Հարկատեսակներ. Ազգային ժողովն ընդունեց կառավարության առաջարկած փոփոխությունները

Հարկատեսակներ. Ազգային ժողովն ընդունեց կառավարության առաջարկած փոփոխությունները

Ֆոտոլուր

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հարկերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը` 71 կողմ, 20 դեմ և 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Երկուշաբթի ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հարկերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում էր ավելացնել միանգամից ութ տեսակի տեղական հարկեր, սակայն դեռևս երկու շաբաթ առաջ աղմուկ հանած այս հարկային փաթեթը կառավարությունը լրամշակեց, և երեկ ընդունված նոր նախագծով կավելացվեն միայն երկու հարկատեսակներ:

Ըստ ՀՀ կառավարության հեղինակած նախագծի` տեղական ինքնակառավարման մարմիններին իրավունք էր վերապահվում սահմանել լրացուցիչ հարկատեսակներ`հյուրանոցային, վաճառքի, անավարտ շինարարության, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման, հանրային վայրերում գովազդ տեղադրելու, տրանսպորտային միջոցների կայանատեղիի, համայնքի սեփականություն համարվող օբյեկտներից գանձվող հարկեր:

Սակայն ԱԺ-ում նախագիծը լուրջ քննադատություններով ընդունվեց անգամ կոալիցիոն գործընկերների կողմից, և կառավարությունը ստիպված փոխեց այն` 8 հարկատեսակներից հանելով 6-ը` թողնելով միայն հյուրանոցային և տրանսպորտային միջոցների կայանատեղիի հարկերը:

Նախագիծը, որը, ըստ կառավարության, կհզորացնի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունն ու կբարձրացնի ինքնուրույնությունը, ընդունվեց 71 կողմ, 20 դեմ և 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Դեմ է քվեարկել Դաշնակցություն խմբակցությունը, մինչդեռ «Ժառանգությունը» ձեռնպահ է մնացել` պարզաբանելով, որ փաթեթն ամբողջական չէ:

Ըստ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի` իրենք կողմ են, որ բարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների ինքուրույնությունը, սակայն դրա համար հարկավոր է լուրջ վերաբերմունք:

«Եթե հնարավոր է միանգամից 6 հարկատեսակ դեն նետել, ուրեմն օրինագիծը լավ կազմված չէր»,- ասում է Հովհաննիսյանը:

Նախագծին դեմ է նաև անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը կարծում է, որ օրինագիծն անցավ կառավարության և իշխանությունների ճնշմամբ:

«Նախկինում բոլորը դեմ էին, իսկ հիմա սուսուփուս եկան ու քվեարկեցին: Իսկ ես դեմ եմ եղել, քանի որ այս ճգնաժամի պայմաններում, երբ մարդիկ ուղղակի հազիվ գոյատևում են, նման փոփոխություններն ավելի են վատացնելու իրավիճակը»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Դալլաքյանը:
ԱրմենիաՆաուի էջերում