Ամեն ինչին իր ժամանակը. Թուրքիան, Իսրայելը և ճշմարտության պահը

Ամեն ինչին իր ժամանակը. Թուրքիան, Իսրայելը և ճշմարտության պահը

Ֆոտոլուր

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Երևան: Այսօրվա Թուրքիան մոտ մեկ դար առաջ Օսմանյան կառավարության իրագործած` հայ ժողովրդի Ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ժխտման կրողն է:


Իսրայելը` դրանից մեկ սերունդ հետո կատարված Շոահի կրիչ-պետությունը, վաղուց ի վեր անխղճորեն մեղսակից է եղել հայոց կյանքի և հայրենիքի կորստի «ռեալպոլիտիկա» հիմն լուսանցքայնացմանը` ընդհուպ մինչև մարդկության հանդեպ անհարմար ու «դուրս գրվելիք» ոճրագործությունների ծանոթագրությունների աստիճան:

Թուրք հանցագործը և հրեա զոհը` պատմականորեն տարբեր լինելով հանդերձ, արդի ժամանակահատվածում հաղթահարել են իրենց անզուգաչափությունը, որպեսզի դարբնեն ռազմավարական մի դաշինք, որտեղ իրավունքին զգետնում է ուժը, իսկ ազգային շահը` որքան էլ նեղ լինի, մնում է uber alles` ամեն ինչից վեր: Նրանք երկուսն էլ դարձել են իրար նման:

Պետական վարքագծին բարեբախտաբար հավասարակշռում են և´ Թուրքիայում, և´ հրեական աշխարհում ապրող բարեգութ այն քաղաքացիները, ովքեր, չնայած թուրք ազգի անվեհեր մեծության կամ Ողջակիզման եզակիության մասին ամբարտավան շարադրանքներին, ըմբռնել են սեփական պատմության հետ առերեսվելու, պատասխանատվություն ստանձնելու և ցեղասպանության համամարդկային բնույթից դասեր քաղելու հրամայականը: Արդարամիտ այս մուսուլմաններն ու հրեաները, սակայն, տակավին չեն կարողացել գերակա դառնալ:

Փոխարենը` նեոօսմանյան տարատեսակ էրդողաններն ու դավութօղլուներն են, որոնց երկդիմի մոլեգնումը պայմանավորում է տարածաշրջանային վերապնդված հեգեմոնիայի և կայսերական ներկայության նրանց խեղաթյուրված մտապատկերը: Միայն թե այս անգամ Ցեղասպանության սույն ուրացողներն իրենց նպատակի խորքերին հասնելու համար չարաշահում են ազատության, մարդու իրավունքների և միջազգային օրենքի հայեցակետերը:

Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը սխալ է և այն հանգուցալուծման կարիք ունի: Պաղեստինը` Լեռնային Ղարաբաղի հանգույն, վաստակել է ինքնիշխան պետություն լինելու իր իրավունքը:

Բայցևայնպես նավատորմիղի հանդեպ իսրայելական հակազդեցիկ գործողություն խթանելու` Անկարայում զգուշորեն մշակված սադրանքի էությունն ու հռետորությունը մատնում են Թուրքիայի ղեկավարների իրական մտադրությունները, որոնք են` ա) տարածաշրջանային խաղաղասիրության հաշվին հետապնդել իրենց իսկ ազդեցության և վեհացման պատրանքը, բ) քողարկել իրենց կողմից նույն այն ժողովրդի` որպես շախմատային զինվորի, բուն շահագործումը, որին նրանք ցանկանում էին օգնության հասնել հանուն իսլամական համերաշխության, գ) հարմարավետորեն կոծկել իրենց կողմից 1993 թվականից ի վեր Հայաստանի անօրինական շրջափակումը:

Նրանք ներկայացնում են մի պետություն, որը հայերի դեմ ցեղասպանություն գործադրելով` ոչնչացրեց մի ողջ քաղաքակրթություն, ինչպեսև ասորիների, Պոնտոսի հույների, ապաև քրդերի պարագան էր, և մինչ օրս իր մեջ չի գտել այն քաղաքական խիզախությունը կամ բարոյական ներուժը, որպեսզի դա ընդունի, ապաշխարի և արդար հատուցում տա դրա դիմաց: Մի պետություն, որը հեռու լինելով ինքնամաքրման և ճշմարիտ հաշտեցման որոնումից, իր բռնարգելքներն ու պատերազմին հատուկ այլ ոճիրներն է բերել Ցեղասպանությունից մազապուրծ հայոց մնացորդ հանրապետությանը: Մի պետություն, որը կազմավորվել է հայերի` իրենց ազգաժառանգ հայրենիքից բռնի բացառման արդյունքում և, ի վերջո, մի պետություն, որն այսօր օրենքով արգելում է Ցեղասպանության որևէ հիշատակում և «խորքային պետության» հովանավորությամբ մահվան է դատապարտում բոլոր նրանց, ովքեր, ինչպես Հրանտ Դինքը, փնտրում են խաղաղություն և հանգուցալուծում` ճշմարտության ուղով:

Եվ հիմա բռնապետ դարձած սույն «չափավոր իսլամիստները»` Իսրայելի հետ դիրքապայքարելով իրենց իսկ ծրագրերից և մանր միավորների վաստակումից ելնելով, հասցրել են հարուցել օրվա բուն հարցը:

Հրեական շրջանակներում և դրանից անդին հավաքական խիղճը «թարմացվում է» և երևում է, որ աստիճանաբար վեր է հառնում հիշողության Օրվելյան փոսից: Մարդիկ արդեն սկսում են խոստովանել Թուրքիայի` ցեղասպան հետագծի վերաբերյալ իրենց հիշողությունները: Ինչ վերաբերում է պարադիգմաներին ու դրանց փոփոխություններին, ապա սա ողջունելի միտում է. ինչպես հայկական ասացվածքն է հուշում` «Չկա չարիք առանց բարիքի»:

Սակայն որպեսզի դարակազմիկ այս հիմնախնդիրը հանգուցալուծվի պատմության հետ լիովին հաշտ` դրա պատճառային հիմքը պետք է լինի ամուր, իսկ իրականացումը` ամբողջական:

Երբևիցե չպետք է թույլ տրվի, որ անցյալ դարի Հայոց ցեղասպանությունը և դրանից ածանցվող վերապրող-պետության անվտանգությունը` այստեղ գտնվող իր մայրաքաղաքով մեկտեղ, դառնան քաղաքական ֆուտբոլախաղ երկու նախկին դաշնակիցների միջև ընտրովի օգտագործման համար` պարզաբանելու իրենց հարաբերություններն ու իրենց «զգեստապահարանների» փոխադարձ պարունակությունը:

Լավ կլինի, որ Թուրքիայի ժողովուրդը նախ սանձահարի, այնուհետև շրջադարձ ուղղություն վերցնել ստիպի երեսպաշտախոս իր արկածախնդիրներին, որոնց ներկայում վարած քաղաքականությունը անմիջական շարունակությունն է Թալեաթի, Էնվերի և Ջեմալի` երիտթուրքերի այն եռյակի, որը հղացավ ու կյանքի կոչեց Ցեղասպանությունը և Հայոց բարձրավանդակի համապարփակ բռնազավթումը: Իրականում թուրքերն իրենք պետք է մտածեն այս հարցի շուրջ:

Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Եվրոպային և նույնիսկ Իսրայելին, ապա այս ապականված գործը կարող է լինել նրանց նախավերջին պատեհությունը, որպեսզի ազգասպանությունը ճանաչեն իր իսկ անվամբ, ոճրագործ պետությանը պատասխանատվության կանչեն և վերջապես երաշխավորեն զոհերի ու նրանց ապրող ժառանգների հասանելիք իրավունքների վերականգնումը և վնասից փոխհատուցումը:

Սա պետք է ի կատար ածվի ոչ իբրև լավություն կամ ինքնանպատակ լծակների գործիք, այլ որպես պարզ, ուշացած և անպատասխան մնացած ճշմարտության ու արդարության պահանջ: Եվ ուրիշ ոչինչ:


Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Հայաստանի առաջին արտգործնախարարն է եղել, ով այժմ ՀՀ Ազգային ժողովում ներկայացնում է «Ժառանգություն» կուսակցությունը:

ԱրմենիաՆաուի էջերում