Տնտեսությունը 2010 թ. կառավարությունը տնտեսական աճ է կանխատեսում
Գագիկ Մինասյանը (ձախից), Արա Նռանյանը և Վարդան Արամյանն ամփոփեցին 2009 թ. տնտեսական ցուցանիշները և կանխատեսումներ արեցին 2010 թ. համար: Հունվարի 27-ին «Հայացք» ակումբում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ու հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր Արա Նռանյանը, ամփոփելով 2009-ի տնտեսական արդյունքները, 2010-ի համար տարբեր կանխատեսումներ արեցին: Վարդան Արամյանը, օրինակ` հայտարարեց, որ 2010-ի բյուջեով նախատեսված 1,2 տոկոս տնտեսական աճն իրականում ավելի բարձր կլինի: «1,2 տնտեսական աճ սահմանելով` մենք իրականում պահպանողական քաղաքականություն ենք վարում, քանի որ շարունակվող հակաճգնաժամային քաղաքականությանը հետևելով` մենք ավելի լավ ցուցանիշներ ենք ակնկալում»,- նշեց ֆինանսների փոխնախարարը: Անցյալ տարին տնտեսական առումով ծանր գնահատելով` Գագիկ Մինասյանը նշեց, որ կառավարությունը հաջողությամբ իրականացրեց հակաճգնաժամային ծրագիրը` սոցիալական ծախսերը չկրճատելով ու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փորձերով: «Մեր տնտեսության խոցելիության պատճառ հանդիսացող ցածր դիվերսիֆիկացվածությունը կառավարությունը փորձեց վերացնել` շարունակելով պայքարը ստվերի դեմ, ներդրումներ նախապատրաստելով ադամանդագործության ոլորտում: Իհարկե, ներդրումներ եղան նաև դիվերսիֆիկացման ցածր մակարդակի մեղավոր երկու ոլորտներում` շինարարություն ու հանքարդյունաբերություն, քանի որ այստեղ ներդրումները մուլտիպլիկացիոն էֆեկտ են ունենում»,- նշեց Մինասյանը: 2009-ին Հայաստանի տնտեսությունը 14,4 տոկոս տնտեսական անկում էր արձանագրել 2008-ի համեմատ, այդ թվում` շինարարությունը` 37,4 տոկոս, արդյունաբերությունը` 7,8 տոկոս: Կառավարության` տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված 2010-ի ծրագրերից մեկը, ըստ Վարդան Արամյանի, ռուսական 100 մլն դոլար վարկի զգալի մասը ադամանդագործության ոլորտում ներդնելն է: Արա Նռանյանը, սակայն, այս և մյուս քայլերը բավարար չի համարում. «Ներկայումս տնտեսության դիվերսիֆիկացման համար կառուցվածքային որակական փոփոխություններ չեն արվում: Արդյունքում 2010-ի վերջին մենք տնտեսությունում ունենալու ենք նույն պատկերը, ինչ ունեինք վերջին տարիներին ու այս տարի, ինչպես օրինակ` ներմուծում-արտահանում հարաբերությունում, տեղական արտադրողին աջակցելու գործում: Կառավարությունը ձեռք բերած վարկերով ոչ մի նոր, այսպես կոչված` հակաճգնաժամային ծրագիր չի իրականացնում, այլ շարունակում է մինչև ճգնաժամն ունեցած ծրագրերը»,- նշեց Նռանյանը:
Other Articles in Տնտեսություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.