհանդիպի, որ գրեթե անհնարին կդառա այն ստեղծելը:

Դյուրին չի լինելու:

Թվում է, թե հայ հասարակության համար դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ պատմաբանները կասկածի տակ դնեն և մանրամասն դիտարկեն մի հարց, որը, ըստ հայերի` աշխարհն արդեն ճանաչել է:

Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
ԱրմենիաՆաուի էջերում