Թեթև սովամահություն. ռոտացիոն «հացադուլները» տպավորություն չեն գործումԲայց, երևի, սխալ ժամանակ: Դոկտոր Ջոն «Ճիշտ տեղ, սխալ ժամանակ» Ես ոչ մի ջանք չեմ խնայում` ճգնելով հասկանալ ներկայումս Հայաստանը համակած «հացադուլների» համաճարակի տրամաբանությունը: Նախապատմություն. Ներկա վարչակազմը շարունակում է ճնշել, ձերբակալել և, ընդհանրապես, փչացնել իր այն հպատակների կյանքը, ովքեր փետրվարի նախագահական անարդար ընտրություններում սխալ կողմ էին ընտրել: Երկու ճամբարներում էլ կան շան որդիներ, մի բան է հաստատ. կան բանտարկվածներ, ովքեր չպետք է բանտում լինեին, և կան այնպիսիք, ովքեր ազատության մեջ են ու պաշտոններ ունեն, սակայն ավելի մեղավոր են, քան պետության դեմ գործած հանցանքի համար կալանվածները: Ուստի` ընդդիմության ներկայացուցիչները, իսկ վերջերս` նաև ազատամարտիկները, սկսել են հրաժարվել սննդից` եթե կարելի է այդպես ասել: Նրանք հրաժարվում են ուտել երեք օր: Ըստ էության, նրանց հացադուլներն ավելի նման են պահքի, բայց, երևի, «ազատության պահքը» այն հասարակական հնչողությունը չունի, ինչ «հացադուլը»: Աստված օրհնի հացադուլավորներին, քանի որ նրանց գործն արդար է: Սակայն հանրության համատարած աջակցությունը շահելու կամ նույնիսկ միջազգային ուշադրության արժանանալու տեսանկյունից նրանց մեթոդները մի տեսակ անլուրջ են: Ո՞վ է երբևէ լսել «ռոտացիոն» հացադուլի մասին: Ճիշտ այդպես` երեք օրը մեկ ակտիվիստները երեք օրով հրաժարվում են սննդից, իսկ հետո նրանց փոխարինում են իրենց եռօրյա հերթափոխին սպասող մյուս ակտիվիստները: Միայն Հայաստանում կարելի է երեք օր չուտելը «հացադուլ» անվանել: Մինչդեռ շատ երկրներում դա անվանում են առողջ սննդակարգ` շաբաթավերջյա պահք` օրգանիզմը մաքրելու, թույներից ազատվելու նպատակով: Սակայն այդ երկրները, հավանաբար, ծանոթ չեն խորովածի, տոլմայի, «Լոռի» պանրի կամ երկնքից ընկած թարմ ծիրանի ու լոլիկի գաստրոնոմիական վայելքներին… Ամենահայտնի հացադուլն անցկացվում է Եռաբլուրում: Ցույց տվեք մեկը, որ անցկացվում է խորովածանոցների Պռոշյան փողոցում, և կհավատանք, որ դա լուրջ է: Ինչևէ: Մեթոդներից բացի, ինձ համոզիչ չի թվում հացադուլի բուն գաղափարը, նույնիսկ եթե իրականացվում է ավանդական կարգով: 1980-ականների սկզբին իռլանդացի Բոբի Սենդզը մեզնից շատերի համար հերոս դարձավ, երբ բողոքի հացադուլ անելով` մահացավ բրիտանական բանտում: Նա առաջինն էր մի քանի իռլանդացի «ազատամարտիկներից», որոնք հացադուլից մահացան Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերի աչքի առաջ: Սենդզի բողոքի հերոսական ակցիան արժանացավ միջազգային հանրության ուշադրությանը (այսօրվա լրատվական հնարավորություններից դեռ շատ առաջ): Բոբի Սենդզը մահացավ: Մեծ Բրիտանիան շարունակում է իշխել Հյուսիսային Իռլանդիայում: Բոբիի դանդաղ ինքնասպանությունը տևեց 66 օր: Համեմատության կարգով` Եռաբլուրում նստած տղերքը երեք օրը մեկ հաստատ մի բան ուտում են: Հայ բողոքավորները մի քիչ հետ են մնացել ժամանակներից, եթե կարծում են, թե երեք օր չուտելով` կարող են փոխել մարդկանց համոզմունքները: Դա էլ մի կողմ թողնենք: Իշխանությունների հեչ պետքը չէ: Որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ եթե Հայաստանի իշխանությունները կարող են տասնյակ մարդկանց անարդար կերպով բանտ նետել, ապա նրանք դժվար թե ապաշխարեն մի քանի մարդու եռօրյա հացադուլներից: Երբ Սերժ Սարգսյանն իր նախագահական ճաշին բիֆշտեքս կամ ձկնկիթ է ուտում, մի՞թե նրան հետաքրքրում է, թե ինչ են ուտում գերեզմանոցում նստածները: Ճիշտ է Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Ռուզան Խաչատրյանը, երբ կասկածի տակ է դնում հացադուլների արդյունավետությունը: Բայց սխալվում է, երբ ասում է, թե դա անօգուտ է, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ: Հացադուլն անօգուտ է, քանի որ վերջին տասնամյակում Հայաստանի ընդդիմության փորձած միջոցների մեծ մասի նման այն բացասաբար է ընկալվում և ժամանակավրեպ է: Փաստորեն, հացադուլները հակաիշխանական ուժերին համակրողներին հուսահատ տեսք են տալիս, և շատ ավելի թույլ` թեկուզ երեք օր չուտելու հետևանքով:
Other Articles in Հայացք դրսից
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 8 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.