Օգնություն սպառողին. Հայաստանի ֆինանսական հաշտարարի ինստիտուտն առաջին տարում հաջողություն է գրանցում
Հիմնադրման մեկամյակի միջոցառմանը Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանն ուրախությամբ ընդգծեց, որ 2009-ի սկզբի համեմատությամբ տարեվերջին նրանք 4 անգամ ավելի շատ դիմում են ստացել: «Մեր կողմից վերջնական քննություն անցած դիմումների 70 տոկոսը լուծվել է հաճախորդների օգտին փոխզիջման տարբերակով, որով մենք հավատարիմ ենք մնացել մեր որդեգրած քաղաքականությանը` վեճը լուծել կողմերի հաշտեցման, այլ ոչ թե պարտադիր բնույթ կրող որոշման կայացման միջոցով»,- հայտարարեց Սարգսյանը: 2009-ի հունվարի 24-ից գործող Հաշտարարի գրասենյակն անցյալ տարվա ընթացքում ստացել է 378 բողոք, որից քննության ենթակա են եղել ավելի քան 100-ը: Քննված գործերից գրեթե 40-ի դեպքում պահանջը բավարարվել է սպառողների օգտին, որի արդյունքում հաճախորդներին հատուցվել է ավելի քան 23,5 մլն դրամ (ավելի քան 63 000 դոլար): Ամենամեծ հատուցումը ստացել է վանաձորցի Սիլվա Հարությունյանը` 3 մլն դրամ (գրեթե 8000 դոլար) մեքենայի ապահովագրության դիմաց ապահովագրական ընկերությունից, որը մինչև հաշտարարի միջամտությունը հրաժարվում էր հատուցումից: «Մենք ուղղակի դիմեցինք, ու մեր համար կարծես հրաշք կատարվեց. մեզ տվեցին մեր հասանելիք 3 մլն դրամը»,- նշում է Հարությունյանը: Հայաստանի քաղաքացիների ֆինանսական հարցերում գրագիտության պակասի մասին վկայում են շատերը: ՀՀ բանկերի ասոցիացիայի նախագահ Արարատ Ղուկասյանը նշում է, որ, օրինակ` «ոչ միշտ է հաճախորդը մանրամասն ուսումնասիրում բանկի կողմից պայմանագրում իրեն առաջադրվող պայմանները»: Ընդ որում, հաշտարարի գրասենյակում ընդգծում են, որ քաղաքացին չի կարող ու պարտավոր չէ փաստաբանին հավասար գիտելիքներ ունենալ: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանի մեկնաբանությամբ` ոլորտում շատ բացեր կան, որոնք ոտնահարում են սպառողների իրավունքները. «Բանկերը հաճախ բավարար կերպով չեն տեղեկացնում իրենց հաճախորդներին նրանց իրավունքների մասին, օրինակ` չեն ասում, որ եթե վարկի վերադարձելիության խնդիր կա, ապա գոնե փոքր գումար մուծելու դեպքում գրավի աճուրդը հետաձգվում է»:
Other Articles in Տնտեսություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.