Ապահովագրություն` «դրա՞խտ», թե՞ «դժոխք» վարորդների համար. մեքենաների ապահովագրումը Հայաստանում կարող է պարտադիր դառնալ 2011 թ.

Ապահովագրություն` «դրա՞խտ», թե՞ «դժոխք» վարորդների համար. մեքենաների ապահովագրումը Հայաստանում կարող է պարտադիր դառնալ 2011 թ.

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Կառավարությունը նոր քայլ է ձեռնարկում, որը, ըստ նրանց, կօգնի վարորդներին գումար խնայելու ավտոպատահարների դեպքում և կնպաստի ապահովագրության բիզնեսի աճին բանկային ոլորտում: «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում: Նոր օրինագծով պարտադրվում է, որ գալիք տարվանից 400 000 ավտոմեքենաների սեփականատերեր պարտադիր ապահովագրեն իրենց տրանսպորտային միջոցները: Սակայն վարորդներից շատերը, հատկապես` մասնավոր տաքսու վարորդները, դժգոհ են օրինագծից, քանի որ կարծում են, որ դա լրացուցիչ ֆինանսական բեռ կլինի իրենց համար:

«Ավտոմեքենաների աճին զուգահեռ աճում են նաև ավտոպատահարները: Տարեկան արձանագրվում է 1000-ից ավելի ավտոտրանսպորտային պատահար, պատճառվում է հսկայական գույքային վնաս` վտանգելով քաղաքացու կյանքն ու առողջությունը, վնասելով նրա գույքը: Այս փաթեթն ուղղված է սոցիալական պաշտպանվածությանը»,- ասում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նախատեսվում է ապահովագրական վճար սահմանել տարեկան 30 000-38 000 (80-100 դոլար) դրամի միջակայքում: Ապահովագրական գումարի չափով պայմանավորված` այն կարող է փոխվել: Նախագծում մեկ պատահարի համար ամրագրվել է նվազագույնը 4 մլն դրամ (11 000 դոլար) ապահովագրական գումար` անձնական վնասի դեպքում, և 2 մլն դրամ` (5500 դոլար) գույքային վնասի դեպքում: Այս թվերը, սակայն, դեռևս ենթակա են վերանայման:

«Գրիար-ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ օրենքն ուշացած է:

Վարորդներից շատերն իրենց դժգոհություն են հայտնում նոր օրինագծի վերաբերյալ:

Էջմիածնից թոշակառու Ստեփան Պետրոսյանը, որը սեփական մեքենան օգտագործում է որպես տաքսի, ասում է. «Չեմ հիշում մի դեպք, որ վթարի ենթարկված լինեմ, ու չեմ հասկանում` ինչո՞ւ պետք ա ամեն տարի համարյա 38 000 փող մուծեմ: Իմ օգուտը էլ ո՞րն ա»: Իսկ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ մեզանում բացակայում է ապահովագրական մշակույթը:

«Մենք դեռ չենք գիտակցում, որ ավելի լավ է միանգամից որոշակի գումար վճարել, բայց պաշտպանված լինել: Եվ եթե վաղը-մյուս օրն ինչ-որ մեկին էլ վնաս պատճառեն, ապահովագրական ընկերությունն այդ վնասը հատուցելու է: Թե՞ ավելի լավ է մյուս տարբերակը, երբ վնաս են պատճառում ու մտածում` ինչպես հատուցել, երբ չունեն այդ ֆինանսական հնարավորությունները»,- ասում է Պետրոսյանն «ԱրմենիաՆաուին»:

Վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը կարծում է, որ այս օրենքով, ի վերջո, կգնահատվի մարդու կյանքը:

«Վերջապես, մարդու կյանքի մասին է խոսքը, առողջության և նրան պատճառած վնասի, և դա պետք է փոխհատուցվի, անկախ նրանից` նա մեղավո՞ր է, թե՞ ոչ»,- ասում է Հովհաննիսյանն «ԱրմենիաՆաուին»:

Այսօր գործող կամավոր ապահովագրության սկզբունքներով 2009 թ. կնքվել է 8941 պայմանագիր, գրանցվել` ապահովագրական 200 դեպք: Հանրապետությունում այսօր գրանցված են ապահովագրական 13 ընկերություններ:

ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը կարծում է, որ համակարգը պետք է աստիճանաբար ներդնել, որպեսզի ցածր եկամուտ ունեցողների համար այն ծանր բեռ չլինի:

Արմեն Պետրոսյանը նշում է, որ վերջին երկու տարում ընկերությունում աճել է կամավոր ապահովագրվողների թիվը: 2008-ին «Գրիար ինշուրանսն» ապահովագրել է 171 անձի, 2009-ին` 326-ի:

2008-ին գրանցվել է 4 դեպք, որի համար «Գրիար ինշուրանսը» հատուցել է 126 300 դրամ (340 դոլար), իսկ 2009-ին` 5 դեպք, 846 900 դրամ (2280 դոլար) հատուցում է եղել:

«Այս ամենի կայացման համար ժամանակ է պետք, ես ձեզ հավաստիացնում եմ, որ մարդիկ կհամոզվեն դրանում»,- ասում է Պետրոսյանը:
ԱրմենիաՆաուի էջերում