Միջազգային օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտին կնպաստի գյուղմթերքների արտահանմանը

Միջազգային օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտին կնպաստի գյուղմթերքների արտահանմանը

Ֆոտոլուր

«Մենք ունենք բավական որակյալ գյուղարտադրանք, սակայն ունենք նաև արտահանման մեծ խնդիրներ…» - ասում է Միրզոյանը:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում կսկսի գործել ազատ տնտեսական գոտի, որը, ինչպես ակնկալվում է, կխթանի տեղական գյուղմթերքների արտադրությունը և դրական ազդեցություն կունենա օդանավակայանի հարակից տարածքի տնտեսական կյանքի վրա:

«Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում գործունեություն ծավալող ընկերությունները կազատվեն շահութահարկից, մաքսային տուրքերից, ավելացված արժեքի հարկից ու միայն եկամտահարկ կվճարեն:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը, Հայաստան հրավիրված հոլանդացի փորձագետի օգնությամբ արդեն մշակվել է ազատ տնտեսական գոտու լոգիստիկ կենտրոնի բիզնես մոդելը: Ներկայումս աշխատանքներ են կատարվում ազատ տնտեսական գոտիների մասին օրենքի մշակման ուղղությամբ:

Ազատ տնտեսական գոտու ստեղծման հայեցակարգը ՀՀ կառավարությունն ընդունել է դեռ 2008 թ. նոյեմբերին: Փաստաթուղթը մշակվել էր` հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված` երկրի պարենային անվտանգության ապահովման և գյուղական աղքատության կրճատման տեսանկյունից գյուղատնտեսության առանցքային դերը: Հայեցակարգի համաձայն` գյուղատնտեսության զարգացումը պետք է ընթանա գյուղատնտեսության արդյունաբերականացման և արտադրություն-վերամշակում-շուկա շղթայի լիարժեք գործարկմամբ, որը հնարավորություն կտա ավելացնելու գյուղացիական տնտեսությունների եկամուտները:

Ըստ Միրզոյանի` մինչև այժմ բավական աշխատանքներ են իրականացվել, և ծրագրի գործարկման արդյունքում գյուղմթերքների արտահանման ծավալները, համաձայն իրենց կանխատեսումների` կաճեն տարեկան 20 տոկոսով: (2009-ին Հայաստանից արտահանվել է 19 մլն դոլարի գյուղմթերք):

«Մենք ունենք բավական որակյալ գյուղարտադրանք, սակայն ունենք նաև արտահանման մեծ խնդիրներ, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններում ենթակառուցվածքների պակաս»,- նշեց Միրզոյանը:

Ծրագրով նախատեսվում է հանրապետության գյուղական շրջաններում ստեղծել մթերքի հավաքման պիլոտային կետեր, որպեսզի գյուղացիները կարողանան արագ պահեստավորել իրենց արտադրանքը, ապա վաճառել արտահանողներին: Օդանավակայանի տարածքում կլինեն պահեստավորման ու փաթեթավորման կետեր, որտեղից էլ գյուղմթերքը օդանավերով կարտահանվի դրսի շուկաներ: Միրզոյանը տեղեկացրեց, որ արդեն ստեղծվել են գյուղմթերքների հավաքման երեք կետեր: Նա նաև նշեց, որ արդեն բավական մեծ թվով ընկերություններ, նույնիսկ ոչ տեղական, ցանկանում են ազատ տնտեսական գոտում արտահանում իրականացնել:

«Գյուղացին ինքն է որոշում` ում վաճառել իր արտադրանքը: Բոլորն էլ կարող են գյուղացուց գնել արտադրանքը և արտահանել: Դա չի նշանակում, որ մեր գյուղմթերքն արտահանվելու է միայն օդանավով: Ունենք նաև այլ ուղիներ»,- ասաց Միրզոյանը` վստահեցնելով, որ մրցակցություն կլինի, և ազատ տնտեսական գոտում գյուղմթերքների արտահանումը չի մոնոպոլացվի:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ իր կարծիքով` ազատ տնտեսական գոտու այս նախագիծը մեծ ազդեցություն չի ունենա գյուղատնտեսության զարգացման վրա:

«Իհարկե, ծրագիրը ոլորտը մի քիչ կաշխուժացնի, բայց տնտեսական մեծ էֆեկտ չի ունենա»,- ասում է Ասատրյանը:
ԱրմենիաՆաուի էջերում