Դոլար/դրամ երկընտրանք. ամանորյա աշխույժ գնումների շնորհիվ ազգային արժույթը կրկին արժևորվել է

Դոլար/դրամ երկընտրանք. ամանորյա աշխույժ գնումների շնորհիվ ազգային արժույթը կրկին արժևորվել է

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Վերլուծաբանների կարծիքով` դեկտեմբերի սկզբից հայկական դրամի արժևորումը ամերիկյան դոլարի և այլ արտարժույթների նկատմամբ բացասաբար է ազդում դոլարով աշխատավարձ ստացող և արտերկրից դրամական փոխանցումներով գոյատևող մարդկանց վրա` միաժամանակ ավելացնելով ներմուծողների շահույթները: Տարօրինակ է, բայց պետք է ասել, որ դա նույն «Ծուղակ-22» պարադոքսային իրադրության հետևանքն է, երբ տոնական սեզոնի անցուդարձը ստիպում է մարդկանց ավելի շատ արտարժույթ փոխանակել և ավելի ցածր գնով, քանի որ ընտանիքներում նախապատրաստվում են երկար ամանորյա տոների համար:

Այդուամենայնիվ, որոշ տնտեսագետներ էլ ասում են, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են Կենտրոնական բանկի պասիվությունը և շուկան շահութաբեր մենաշնորհների միջոցով կառավարելը, միայն վատթարացնում են իրավիճակը Հայաստանում:

2009 թ. դեկտեմբերի 1-ին մեկ ԱՄՆ դոլարը, ըստ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի, վաճառվում էր 385 դրամով, իսկ երկուշաբթի` դեկտեմբերի 21-ին, փոխարժեքն արդեն սահմանվել էր 375 դրամ: Վերջին օրերին ՀՀ առևտրային բանկերը դոլարը գնում են ավելի ցածր գնով` մեկ դոլարի դիմաց վճարելով 371-372 դրամ:

Սա 2009 թ. մարտի 3-ին դոլարի փոխարժեքի կտրուկ` ավելի քան 25 տոկոսով արժևորումից հետո դրամի առաջին արժևորումն է:

Այս տատանումները հիմնականում ազդում են այն մարդկանց վրա, որոնք արտասահմանի իրենց բարեկամներից դոլարով օգնություն են ստանում: Եվ հայկական մտածելակերպին բնորոշ` այս ամենի համար մեղադրում են իշխանություններին սխալ գործելու մեջ:

Ցածր փոխարժեքի պատճառով Էջմիածնի բնակչուհի 56-ամյա Սիլվա Աղասյանը, որի ամուսինն արդեն տասը տարի բանվորական տարբեր աշխատանքներ է կատարում ԱՄՆ-ում, օրերս փոխանակած 300 դոլարի մեջ կորցրել է ավելի քան 4500 դրամ (ներկայիս փոխարժեքով` 12 դոլար):

«Մի հինգ տարի առաջ 100 դոլարը գրեթե 60 000 դրամ էր կազմում, հիմա` 37 000 դրամ: Մեր պետությունն իրենց ընտանիքը թողած ու արտերկրում աշխատող մարդկանց վաստակածը նրանց հետ 50/50 կիսում է, չեմ հասկանում` ում գրպանն են գնում այդ գումարները»,- ասում է Աղասյանը:

«Դեռ լավ է` ես ու որդիս ենք, մի կերպ յոլա ենք գնում, բա ի՞նչ անեն այն ընտանիքները, ում հարազատները 100-200 դոլար են ուղարկում, որ կարողանան տոնական ծախսերը հոգալ, ո՞նց է պետությունը նրանցից այդ գումարը վերցնում»:

Թեպետ տնտեսագետները ամանորին ընդառաջ դոլարի փոխարժեքի նվազումը նաև բնական են համարում (երբ տարվա գլխավոր տոնից առաջ մարդիկ շռայլորեն ծախսում են արտարժույթի իրենց պաշարները), դրա կողքին նաև այլ գործոններ են մատնանշում:

90-ականներին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, ֆինանսիստ Բագրատ Ասատրյանի բնորոշմամբ` դոլարի փոխարժեքի անկումը հետևանք է դոլարի արժևորումը կանխելու համար պարբերաբար դրամ գնելու ԿԲ-ի քաղաքականության.

«Դոլարային ինտերվենցիաները բերում են դրամական զանգվածի հարաբերական կրճատման և օբյեկտիվ նախադրյալներ են ձևավորում դրամի արժևորման համար»:

Ըստ Ասատրյանի` սա առաջին հերթին բացասաբար է ազդում հասարակ քաղաքացու վրա:

«Քաղաքացին, որը պետք է իր 100 դոլարը փոխանակի նախապես ինչ-որ ապրանքներ գնելու համար, կանգնում է փաստի առաջ: Գները շարունակում են բարձրանալ, դրամի արժևորման դեպքում ներմուծվող ապրանքների գները Հայաստանում երբեք չեն իջել, հիմա էլ չեն իջնելու, քանի որ ամեն ինչ մենաշնորհներն են որոշում: Այս անգամ էլ որոշել են փող աշխատել այն մարդու հաշվին, որը գոտին ձգած սպասել է, որ գոնե մի կարգին սեղան գցի նոր տարուն»:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանի մեկնաբանությամբ` Հայաստանում տեղի են ունենում միջազգային ֆինանսական միտումներին հակառակ զարգացումներ. «Մինչ դոլարի գինը միջազգային շուկայում բարձրացել է, դոլարն ուժեղացել է, մեզ մոտ այն թուլացել է»:

«Երբ դոլարը բարձրանում էր, ԿԲ-ն դոլար էր նետում շուկա, իսկ հիմա, երբ նաև որոշակի օբյեկտիվ պայմաններով դոլարն իջնում է, ԿԲ-ն անհասկանալի պատճառներով չի միջամտում, թեպետ միջամտությունը անհրաժեշտ էր` կտրուկ տատանումներից խուսափելու համար»,- հավելում է Թևանյանը:

Սակայն, ՀՀ ԿԲ մամուլի քարտուղար Զարուհի Բարսեղյանը համամիտ չէ Թևանյանի հետ. «Պետք չէ ավելորդ լարվածություն ստեղծել, ամեն ինչ նորմալ է: Բացի այդ, մենք հարթում ենք կտրուկ տատանումները, ինչպես մշտապես արել ենք»:

Ըստ Թևանյանի` խնդիրը քաղաքական պատասխանատվության մեջ է. «Քանի որ ու քանի դեռ որևէ մեկը պատասխանատվություն չի կրում տարիներ շարունակ ֆինանսական շուկայում տեղի ունեցող զարգացումների համար, այս ամենը շարունակվելու է, ու հետևանքները կրելու է հասարակ քաղաքացին»:
ԱրմենիաՆաուի էջերում