Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները. Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները 1,5-ով նվազել են

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները. Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները 1,5-ով նվազել են

Ֆոտոլուր

Զայցևը հուսով է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության նախաճգնաժամային ծավալը կվերականգնվի 2012 թ.:

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչի`Ալեքսանդր Զայցևի խոսքով`Հայաստանի և Ռուսաստանի միջև 2009 թ. ապրանքաշրջանառության ծավալները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով 20 տոկոսով կրճատվել են:

Չորեքշաբթի` հունվարի 20-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Զայցևն ասաց, որ 2009 թ. Ռուսաստանի պաշտոնական տվյալներով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 710 մլն դոլար, մինչդեռ 2008 թ. միևնույն ցուցանիշն աճել էր 1 մլրդ դոլարով: Այդուհանդերձ, փորձագետը հուսով է, որ 2012 թ. ապրանքաշրջանառության նախաճգնաժամային ծավալը կվերականգնվի: Նշենք, որ Հայաստանից Ռուսաստան հիմնականում արտահանվում է կոնյակ և մի քանի գյուղատնտեսական ապրանքներ (դեղձ, ծիրան), իսկ Ռուսաստանից Հայաստան` ալյուր, շաքար և ձավարեղեն:

Ըստ Զայցևի`համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ազդել է նաև Հայաստանում ռուսական ներդրումների մակարդակի վրա, որոնք անցյալ տարի կազմել են 300 մլն դոլար, ինչը 35 տոկոսով պակաս է, քան 2008 թ.: 1991 թ.-ից Հայաստանում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2,5 մլրդ դոլար:

Անցյալ տարի գրեթե 1,3-ով կրճատվել է նաև Ռուսաստանից Հայաստան ուղարկված դրամական փոխանցումների ծավալը (հիմնականում Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնածների փոխանցումները Հայաստան իրենց ընտանիքներին)` կազմելով 900 մլն դոլար (2008 թ.` 1,4 մլրդ դոլար): Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչի խոսքով` անցյալ տարի դրական գործոն դարձավ ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկությունների կայունության պահպանումը և ռուսական կողմից Հայաստանին տրամադրված 500 մլն դոլար վարկը:

Հիշեցնենք, որ 2009 թ. գարնանը Ռուսաստանը երկրի տնտեսության կայունացման համար, մասնավորապես փոքր և միջին բիզնեսի ոլորտներում, ճգնաժամի պայմաններում Հայաստանին է տրամադրել 500 մլն դոլար կայունացման վարկ` 15 տարի մարման ժամկետով:
ԱրմենիաՆաուի էջերում