Հարցեր բանակցության համար. եթե կոալիցիան հավատում է ընտրությունների պաշտոնական արդյունքներին, ապա ո՞րն է Տեր-Պետրոսյանի հետ հաշվի նստելու իմաստը
«Թոքինգ հեդզ» - «Նոր զգացում» Ես թվերի հետ լավ չեմ, ուստի տոկոսների և այլ հարցերում կարող եմ լուրջ թյուրիմացությունների մեջ ընկնել: Եվ ուզում եմ հարց տալ (չմոռանաք վերոհիշյալ խոստովանությունս): Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 19-ի ընտրություններում ստացել է ձայների ընդամենը 21,5 տոկոսը, ինչո՞ւ է նրա գլխավորած շարժումն արժանացել նման ուշադրության ու ստեղծել այս ամբողջ խառնաշփոթը: Ամեն 10 հայաստանցիներից երկուսը նրան է ցանկացել նախագահ տեսնել, ամեն 10-ից ավելի քան հինգը (52,8 տոկոսը) ընտրել է Սերժ Սարգսյանին: Այդ դեպքում ինչո՞ւ են հարցը փակելուց գրեթե երեք ամիս անց շարունակվում երկխոսության կոչերը: Էլի թվաբանություն. Արթուր Բաղդասարյանը ստացել է ձայների 16, իսկ Վահան Հովհաննիսյանը` 6 տոկոսը: Երկուսն էլ համաձայնել են համագործակցել Նախագահ Սերժի հետ (նրա ղեկավարած կուսակցությանը կեղծիքների մեջ մեղադրելուց հետո): Նրանց միացումն այս տաքուկ կոալիցիային պետք է նշանակեր, որ այս վարչակարգին սատարում է բնակչության մոտ 75 տոկոսը, այնպես չէ՞: Պետք է որ, բայց… Այսօր Հայաստանը ղեկավարող գործիչները շատ լավ գիտեն, որ իշխանության են եկել ոչ այնքան ժողովրդավարական ընտրության արդյունքում: Նրանք գիտեն, որ նորմալ անցկացված ընտրություններում` նորմալ մոնիթորինգով ու նորմալ հաշվարկով, պետք է որ առնվազն երկրորդ փուլ լիներ ատելություն սերմանող ԼՏՊ-ի և Սերժ Մանիպուլյատորի միջև: Ընտրությունը մեծ չէ, բայց դե… Երբ 2003-ին Ռոբերտ Քոչարյանը երկրորդ փուլում հաղթեց Ստեփան Դեմիրճյանին 67/33 տոկոս հարաբերակցությամբ, մի՞թե Ռոբերտ Շինարարը փորձեց սիրաշահելով հաշտվել Կարեն Որդու հետ: Մի՞թե Քոչարյանը «երկխոսության» կոչ արեց իր մրցակցին, որին նման ծանր պարտության էր մատնել: Եվ կամ մի՞թե իր պարտությունն ընդունած Դեմիրճյան Որդին հանդիպում խնդրեց: Ոչ, թեև Որդու նկատմամբ նրա առավելությունը նվազ տպավորիչ էր, քան Սերժի հաղթանակը Հառնածի նկատմամբ, հանդիպման կոչ չեղավ: Մինչդեռ պաշտոնավարման 5 տարուց մեկ ամիսն արդեն անցել է, սակայն շարունակվում են նրան ու լևոնականներին ուղղված` տարաձայնությունները հարթելու ու հաշտություն կնքելու կոչերը: Ինչո՞ւ: Եթե ամեն 10 հայաստանցիներից միայն 2-ն է դժգոհ ներկա իշխանություններից, ո՞րն է այս հաշտեցման կոչերի իմաստը: Թյուրըմբռնումից խուսափելու համար նշենք, որ Սերժը չի զանգահարում ԼՏՊ-ին հանդիպման խնդրանքով: Միջազգային կառույցներն են դա անում, և Տեր-Պետրոսյանն ասում է, որ պատրաստ է: Ի՞նչ իրավունքով: Որքա՞ն ամբարտավան պետք է լինի պարտվածը` իրեն հաղթողի նման պահելու համար: Պատասխան. մոտավորապես այնքան, որքան չի հավատում, որ պարտություն է կրել արդար պայքարում: Ի՞նչ իրավունք ունի Տեր-Պետրոսյանը հանդիպում ակնկալելու մի մարդուց, որը հաղթել է իրեն 5:2 հարաբերակցությամբ: ԵԹԵ այդ թվերը ճիշտ են: Բանն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքերն ամրապնդում է այն փաստը, որ այստեղ ոչ ոք` ընտրողներից մինչև դիտորդներ` ներառյալ իշխանության ներկայացուցիչները, չի հավատում ընտրությունների պաշտոնական արդյունքներին: Եվ հիմա ամեն ոք փորձում է ինչ-որ կերպ շտկել այս ցավալի իրավիճակը, որից հնարավոր էր խուսափել, եթե տեղացիները, միջազգային կառույցներն ու բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, վերջ տային այս խելահեղությանը, մինչև այն կհանգեցներ մարտի 1-ի զոհերին: Բայց ոչ ոք ոչինչ չարեց, և այսօր մենք հայտնվել ենք փակուղում: Ինչի՞ մասին կարող են խոսել Սերժն ու Լևոնը: Լևոն. «Պաշտոնակալության օրը շատ սիրուն փողկապ էիր կապել, Սերժ: Ես թիկնազորով շրջապատված տանս բազմոցին թիկնած դիտում էի քո զինվորական մենաշքերթը»: Սերժ. «Դե, Լևոն ջան, եթե իմ տոնը հարամած չլինեիր, հնարավոր է` նույնիսկ հրավիրված լինեիր: Ի դեպ, շամպայնը ընտիր էր»: Եվ ի՞նչ իմաստ ունի նրանց հանդիպումը, եթե Տեր-Պետրոսյանի ճամբարն այնքան մարգինալացված է, որ նրան ձայն է տվել ընտրողների ընդամենը 21 տոկոսը: Ես կարող եմ առանց պատշգամբից դուրս գալու գտնել բազմաթիվ հայաստանցիներ, որոնք ցանկացած հարցում կարող են ավելի «պառակտված» լինել, քանը 2-ը 10-ից: Սրանք հարցեր են, որ ընտրություններից գրեթե 90 օր անց պետք է անպատասխան չմնային: Եվ դրանց պատասխանները մի տեսակ բնական են, երբ չկա վստահություն ոչ բուն ընտրությունների գործընթացի, ոչ ձայների հաշվարկի և ոչ էլ քաղաքակիրթ բանավեճի հնարավորության նկատմամբ: Եթե նախագահը մանդատ է ստացել, թող օգտագործի այն: Եթե չի օգտագործում, ուրեմն թող ընդունի, որ իշխանության է եկել ոչ լեգիտիմ ճանապարհով: Կամ ընդունեք, որ փետրվարյան ընտրությունները կեղծվել են, կամ ճամփու դրեք Տեր-Պետրոսյանին որպես դժգոհ ընդդիմադրի (դատելով նրա ստացած ձայների քանակից): Հայաստանին առաջնորդ է պետք և ոչ թե հաճկատար: Նորընտիր նախագահի համար առաջին նախագահի հետ բանակցելը կարող է նշանակել լեգիտիմության որոշակի մաս զիջել Տեր-Պետրոսյանին, ինչը չի արդարացվում Սերժ Սարգսյանին իշխանության բերած ձայների թվով: Եթե այս ընդդիմության անարժան ներկայացուցիչները համաժողովի համար դահլիճ են ուզում, ինչո՞ւ է պետք նրանց տրամադրել կառավարության նիստերի դահլիճը (ինչպես անցյալ ուրբաթ տեղի ունեցած կոնգրեսի պարագայում): Եթե նրանք այնքան մարգինալացված են, որքան ենթադրում են Նախագահ Սերժի տրամադրած թվերը, սովորական հարսանյաց սրահը լիովին կբավականացներ նրանց: Նույնիսկ սրճարանը հերիք կլիներ (գուցե նախագահի շրջապատին առնչություն ունեցող բազմաթիվ սրճարաններից մեկը): Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճան է, ինչպես նրան պիտակել է նոր վարչակարգը, ուրեմն ձերբակալեք ոճրագործին ու վերջ: Եթե ոչ, ուրեմն ընդունեք, որ ներկա իշխանությունը վստահության պակաս ունի: Հայ ժողովրդին պետք է ուժեղ ղեկավարություն, որին կարելի է վստահել անելու այն, ինչ ճիշտ է ժողովրդի համար: Այդ թվում` նաև կատարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջները: Նախագահ Սերժը երեք շաբաթ ուներ` ցույց տալու համար, որ Հայաստանն այդ առումով լավ միջազգային գործընկեր է: Երեք շաբաթ է անցել. անարդար կալանվածներն ազատ չեն արձակվել, մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն չի սկսվել, միայն թեթևակի մեղմացվել են հանրահավաքների դեմ կիրառվող միջոցները: Էլ ինչի՞ մասին կարելի է խոսել:
Other Articles in Հայացք դրսից
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.