Դյուրին հնարավորություն. ԵԽԽՎ բանաձևը` որպես ապաշխարելու նախագահական ձեռնարկ

Դյուրին հնարավորություն. ԵԽԽՎ բանաձևը` որպես ապաշխարելու նախագահական ձեռնարկ


ԵԽԽՎ պահանջները նախագահին լեգիտիմ առաջնորդ դառնալու հնարավորություն են ընձեռում

Այս ի~նչ շիլաշփոթ է,
Տեսնես` ո՞վ է հիմա ինձ հետևում …

                          Ռոքվել «Ինչ-որ մեկն ինձ հետևում է»

Չնայած պառակտված ազգը ապաքինելու` իր առջև ծառացած աննախանձելի անհրաժեշտությանը` նախագահ Սերժ Սարգսյանին ընձեռվել է մի հնարավորություն, որն իսկական պետական գործիչը պետք է համարի ճակատագրի ընծա` վերապահված պետության միայն այն ղեկավարներին, ովքեր օժտված են բավարար բարոյական մկաններով` դիմագրավելու միայն իրոք լեգիտիմ իշխանավորներին վայել մարտահրավերներին:

Ռոբերտ Քոչարյանը կարող է մնալ պատմության մեջ «երկնիշ» աճով, որը նախկին նախագահը կրում է շքանշանի պես, որի հակառակ կողմին կարող են լինել բազմաթիվ այլ անձանց անուններ, ովքեր հնարավոր են դարձրել այդ աճը, և որոնց մեծ մասն անձամբ շահել է տնտեսության հզորացումից: Արտասահմանցի ու հայաստանցի օլիգարխները օգնել են վերակառուցելու Հայաստանը (ինչը Քոչարյանը վերագրում է իրեն), և արել են դա` ավելի շատ առաջնորդվելով սեփական շահի, քան անձնազոհության նկատառումներով:

Նախկին նախագահն օգտվել է նաև ալտրուիստներից: Քըրք Քըրքորյանն է կառուցել այն ճանապարհները, որով հիմա փողեր են գնում-գալիս Ռուսաստան: Ոմանք` Թուֆենկյանը, Գաֆեսճյանը, Հովնանյանը և այլք, անելով այնպիսի ներդրումներ, որոնք ծառայում են նաև ավելի մեծ բարօրության, ստեղծել են մի մշակույթ, որը կարելի է անվանել «սոցիալական շահութաստեղծում»: Նրանց օրինակը հանգեցրել է կորպորատիվ պատասխանատվություն նոր հասկացությանը, որի օրինակն են «ԷյչԷսԲիՍի»-ն, «Վիվասելը» և մի քանի այլ ընկերություններ, որոնց թիվն արագ մեծանում է: Սրանք բոլորն էլ հարգարժան ընկերություններ են` անկախ նրանից, թե ինչ դեր է խաղացել նախկին նախագահը նրանց կայացման գործում:

Սակայն ճանաչելով Ռոբերտ Քոչարյանի նվաճումները` պետք է ընդունել դրանց միջնորդավորված լինելը:

Սերժ Սարգսյանն ունի իսկական նախագահ դառնալու եզակի հնարավորություն, որն ընձեռվել է նրան սեփական ժողովրդի տասը զոհերի ու հարյուրավոր վիրավորների գնով: Եթե նա դուրս բերի Հայաստանը ներկա ցավալի ճգնաժամից, ապա, անշուշտ, մասամբ կթոթափի ներկա անկայունությունը ստեղծելու համար ամոթի խարանի իր բաժինը: Նույնիսկ եթե նա ընտրակաշառքներով է ապահովել իր հաղթանակը, իսկ նման ենթադրության համար հիմքեր կան, նա նաև հնարավորություն ունի քավել իր մեղքը` արժանի պաշտոնավարումով:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հինգշաբթի ընդունած բանաձևը նախագահ Սարգսյանի համար հասարակության սասանված վստահությունը շուտափույթ վերականգնելու ձեռնարկ է:

ԵԽԽՎ բանաձևն ունի 14 կետ և 14 ենթակետ, սակայն կազմակերպության մտահոգությունը կարելի է ամփոփել երեք հիմնական քայլերում, որոնք հնարավորություն կտան Հայաստանին ու նախագահ Սարգսյանին ցրել ողբերգական դեպքերում ձեռք բերած` ժողովրդավար ողջախոհության անընդունակ պետություն ու նախագահ լինելու կասկածները:

1.Ազատ արձակել այն ձերբակալվածներին, որոնց ներկայացված մեղադրանքները չեն կարող սահմանադրորեն հիմնավորվել որպես հանցագործություններ` կատարված մարտի 1-ին կամ դրան առնչվող ժամանակաշրջանում:
2.Վերանայել օրենքում կատարված հանրահավաքներն արգելող փոփոխությունները:
3.Անցկացնել մարտի 1-ի և դրան հանգեցրած իրադարձությունների անկախ հետաքննություն:

ԵԽԽՎ բարի ցանկությունների ցուցակում բացակայում է այն կարևոր ճշմարտությունը, որ հարգարժան մարմինն ինքն էլ է պատասխանատվություն կրում փետրվարի 19-ից հետո կատարվածի համար, քանի որ ոչ Եվրախորհուրդը և ոչ էլ ԵԱՀԿ-ն չօգտվեցին Հայաստանի նախագահական ընտրությունները չընդունելու հնարավորությունից` փոխարենը ներկայացնելով մի զեկույց, որում հպանցիկ գովասանքը միախառնված էր հպանցիկ պախարակմանը, իսկ եզրահանգումը բավական հեռու էր անցկացված ընտրությունների իրական պատկերից:

Այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպությունները չեն ընդունել պատասխանատվության իրենց բաժինը, չպետք է ազատի նախագահ Սարգսյանին գործի իր բաժինը կատարելու անհրաժեշտությունից:

Ազատ արձակել, վերանայել, հետաքննել: Արեք դա, պարոն նախագահ, և դա կապացուցի ձեր հուսալիությունը և ավելի մեծ ծառայություն կմատուցի ձեզ, քան այն փիար ընկերությունը, որին ձեր իմիջը ձևավորելու համար ամսական 65.000 դոլար եք վճարում: (Արժե նշել, որ այդ ընկերությունը ներկայացրել է նաև Բենազիր Բհուտտոյին:)

Լսեք, թե ինչ է ասել արդարադատության ձեր նախկին նախարար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Ստրասբուրգում:

«Դա պետք է անել, ոչ թե որպեսզի Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում պահպանի քվեարկելու իրավունքը կամ որպեսզի ինչ-որ մեկը զեկուցի Հայաստանի առաջընթացի մասին: Մենք պետք է գիտակցենք, որ դա անում ենք մեզ համար»:

Նախագահ Սարգսյանին ընձեռվել է հրաշալի հնարավորություն` առանց ավանդական «100 օրվա» ապացուցելու, որ իր «Առաջ, Հայաստան» կարգախոսն ավելին է, քան թանկ ու անիմաստ նախընտրական քարոզարշավը:

Եթե խոսքը միջազգային հեղինակությունը փրկելու մասին է, ապա ավելի կարևոր է շահել ժողովրդի սիրտը, որն անհամբեր սպասում է ազդանշանի, որ հայրենիքի հանդեպ սերը կարող է գերակայել անձնական հավակնություններին: Սա հերոս դառնալու հրաշալի հնարավորություն է:


ԱրմենիաՆաուի էջերում