Ադրբեջանի նախագահի խորհրդական. Ադրբեջանն ու Թուրքիան «միշտ ուս ուսի տված պաշտպանելու են միմյանց»

Ադրբեջանի նախագահի խորհրդական. Ադրբեջանն ու Թուրքիան «միշտ ուս ուսի տված պաշտպանելու են միմյանց»


Հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը վերջերս գրել էր, որ Ադրբեջանը ներգրավված չէ այն գործընթացներում, որոնցում Թուրքիան ակտիվ դերակատարություն ունի: Անցյալ տարվա Անկարայի դիվանագիտությունը ցույց տվեց, որ Հայաստանը անտրամաբանական դիրքորոշում է որդեգրել: Լեռնային Ղարաբաղը և նրա հարակից յոթ շրջանները դեռ օկուպացված են: Բանակցությունների սեղանին են դրված մադրիդյան սկզբունքները, որոնք Ադրբեջանն ընդունել է, իսկ Հայաստանը` մերժել:

Ապրիլի սկզբին Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարն այցելել էր Ստամբուլ` հանդիպելու լրագրողներին, ի թիվս որոնց նաև` պրն Բիրանդին, որը վերջերս էր վերադարձել Երևանից: Հանդիպման ընթացքում խոսվել է Ադրբեջան-Թուրքիա գրեթե բոլոր հրատապ հարցերի և հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարների մասին:

Արդեն շուրջ 22 տարի է, ինչ Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ, և այդ ընթացքում մենք հաճախ ստիպված ենք եղել ապավինել բարեկամի աջակցությանը: Մենք աճել և հզորացել ենք թե´ քաղաքականապես, թե´ տնտեսապես և դարձել տարածաշրջանային դերակատար: Այս տարիների ընթացքում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական խնդիրների առաջ կանգնելիս մենք ապավինել ենք Թուրքիայի եղբայրական աջակցությանը, և Թուրքիան մեզ երբեք չի դավաճանել:

Նույն վերաբերմունքը տեսնում ենք նաև այսօր, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակ ասում է, որ հայ-թուրքական հարաբերություններում չի կարող փոփոխություն լինել առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի մասին բանաձևում որևէ տեղաշարժի: Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ էլ պարզ ու բացահայտ աջակցություն է առաջարկում Թուրքիային այսպես կոչված Հայոց «ցեղասպանության» հարցի կապակցությամբ:

Ադրբեջանի հասարակությունը, խորհրդարանը և պետական պաշտոնյաները խստորեն քննադատել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վերջին որոշումը: Ժողովուրդը բարձրաձայնել է ընդդեմ անարդարության և պատմությունը քաղաքական ճնշման գործիք դարձնելու: Ադրբեջանի ժողովուրդը միշտ էլ աջակցել է Թուրքիային բոլոր կարևոր հարցերում:

ԱՄՆ Կոնգրեսի գործողությունները քննադատելիս մենք հիշում ենք, որ ԱՄՆ օրենսդրության մեջ դեռևս առկա է 1992 թ. ընդունված հակաադրբեջանական բանաձևի թիվ 907 փոփոխությունը: Այս փոփոխության համաձայն` Հայաստանը, որը օկուպացրել է Ադրբեջանի հողերի 20 տոկոսը, և չճանաչված Լեռնային Ղարաբաղը ամեն տարին տասնյակ միլիոնավոր դոլարներ են ստանում ԱՄՆ-ից, այնինչ Ադրբեջանը անարդարացի ճնշման է ենթարկվում: Սա երկակի չափանիշների դասական դեպք է:

Որպես ԵԱՀԿ Մինսի խմբի համանախագահող երկիր` ԱՄՆ-ը կարող էր ավելի շատ ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Ժամանակակից միջազգային հարաբերություններում արդարությունը հարաբերական հասկացություն է: Տասնհինգ տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որին այժմ անդամակցում է Թուրքիան, չորս բանաձև է ընդունել Հայաստանի օկուպացրած Ադրբեջանի հողերի ազատագրման մասին, սակայն այս պահանջները չեն բավարարվել:

Իսկ այժմ, երբ Հայաստանը հետ չի կանգնում իր ագրեսիվ քաղաքականությունից կամ դուրս չի գալիս Ադրբեջանի գրավյալ տարածքներից, ինչո՞ւ պետք է մենք փոխենք նրա նկատմամբ մեր վերաբերմունքը: Ինչ-որ մեկն իսկապե՞ս կարծում է, որ եթե շոյենք ագրեսորի գլուխը, ապա նա կդադարի ագրեսիվ լինելուց: Հայաստանը հե՞տ է կանգնել թուրքական հողերի նկատմամբ իր պահանջներից կամ փոխե՞լ է «ցեղասպանության» ճանաչման իր վերաբերմունքը: Եթե որևէ մեկը դեռ Հայաստանին գործընկեր է համարում, որի հետ պատմական համաձայնության կարելի է հասնել, ապա պատմական փորձը ցույց է տալիս, որ նրանք սխալ են:

Դժբախտաբար, պրն Բիրանդը դեռ սխալ պատկերացում ունի այն գագաթնաժողովի մասին, որին Ադրբեջանը հրավիրված չէր: Մեր կարծիքով` միջուկային գագաթնաժողովը տարածաշրջանային կարևոր հարցերի լուծման մեկնակետ է: Թուրքական կողմի մասնակցությունը և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումներում նրա արտահայտած դիրքորոշումը ադրբեջանական կողմին հավատ են ներշնչում, որ Թուրքիան կպաշտպանի նրա շահերը: Հայտնի ասացվածք կա. «Անկոչ հյուրին չեն հյուրասիրում»:

Այն կարծիքը, որ Ադրբեջանն իր հողերի ճակատագրի մասին քննարկումներին չի մասնակցում, ծիծաղելի է: Դա անհնարին է, քանի դեռ Ղարաբաղը մեր ցավն է ու կորուստը: Վարչապետ Էրդողանի կառավարությունը, որը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ակտիվ քաղաքականություն է հետապնդում, նույն ցավն է զգում: Կուզեինք հավատալ, որ դուք, պրն Բիրանդ, գոնե նույն ցավն եք զգում այս հողերի կորստից:

Այսօր ԱՄՆ-ում ադրբեջանական սփյուռքը թուրքական սփյուռքի կազմակերպությունների հետ միասին պայքարում է դաշնակցականների ագրեսիվ նկրտումների դեմ, որոնք փորձում են ԱՄՆ Կոնգրեսում հասնել այսպես կոչված Հայոց «ցեղասպանության» բանաձևի ճանաչմանը: Եվրոպայում սփռված ադրբեջանցիներն ու թուրքերը ջանք չեն խնայում կանխել պատմությունը կեղծելու հայկական փորձերը: Օրինակ`Ղրիմում ադրբեջանական համայնքի ջանքերի շնորհիվ դեռ 2010 թ.-ից առաջ Իզյումի քաղխորհուրդը չեղյալ է համարել Հայոց «ցեղասպանության» ճանաչման որոշումը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2007 թ. մարտին Բաքվում նախաձեռնեց ադրբեջանական և թուրքական համայնքների համաշխարհային կազմակերպությունների առաջին համաժողովը:

Այսօր ադրբեջանցիները հպարտ են իրենց անկախ պետականությամբ և երջանիկ, որ ներկայիս Թուրքիան ուժեղ երկիր է և հզոր տարածաշրջանային դերակատար: Թուրքիան աշխարհաքաղաքական հզոր դերակատար է, և սա քաջալերում է Ադրբեջանին: Ոչ ոք երբևէ չպետք է կասկածի, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ ուս ուսի տված պաշտպանելու են միմյանց:

* Դոկտոր Էլնուր Ասլանովը Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի Քաղաքական վերլուծությունների և տեղեկատվական աջակցության բաժնի ղեկավարն է:

Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
ԱրմենիաՆաուի էջերում