Նոր հարկեր, «տեղական» հարկեր. վիճահարույց փաթեթի շուրջ քննարկումները հետաձգվում են

Նոր հարկեր, «տեղական» հարկեր. վիճահարույց փաթեթի շուրջ քննարկումները հետաձգվում են

Ֆոտոլուր

Վարդան Այվազյան, Արծվիկ Մինասյան

Անցյալ շաբաթ խորհրդարանական քննարկումների ժամանակ մեծ աղմուկ հանած հարկային փաթեթի քննարկումը հետաձգվել է 15 օրով: Այն բաղկացած է «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու՝ կառավարության օրենսդրական նախաձեռնությունից, որը կնպաստի հարկային ավելի լավ վարչարարությանը:

Տեղական ինքնակառավարման մարմիններին իրավունք է վերապահվում սահմանել լրացուցիչ հարկատեսակներ`հյուրանոցային, վաճառքի, անավարտ շինարարության, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման, համայնքի սեփականություն համարվող օբյեկտներից գանձվող հարկեր:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասում է, որ հարկատեսակների ներմուծումը չունի ո´չ տնտեսական, ո´չ սոցիալական, ո´չ էլ իրավական ու քաղաքական հիմնավորում:

«Չկա որևէ տնտեսական հաշվարկ, որն ապահովի տեղական այս հարկատեսակների ներմուծման տնտեսական ազդեցությունը և նպատակահարմարությունը: Սոցիալական առումով այս [տնտեսական] ճգնաժամի պայմաններում սա լրացուցիչ բեռ է դառնալու»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը:

ԱԺ պատգամավոր, հանրապետական Վարդան Այվազյանը կարծում է, որ առաջարկվող փոփոխություններով ՏԻՄ-երի համար ստեղծվում են ֆինանսական կարողություններ և դրանք հավաքագրելու մեխանիզմներ:

«Հարկային փաթեթը կնպաստի տեղական ինքնակառավարման մարմինների հզորացմանը: Օրենսդրական համապատասխան փոփոխությունների պարագայում երկու կարևոր հարկատեսակների` հողի և գույքահարկի հավաքումը համայնքների կողմից պարտադիր է դառնում,- ասում է նա` հավելելով, որ պետությունը համայնքներին այլևս գումար չի տրամադրի գույքի և հողի հարկը հավաքելու համար:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասում է, որ թեև իր խմբակցությունը դեմ չէ ՏԻՄ-երի ուժեղացմանը, իրենք դեմ են կիրառվող մեխանիզմներին:

«Բոլորս ականատես եղել ենք, թե ինչպես են համայնքների ղեկավարներն օգտվում իրենց ազատություններից. թանկարժեք «ջիփեր» են առնում խեղճ, անապահով գյուղերի գյուղապետները, «եվրոռեմոնտ» են անում իրենց գրասենյակներում՝ մոռանալով գյուղի կարիքները: Այս ազատությունը տվել են և սահմանափակել չեն ուզում: Եվ հիմա ուզում եք այդ «ազատությանը» գումարել ավելի հզոր բյուջե՞»,- ասում է Հովհաննիսյանը` քննադատելով այն միջոցը, որին աջակցում են իշխող կոալիցիայի անդամները:

ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը կառավարության այս նախաձեռնությունը որակում է որպես «պտուտակների ձգում» և հարց բարձրացնում. «Տնտեսական ճգնաժամի պայմաններում արդյո՞ք կարելի է հարկային բեռն ավելացնող օրենք ընդունել»:

ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը նշում է, որ համայնքների ղեկավարները Սահմանադրությամբ օժտված են հարկեր սահմանելու լիազորությամբ, և առաջարկվող փոփոխություններով պատվիրակված լիազորությունները դառնում են պարտադիր:

«Բարգավաճ Հայաստանից» տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով`պետությունն արդյունավետ գործելու համար պետք է ներդնի ոչ թե առանձին հարկատեսակներ, այլ համապատասխան փոփոխություններ կատարի համապատասխան օրենքներում:
ԱրմենիաՆաուի էջերում