Անկարայից մինչև Դրեզդեն. ճշմարտությունն ընդդեմ տեսակետի, երբ խոսքն իրականում դիվանագիտության մասին էՈրտե՞ղ են այս բառերը, երբ դրանք պետք են: Ոչ Վաշինգտոնում: Հաստատ ոչ Անկարայում այս ապրիլին: Դրանք Դրեզդենում էին` ուրբաթ օրը, իմ հերոս և նախագահ Բարաք Օբամայի շուրթերին, և այդ բառերը ճշմարիտ էին ու անասելի սուր, ու բաժանում էին խելամիտ մարդկանց հիմարներից, ովքեր կարծում են, թե պատմությունն ընդունելը կյանքի ընտրություններից մեկն է: «Առ այսօր կան այնպիսիք, ովքեր պնդում են, թե Ողջակիզում երբեք չի եղել` փաստերի ու ճշմարտության մերժում, որն անհիմն է, տգետ ու ատելի,- ասաց Օբաման: - Այս վայրն ամենամեծ կռվանն է նման մտքերի դեմ և հիշեցում է մեր պարտականության մասին` դիմակայելու նրանց, ովքեր ստեր են տարածում մեր պատմության մասին»: Փոխարինեք «Ողջակիզումը» «Հայոց ցեղասպանությամբ», և այդ խոսքերը կպատկանեն այն նույն մարդուն, որը, հավատում եմ, չի վերածվել մի մարդու, որը շատ ամերիկահայերի գնահատականներում բացականչական նշանի փոխարեն արժանացել է հարցական նշանի: Ինձ ապշեցրեց, թե նա ինչպես է կիրառում «մեր պատմությունը» խոսքերը: Մե՞ր: Ո՞ւմ է պատկանում 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում ձևավորված պատմությունը: Առ այսօր` թուրքերին: Նրանք են, որ հմտորեն խաղում են դրանով` վերաձևելով պատմությունն ու զրկելով այն սեփականտիրոջից: «Դա մենք չենք արել, պատերազմն է արել»: Մի՞թե ինչ-որ մեկի ընտանիքն ավելի քիչ սպանված կլինի` կախված այն լեզվից, որն օգտագործվում է նկարագրելու համար, թե ինչու ատելությունը սպանեց նրանց: Մի՞թե հրեական բեռն ավելի ծանր է, քան հայկականը: Ոչ, Ողջակիզման բեռը ընդհանուրիս տառապանքն է, քանի որ դա «մեր պատմությունն» է: Եվ Հրազդանից մինչև Հարվարդ` ո՞վ չի տեսնում համաշխարհային առաջնորդի կեղծ բարեպաշտությունը, որը ծաղիկներ է դնում Դրեզդենում, սակայն խուսափում է ճշմարտության պարտավորությունից Անկարայում: Ինչո՞ւ իմ նախագահը կարող է խոնարհել իր գլուխը Դրեզդենում, սակայն չուղղել իր մեջքն Անկարայում ու չարտաբերել «ցեղասպանություն» բառը` պատասխանելու 20-րդ դարի սկզբի Թուրքիայում տեղի ունեցած «գազանությունների» մասին լրագրողի հարցին: Ի գիտություն անբավարար տեղեկացվածների. ապրիլի 6-ին Օբաման Անկարայում հանդիպում ունեցավ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, և մամուլի ասուլիսի ժամանակ նրան հարցրին` արդյոք նա օգտագործելո՞ւ է «ցեղասպանություն» բառը Հիշատակի օրվան նվիրված ապրիլի 24-ի իր ուղերձում: «Այս պահին ես ցանկանում են կենտրոնանալ ոչ թե իմ, այլ թուրք և հայ ժողովուրդների տեսակետների վրա: Եթե նրանք կարող են առաջ շարժվել… ամբողջ աշխարհը պետք է քաջալերի նրանց»,- ասաց նախագահը: Դա դիվանագիտության փայլուն նմուշ էր: Նա առնվազն ակնարկեց, որ տեղյակ է ճշմարտությանը, թեև չի պատրաստվում բարձրաձայնել այն: Գուցե սա միայն սկիզբն է` հաշվի առնելով, որ այս նախագահը, որը սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դեռևս երեք տարի պաշտոնավարելու է: Այդուհանդերձ, անդրադառնանք Դրեզդենում նախագահի օգտագործած «տգետ» բառին: Ո՞րն է ավելի վատ`ժխտե՞լ կատարված չարիքը, թե՞ իմանալ, որ այն տեղի է ունեցել և չասել այդ մասին` հանուն դիվանագիտական նպատակահարմարության: Ես իրոք կուզենայի, որ իմ նախագահը Դրեզդենում չասեր. «Այս վայրն ամենամեծ կռվանն է նման մտքերի դեմ և հիշեցում է մեր պարտականության մասին` դիմակայելու նրանց, ովքեր ստեր են տարածում մեր պատմության մասին»: Ի՞նչ տարբերություն սուտ ասելու և ճշմարտության մասին չբղավելու միջև, երբ արտոնված ես այդ անելու: Ըստ երևույթին, դա «մեր պատմության» և «այս պահի իմ տեսակետի» միջև եղած տարբերությունն է:
Other Articles in Հայացք դրսից
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.