Անցյալ, ներկա և ապագա. Ժառանգություն և քոչարյանական տարիների դասերը

Անցյալ, ներկա և ապագա. Ժառանգություն և քոչարյանական տարիների դասերը


Շուտով անկախ Հայաստանը կունենա երկու նախկին նախագահ, որոնց կարելի կլինի փնովել (կամ էլ գովել)

Նայում եմ, թե ինչպես են կոհակներն ալիքվում,

Բայց երբեք չեն լքում հոսանքը

          Դեյվիդ Բոուի «Փոփոխություններ»

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության եկավ խառնակ ժամանակներում: Տասը տարի կառավարելուց հետո նա թողնում է խռովահույզ ժամանակներ` չորեքշաբթի նախագահի նստավայրի բանալիները Սերժ Սարգսյանին հանձնելով:

Երբ 1998-ին Քոչարյանն իշխանության եկավ, Լևոն Տեր-Պետրոսյանը նրան թողել էր մի հանրապետություն, որը պառակտված էր Ղարաբաղի հարցով, և պահանջվում էր այդ հարցի լուծում` ներքին անվտանգության ու տարածաշրջանային կայունության պահպանման համար:

Այսօր, երբ Քոչարյանը հեռանում է, խաղաղությունը Ղարաբաղում թվում է ավելի հեռու, քան երբևէ` 2001-ի հայտնի քիվեսթյան բանակցություններից հետո ընկած ժամանակաշրջանում: Յոթ տարի է անցել այն լավատեսական օրերից, որոնք նույնքան պայծառ էին, որքան այն արևադարձային արևը, որի շողերի տակ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը հյուրընկալեց Քոչարյանին ու Ալիև ավագին:

Այսօր Փաուելի հետնորդ Քոնդոլիզա Ռայսը (որը նույնպես ավարտում է պաշտոնավարումը) ասում է, որ ղարաբաղյան բանակցությունների ապագան «կասկածահարույց» է:

Ծագումով ղարաբաղցի նախագահը, որը հանձնում է իշխանությունը մեկ այլ ծագումով ղարաբաղցի նախագահի, հակամարտության կարգավորման առումով չկարողացավ ծառայել սեփական հայրենիքին: Նա ուներ 10 տարի և չկարողացավ կարգավորման հասնել:

Ի՞նչ նվաճումների հասավ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյակում:

Երկնիշ տնտեսական աճի վեց անընդմեջ տարիներ:

Չնայած այն դրամատիկ ու ցավալի պայմաններին, որոնք այս երկիրը շարունակում է հանդուրժել, անժխտելի է, որ կյանքը բարելավվել է` առնվազն դարձել է ավելի հարմարավետ, եթե ոչ բոլորի, գոնե մեծ մասի համար:

Փողոցները, որ ժամանակին բոուլինգի` հաջորդ գնդին սպասող նետուղիների նման դատարկ էին, այժմ հեղեղված են շքեղ ավտոմեքենաներով, ինչն անհնար էր պատկերացնել, երբ 43-ամյա Քոչարյանն առաջին անգամ ստանձնում էր Հայաստանի նախագահի պաշտոնը:

Մութ ու անշուք խորհրդային ոճի պահեստ-խանութներին, որոնք ցածրորակ ապրանքներ էին վաճառում հազիվ ծայր ծայրին հասցնող գնորդներին, այսօր փոխարինել են շողշողուն սուպերմարքեթները, որոնք առաջարկում են բոլոր անհրաժեշտ ու ոչ այնքան մթերքները: (Մաշտոցի պողոտայի նորաբաց խանութներից մեկում վաճառվում է ապխտած օձաձուկ` կիլոգրամը մոտ 60 դոլարով:)

Փողոցները բարեկարգ են, և նույնիսկ մայրաքաղաքից դուրս գտնվող մայրուղիներն ապակու պես հարթ են` ի տարբերություն մեկ տասնամյակ առաջվա կիսաքանդ ճանապարհների:

Հուսահատներն այսօր ավելի հեշտ կարող են հեռանալ Հայաստանից: Եվ այդպես էլ արել են, մինչ այս նախագահը հայրենիք էր կառուցում արտոնյալների համար` նրանց համար, ում փողերը բավական են այն թանկ կյանքի համար, որն ապահովվել է հուսահատներին տեղահան անելու հաշվին: Ոչ ոք այստեղ չի հավատում պաշտոնական տվյալներին, թե Հայաստանում 3 միլիոն մարդ է ապրում: Գուցե` երկու միլիոն:

Հեռացող նախագահին չի կարելի է մեղադրել, որ այդքան մարդ է հեռացել: Այլ հարց է, որ նրանք չեն վերադարձել: Նա կառուցել է, իսկ նրանք չեն վերադարձել:

Վերադարձել են ուրիշները` ԱՄՆ-ից, Իրանից, Մերձավոր Արևելքից, ովքեր միշտ երազել են լինել «Հայրենիքում», սակայն պարզապես սպասել են, մինչև այն ապահովի իրենց անհրաժեշտ հարմարություններն ու հարմարավետությունը:

ՀՆԱ երկնիշ աճի վեց անընդմեջ տարիները մի ցուցանիշ է, որով կհպարտանա ցանկացած նախագահ:

Բայց եկեք ավելի ուշադիր հայացք նետենք:

Ըստ հավաստի տնտեսական տվյալների` այդ աճի 27 տոկոսը գրանցվել է շինարարության ոլորտում: Եվս 14 տոկոսը, ըստ ՄԱԿ-ի զեկույցի, պայմանավորված է դրամական փոխանցումներով` գումարներով, որ ուղարկում են նաև այն մարդիկ, ովքեր հեռացել են Հայաստանից և օգնում են իրենց ընտանիքներին:

Այս թվերը նշանակում են, որ այս բուռն զարգացող տնտեսության աճի գրեթե կեսը (41 տոկոսը) չհարատևող ռեսուրսներ են: Եվ այդ դրամական հոսքերը առավել խոցելի են, երբ չկան անվտանգության երաշխիքներ, ինչպես այժմ Ղարաբաղի հարցում և երկրի ներսում` մարտի 1-ի իրադարձություններից հետո:

Ինչ վերաբերում է շինարարությանը, այն պետք է մի օր կանգ առնի: Եվ այդ օրը կլինի Սարգսյանի պաշտոնավարման տարիներին` մի բան, որ Սերժանտատորը, անշուշտ, հաշվի է առել:

Իրավացիորեն նշելով Քոչարյանի ներդրումը երկրի զարգացման գործում` հարկ է նշել նաև, որ մարդու իրավունքների հարցում նրա վարչակազմի «նվաճումները» աղետալի են, և կարելի է միայն հուսալ, որ նրա իրավահաջորդը կշտկի վիճակն այս ոլորտում:

Հիշենք Պողոս Պողոսյանին. Քոչարյանի թիկնապահներից մեկը ծեծելով սպանեց նրան ջազ սրճարանի զուգարանում ու մնաց անպատիժ:

Հիշենք Բուզանդի փողոցի բնակիչներին: Նրանց խաբեությամբ վտարեցին իրենց տներից այնպիսի փոխհատուցմամբ, որը ոչ միայն բավարար չէր, այլև վիրավորական էր, որպեսզի իրականացնեն կառուցապատման ծրագիր, որից շահեցին Քոչարյանի բարեկամ օլիգարխները: Իսկ պետությանն ապօրինությունների մեջ մեղադրող հարյուրից ավելի հայցերով կայացված դատավճիռներից և ոչ մեկը հօգուտ բնակիչների չէր:

Հիշենք, որ Քոչարյանի վարչակազմը փակեց միակ ընդդիմադիր հեռուստաընկերությունը («Ա1+»), իսկ այժմ էլ փորձում է լռեցնել Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը:

Հիշենք, որ նրա վերջին օրենսդրական նախաձեռնություններից էր հանրահավաք անցկացնելու` հանրության իրավունքների սահմանափակումը, որի հետևանքով անմեղ քաղաքացիներին բռնում են փողոցներից ու տանում ոստիկանատուն միայն այն բանի համար, որ նրանց քաղաքական հայացքները տարբեր են նախագահի հայացքներից:

Ի՞նչ նվաճումներ են գրանցվել անցած 10 տարում: Մեծ նվաճումներ:

Կամ էլ` ոչ այնքան: Նայած, թե դուք ով եք: Կամ էլ` ում հետ եք շփվո

ԱրմենիաՆաուի էջերում