Զավեշտալի իրավիճակ. առաջնորդներն ու պարտվածները Հայաստանում իրականացվող ժողովրդավարասպանության ժամանակներումԱյն ժամանակ… Էլվիս Կոստելլո «Փայլուն սխալ» Ինձ բախտ է վիճակվել ապրելու նույն բնակարանում մի հնգամյա փիլիսոփայի հետ: Մեկ տարի առաջ, երբ նա դեռ չէր հասել հասունության այն աստիճանին, որն այժմ դրսևորվում է Բարբիի և/կամ Սկուբի Դուի հետ սեփական ինքնությունը փոխատեղելու կարողությամբ, նրա վերլուծական ունակություններն իրենց արտահայտությունը գտան մի առավոտ` նորաձևության հերթական ճգնաժամի ժամանակ, երբ որոշում էր, թե մանկապարտեզ գնալիս ինքը ավելի նորաձև տեսք կունենա մուգ կարմի՞ր, թե՞ փիրուզագույն զուգագուլպայով: Նրա աշխարհը կազմող թավշե ու պլաստմասսայե խաղալիքների կույտից վերցնելով մեկը` Բարբի Դուն խոսակցություն սկսեց մոր հետ կենդանիների անունների մասին: Մայր. «Դա ընձուղտ է»: Բարբի Դու. «Ոչ, սա կրիա է»: Մայր. «Ոչ, դա ընձուղտ է»: Բարբի Դու. «Է~հ, մաա~մ, սա կրիա է, որ ձևացնում է, թե ինքը ընձուղտ է»: Այս շաբաթ խորհրդարանի նույնքան շփոթահար, սակայն նկատելիորեն նվազ անմեղ անդամները առաջին ընթեցմամբ ընդունեցին կրիա` ձևացնելով, թե դա ընձուղտ է: «Ազգային» ժողովում ընդունված հանրահավաքների մասին օրինագիծը ցույց է տալիս (կարծես` մենք դրա լրացուցիչ կարիքն ունենք) այս իշխանությունների պատրաստակամությունը` վիրավորելու սեփական ժողովրդին, որին կոչված է քաջալերելու: Ճիշտ այդպես էլ երկրի ղեկավարի նախկին թեկնածուի մեկնաբանությունները ցույց են տալիս ընդդիմության առաջնորդի պատրաստակամությունը` խուսափելու թշնամանքը հաղթահարող լուծում գտնելուց` թշնամանք, որը պառակտում է այն երկիրը, որը, նրա պնդմամբ` օրենքով ինքը պետք է ղեկավարեր: Հայաստանի առաջնորդները և այդպիսիք լինել ցանկացողները շատ բան կարող են սովորել Բարբի Դուից: Սակայն նրանք շատ հեռու են անսալուց: Դա է ցույց տալիս այս շաբաթվա երկու իրադարձություն: 1. Հավաքվեք ինչպես կուզեք, քանի դեռ մենք չենք առարկում Հանրահավաքների մասին Հայաստանի վիճահարույց օրենքը նոր ընթացք ստացավ Բաղրամյան պողոտայում գտնվող դեղին շենքում, որտեղ օրենսդիրները փոփոխեցին իրենց իսկ ընդունած փոփոխությունը, որը ծառայում է իրենց իսկ շահերին և ուղղված է իրավազրկած հանրության դեմ: Իրավազուրկներից իրենց պաշտպանելու անսահման մղումով և անօրինական արտոնություններից զրկվելու վախով առաջնորդված` խորհրդարանը որոշեց, որ, անշուշտ, իրավունք կտա հանրությանը բողոքելու, քանի դեռ այդ բողոքները տեղավորվում են իր սահմանած շրջանակներում: 93 «կողմ» և 6 «դեմ» քվեարկությամբ ընդունվեց մի օրենք (այդ 6-ն էլ, իհարկե, «Ժառանգություն» խմբակցությունից են` միակ քաղաքական ուժից, որը «ոչ» է ասում հիմնավոր պատճառներով), որը թեև մի քիչ մեղմում է հանրությանը քաղաքացիական իրավունքներից զրկող մարտի 17-ին ընդունված փոփոխությունները, սակայն պահպանում է իշխանությունների լիակատար վերահսկողությունը ինչպես այն մարդկանց նկատմամբ, ովքեր պաշտոնի են բերել այս իշխանություններին, այնպես էլ նրանց նկատմամբ, ովքեր ուզում են զրկել նրանց այդ պաշտոններից: Իսկ հիմա գալիս է «ընձուղտ ձևացող կրիայի» լավագույն մասը. եթե հանրահավաք անցկացնելու թույլտվությունը, դիմողի կարծիքով, հանիրավի մերժվում է, նա կարող է դիմել դատարան: Պատկերացնո՞ւմ եք, ի~նչ առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության առումով: Տեսնո՞ւմ եք, Եվրամիություն և այլք: Տեսեք, մենք էլ կարող ենք քաղաքակիրթ լինել: Բացի մի հանգամանքից. Հայաստանի դատարանները այդ նույն 93-ի (կամ նրանց «տանիքների») գրպանում կամ կրնկի տակ են, ում «այո»-ով այս նախագիծն օրենքի ուժ կստանա: Առաջարկել դատարանը որպես հաշտարար դատավոր ժողովրդավարասպանության այս համակարգում` նույնն է, որ ես Բարբի Դուին ասեմ` «Գնա, հարցրու մայրիկիդ», երբ նրան դուր չի գալիս իմ ընդունած որոշումը: Միջազգային կառույցներին այս օրենքը դուր կգա, քանի որ նրանք զլանում են խորանալ մանրուքների մեջ: Բայց ժողովրդին դուր չի գա: 2. Երկխոսություն երկխոսության մասին Լևոն Տեր-Պետրոսյանը սկսում է ստիպել ինձ համակրել Սերժ Սարգսյանին: Եվ այդ հիասթափությունը շատ խորն է: Ահա թե ինչ է ասել Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչն այս շաբաթ, երբ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը (Աստված օրհնի նրան) կրկին երկխոսության կոչ արեց ընդդիմությանն ու իշխանություններին. «Մենք պատրաստ ենք երկխոսություն սկսելու վարչակարգի հետ: Սակայն այդ երկխոսությունը չի կարող սկսվել կողմերից մեկին ծնկի բերելու նպատակով…»: Ի՞նչ: Եվ սա ասում է մի մարդ, ով անցյալ աշնանը սկսեց իր նախագահական քարոզարշավը` Սարգսյանին ու նրա շրջապատին «ավազակապետություն» անվանելո՞վ: Տեր-Պետրոսյանի քարոզարշավի հիմքում հակառակորդին փնովելն էր: Իսկ հիմա նա ասում է, որ «պատրաստ» է քննարկելու տարաձայնությունները, եթե մյուս կողմը հրաժարվի իրեն պատին դեմ տալու մտադրությունից: «[Նպատակը] պետք է լինի երկրում իրական բարեփոխումներ իրականացնելն ու քաղաքական գործունեության նորմալ դաշտ ստեղծելը»,- ասել է Տեր-Պետրոսյանը: Նորմա՞լ: Նորմալը նշանակում է մեղադրել հակառակորդներին մարդասպանությանը մեղսակցելու մե՞ջ, ինչպես արեց Տեր-Պետրոսյանը` ակնարկելով, որ Սարգսյանը և նախկին նախագահ Քոչարյանը կապ ունեն 1999 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում ութ քաղաքական գործիչների սպանությանը: Ո՞ր «նորմալ» հասարակությունում է դա «նորմալ»: Իր կողմից նախագահ Սարգսյանը լցրել է բանտերը մարդկանցով, ովքեր, հավանաբար, պետք է այնտեղ չլինեին (թեև նրանց շարքում կան նաև արժանիորեն բանտարկվածներ), սակայն հայտնվել են ճաղերի հետևում, որպեսզի այլևս չկարողանան վրդովմունք գրգռել Սարգսյանի վարչախմբի դեմ: Դիմադրության նրա պարանոյան առաջ է բերում մի հարց, որն արդեն բարձրացրել ենք այս խորագրի տակ. եթե նրան ընտրել է հայաստանցիների 53 տոկոսը, ապա ինչո՞ւ է նա այդպես սարսափում իր հակառակորդին ընտրած մի քսան տոկոսից: Երկխոսության մասին այս բանավեճի հիմքում Հայաստանի ցանկությունն է` լինել Եվրախորհրդի լավ անդամ` Եվրամիությանն անդամակցելու հեռահար նպատակով: Իսկ առայժմ Հայաստանը ավելի ու ավելի քիչ է նմանվում Եվրոպային (ընդ որում, ես չեմ պնդում, թե դա վատ է) և ավելի ու ավելի շատ` մի երկրի, որը չի տարբերում կրիան ընձուղտից, սակայն որի ժողովուրդը շատ լավ տարբերում է դրանք, երբ մեկը ծպտվում է մյուսի տակ:
Other Articles in Հայացք դրսից
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 6 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.