Առաջընթացի գինը. վերևների քայլերի հետևանքները շատ արագ հասնում են ներքևներին` որպես ժողովրդավարացման գին
Շատ յուրահատուկ: Ջոն Լենոն «Ինձ ոչ ոք չի ասել» Նախագահ Սերժ Սարգսյանի գործը հեշտ չի լինելու: Նա հասավ նախագահության` մանիպուլյացիայի ենթարկելով քաղաքացիներին ու իրադարձությունները, և այժմ ստանձնում է պաշտոնն այն մարդկանց արդարացի ըմբոստության ու գոռում-գոչյունների պայմաններում, ովքեր գուցեև համամիտ էին նրա մտադրությանը, սակայն չէին ենթադրում, որ իրենք էլ պետք է վճարեն «Առաջ, Հայաստան» մայրուղին գցելու գինը: Պաշտոնավարման առաջին 10 օրում ընդունված երկու կարևոր որոշում ցույց է տալիս ճգնաժամում հայտնված հանրապետությունը ղեկավարելու ամբողջ բարդությունը: Առաջին բանը, որ վարչապետ նշանակվելուց հետո արեց թիվ երկու Սարգսյանը` Տիգրանը, գազի սակագնի սուբսիդավորման վերացման մասին հայտարարելն էր, որը, թեև չի բարձրացնում գազի գինը, սակայն բարձրացնում է դրա սպառման սակագինը: Այս կսմթոցը լիովին չի զգացվի մինչև առաջիկա ձմեռ, երբ պարզ կդառնա, թե ինչ արդյունավետությամբ է ներկա վարչակազմը հաստատում, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, իր ջերմ հարաբերությունները Ռուսաստանի` գազի և իր ֆորպոստ Հայաստանի տիրոջ հետ: Այս քայլի տրամաբանությունը միանգամայն հասկանալի է. հանրային օգտագործման համար նախատեսված պետական միջոցները սահմանափակ են: Սակայն ընտրված ժամանակը կասկածահարույց է և չի նպաստում հանրության վստահության ձևավորմանը այս ուժեղ, բայց չհաստատված ու չսիրված իշխանության հանդեպ: Բոլոր նրանք, ովքեր զրկված են ներքին տեղեկություններ ստանալու արտոնությունից, իսկ դա գրեթե ամբողջ բնակչությունն է` բացի 131 պատգամավորներից, հավանաբար, դա կընկալեն որպես նոր բեռ սպառողների համար ու կզարմանան, թե ինչո՞ւ էր պետք է դա անել հիմա, երբ Հայաստանին ավելի, քան երբևէ, պետք է բարի կամքով միավորված լինել և ոչ թե էլ ավելի օտարվել իշխանություններից, որոնք լեգիտիմության պակաս են զգում և ցույց են տվել, որ անտեսում են քաղաքացիների շահերը: Եթե չհաշվենք վստահությունը, որը կարելի էր վերականգնել, եթե օրենքն ավելի թափանցիկ կիրառվեր, մենք բոլորս հակված ենք բացատրելու ամեն ինչ մեր սեփական հավասարումով: Ռուսաստանի նախընտրական աջակցությունը թիվ մեկ Սարգսյանին + Հայաստանի գազը պատկանում է Ռուսաստանին` «Գազպրոմ» մեգաընկերությանը + լուրեր այն մասին, որ արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է բարձր պաշտոն զբաղեցնել «Գազպրոմում» + խոսակցություններ, որ թիվ երկու Սարգսյանը պաշտոնավարումն ավարտած նախագահի ներկայացուցիչն է = ցուրտ ձմեռ տնտեսական ոչ բարվոք վիճակում գտնվող հազարավոր հայաստանցիների համար: Հնարավոր է, որ մենք սխալվում ենք: Բայց պատասխանատվությունը, նախևառաջ, ընտրված ու նշանակված իշխանությունների համար է, և եթե նրանք ոչ մի սխալ բան չեն արել (հնարավոր է, որ այդպես էլ կա), մի՞թե բնավ չեն գիտակցում, որ չարժեր հենց սկզբից լրացուցիչ հոգս դնել սեփական ժողովրդի վրա: Թե՞, ինչն ավելի վատ է, դա նրանց բոլորովին չի հուզում: Մեծ թենիսիստ Անդրե Ագասիի գովազդներից մեկը, որում նա ասում է` «Իմիջն ամեն ինչ է», գուցեև «էյս» չէր նրա համար, բայց այս երկրում, որն Ագասիին իր զավակն է համարում, տեսախցիկի նրա հին գովազդային կարգախոսը կարող է որոշակի ուշադրություն բևեռել այս վարչակազմի վրա: Մինչ մշտապես կարճ կտրած մազերով թիվ երկու Սարգսյանը դոլարներ էր «խուզում» բյուջեի գազային պարտավորություններից, թիվ մեկ Սարգսյանը պայթեցնում էր մաքսային կոմիտեով հոսող ապօրինի «փողամուղը»: Պաշտոնակալության արարողության շամպայնի խցանները դեռ նոր էին գետնին ընկել, երբ նախագահ Սարգսյանը հարձակվեց մաքսայինի վրա, որպեսզի ցույց տա, թե ով է հիմա տեր ու տիրակալը: Սա շատ տպավորիչ կերպով ներկայացվեց հեռուստադիտողներին, որոնք ականատես եղան, թե ինչպես է Սերժանտատորը շշպռում մաքսայինի ներկայացուցչին, որը կամ դրածո էր հեռուստախցիկների առաջ, կամ էլ պարզապես շարքային մաքսավոր, որի հատուցման ժամը եկել էր: Թիվ մեկ Սարգսյանը հրապարակավ նվաստացրեց մաքսավորին, որը չկարողացավ տվյալներ ներկայացնել խախտումների համար նշանակված տուգանքների մասին, ինչը, հնարավոր է, վկայում է, որ նման փաստաթղթերը բացակայում են այդ պետական հաստատությունում, որը հայտնի է իր անմաքուր աշխատաոճով ու նաև նրանով, որ խիստ ցանկալի աշխատավայր է, քանի որ այստեղ կարելի է հեշտությամբ փող «աշխատել» ու թաքցնել հետքերը: Այդ քոթակը վաղուց էր հասնում, և դա ազդանշան էր, որ ժողովրդավարությունն այստեղ որոշակի հնարավորություն է ստանում, եթե պետության ղեկավարը պատրաստ է միջոցներ ձեռնարկելու կոռուպցիայի հիմնական աղբյուրներից մեկի նկատմամբ: Ամեն ինչ շատ լավ էր արված: Բայց, ավաղ, վատ ընդունվեց նրանց պատճառով, ովքեր, ի վերջո, վճարելու են այդ ամենի համար: Դրանք ավազակ պաշտոնյաները չեն, ովքեր խախտում էին օրենքը, քանի որ հենց իրենք են այդ օրենքը: Դա, անշուշտ, օլիգարխ օրենսդիրները չեն, ում թանկարժեք կոստյումները չեն գալիս Ստամբուլից` հայտնի կարմիր-սև-սպիտակ վանդակավոր կապոցներով, կամ Չինաստանից` ստվարաթղթե տուփերով: Երբ տոնավաճառների շարքային առևտրականների և մաքսայինի լկտի թալանչիների ապօրինի համաձայնության հետևանքով պետությունից թաքցված միջոցները բարեհաջող հասնեն պետության գանձարան, շարքային հայաստանցու շշմեցուցիչ «Արմանի» կոստյումի գինը կաճի նույնքանով` գումարած «քյարը»: Սարգսյանի տարիների այս առաջին օրերը կանխատեսում են մի վարչակազմ, որը, կատարելով հսկայական ու անզիջում քայլ` չի վախենում դիմել անհրաժեշտ, ոչ պոպուլիստական միջոցների: Սակայն հարց է` արդյո՞ք ընտրողների հանդեպ ավելի բարյացակամ մանկական քայլերն ավելի հարմար կլինեին դեռահաս երկրի անհաստատ քայլերին, երբ այս վարչախմբին իշխանության բերած գործընթացը զրկել է նրան ոտքերի տակի հողից: Կասկածից վեր է այն դաժան ճշմարտությունը, որ թիվ մեկ և թիվ երկու Սարգսյանները կվաստակեն այն, ինչ ենթադրում են նրանց պաշտոնների արտոնությունները: Սակայն պաշտոն վաստակելուց շատ ավելի դժվար կլինի հարգանք վաստակելը:
Other Articles in Հայացք դրսից
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.