Հենց սկզբից էլ պարզ էր, որ հնարավոր չէր երկար ձգել այս` ցանկալին իրականության տեղ ներկայացնելու գործընթացը, և իշխանությունները ստիպված էին լինելու ընդունել իրականությունը:
Ինձ զարմացնում է երկու այլ բան: Նախ` իշխանություններն այսօր բաց տեքստով ասում են, որ մեկ տարի շարունակ իրենք հետևել են, թե ինչպես է Թուրքիան իրենց առաջ նախապայմաններ դնում, ինչպես է շահարկում գործընթացն իր օգտին և ոչ միայն հանդուրժել են դա, այլև շարունակաբար պնդել, որ նման բան չկա, որ այս ողջ գործընթացը մեծագույն հաջողություն է և աննախադեպ դիվանագիտական հաղթանակ:
Երկրորդ` եթե այս իրավիճակից դուրս գալու կես տասնյակ հնարավոր ելք կար` ոչինչ չանելուց մինչև ստորագրության հետկանչը, իշխանությունը ընտրեց մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակը: Այժմ Թուրքիայի վրայից սահմանի բացման ամեն պարտավորություն հանված է` մինչև չլուծվի ղարաբաղյան խնդիրը, ինչը և Թուրքիայի ցանկությունն էր հենց սկզբից: Հայկական կողմն արեց այն, ինչն ամենացանկալին էր Թուրքիայի համար` չվավերացրեց արձանագրությունները, բայց և չհրաժարվեց դրանցից` Թուրքիային հնարավորություն տալով շարունակել ակտիվ ներգրավված մնալ ղարաբաղյան հարցում:
Իշխանությունները մեկ տարի շարունակ հերքում էին հայ-թուրքական գործընթացում առկա խնդիրները, և քննադատությանը հակադարձում էին, թե իրականում ամեն ինչ շատ լավ է ընթանում: Այսօր, փաստորեն, տեսնում ենք, որ իրենք գիտակցում էին, որ ինչ որ բան այն չէ, բայց ձգձգեցին մեկ տարուց ավելի` հույս ունենալով, որ հնարավոր կլինի խուսափել ընդդիմախոսների ճշմարտացիությունն ընդունելուց:
Այսօր ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույն երևույթը նշմարվում է Ղարաբաղի հարցում: Այսօր նույնպես իմ քննադատությանը հակադարձում են, թե ղարաբաղյան բանակցություններում ամեն ինչ լավ է ընթանում, որ ոչ մի վտանգավոր զարգացում չկա:
Հիմա սակայն չարախնդալու ժամանակը չէ: Եվ ոչ էլ սեփական ճշմարտացիությունն ամեն գնով ապացուցելու ժամանակն է: Փաստը մնում է անփոփոխ. բանակցային գործընթացն ընթանում է մեզ համար անբարենպաստ հունով, և իրավիճակը պետք է շտկել, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ է ոչ միայն շեշտադրումների, այլ նաև քաղաքականության փոփոխություն: Բայց դրա համար իշխանությունները պետք է համարձակություն ունենան իրականությունը սթափ գնահատելու և դրա լրջությունն ընդունելու, որպեսզի Ղարաբաղի հարցում էլ նույն իրավիճակում չհայտնվենք: Անհրաժեշտ է նախ գիտակցել և ընդունել, որ խնդիրներն առկա են, փորձել պարզել դրանց առաջացման իրական պատճառները և ոչ թե շարունակել իրականությունը հերքելու ավանդույթը:
Ինձ նաև մտահոգում է մեկ այլ միտում: Երկու տարի շարունակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ գովաբանեցին հայ-թուրքական գործընթացը, անտեսեցին բոլոր խնդիրները, հարաբերությունների շուտափույթ կարգավորման և սահմանի բացման հասարակական սպասում ստեղծեցին: Եվ երբ դա հենց սկզբից տեսանելի պատճառներով տեղի չունեցավ, այսօր արդեն մի նոր` հակառակ, ծայրահեղ արձագանքի ենք ականատես: Այդ նույն քարոզչամեքենան լծվել է հակաթուրքական քարոզչությանը: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ընդունել են կարծրատիպային ծայրահեղական մի նոր կեցվածք: Բոլոր կողմերի անզգույշ քաղաքականության հետևանքով մենք հանգել ենք հայ-թուրքական հարաբերություններում փակուղու: Եվ այս նոր միտումները կարող են ավելի վատթարացնել առանց այդ էլ նուրբ իրավիճակը` փակելով հետագայում որևէ դրական զարգացման հնարավորությունը:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.