Դրամ-դոլար երկընտրանք. տնտեսագետների խոսքով` ազգային արժույթը հավանաբար կշարունակի անկումը
Վերջին երկու շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 5 տոկոսով` այս շաբաթվա կեսին 375-ից հասնելով 392-ի: Անցյալ տարվա մարտին Կենտրոնական բանկը, դրամի փոխարժեքը բարձր պահելու նպատակով ամիսներ շարունակ վարելով ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, դադարեցրեց ինտերվենցիան և անցավ «լողացող փոխարժեքի» քաղաքականության: Այդ ժամանակ արտարժույթի շուկան արագ արձագանքեց. ազգային արժույթը (այդ ժամանակ 300 դրամ` մեկ դոլարի դիմաց) անկում ապրեց, այնուհետև կայունացավ` մոտ 375 դրամ` մեկ դոլարի դիմաց: Այդ ժամանակից ի վեր սա առաջին անգամ է, որ դրամն այսքան կարճ ժամանակահատվածում այսքան արժեզրկվում է: Ըստ ՀՅԴ պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանի` դրամի հետագա արժեզրկումն անխուսափելի է: «Սակայն [այն կարժեզրկվի] ոչ այնքան կտրուկ, որքան նախորդ տարի»,- կանխատեսում է Նռանյանը: Տնտեսագետ Նարինե Մկրտչյանն էլ համոզված է, որ դրամի արժեզրկումը բնականոն երևույթ է, որը սակայն երկար ժամանակ զսպվում էր Կենտրոնական բանկի կողմից: «Դրամի այս արժեզրկումը զգալի էր դեռ նոյեմբերից, սակայն ԿԲ-ն միջամտում էր` դոլար ներմուծելով շուկա»,- ասում է Մկրտչյանը: ԿԲ-ի զսպման նույն քաղաքականության սխալականությունն ապացուցվեց անցյալ տարի, երբ մի օրում ինտերվենցիայի դադարեցումը հանգեցրեց դրամի 22 տոկոսով արժեզրկման: «Այսօր նույն իրավիճակի վտանգը գուցե չի լինի, քանի որ ԿԲ-ն աչքի առաջ ունի վատ նախադեպը, սակայն օլիգարխիկ տնտեսությունն անկանխատեսելի է, տնտեսությունը վարվում է օլիգարխների ճնշման ներքո, և տնտեսական հաշվարկներն այս դեպքում չեն գործում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մկրտչյանը: Կենտրոնական բանկը դեռ անցյալ տարվա մարտին «լողացող փոխարժեքին վերադառնալու» մասին հայտարարությունից հետո պարբերաբար պնդում էր, որ չի միջամտում փոխարժեքի ձևավորմանը, սակայն նախորդ տարվա դեկտեմբերին ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը հայտարարել էր, որ պարբերաբար ԿԲ-ն կարող է միջամտել հանուն «ֆինանսական կայունության»: Նռանյանը հակադարձում է, որ նման ներարկումներով տնտեսությունը չի ապաքինվի, իսկ գնաճի զսպումը միայն ժամանակավոր կլինի: Մի քանի ամիս տևած կայունությունից հետո սկսեց բարձրանալ նաև վառելիքի գինը: «Ռեգուլյար» և «պրեմիում» բենզինները նախկինում վաճառվում էին, համապատասխանաբար, 360 և 380 դրամով (1 լիտրը), իսկ այժմ բենզալցակայաններից շատերում դրանք վաճառվում են 380 և 400 դրամով: (Այլ շահութաբեր բիզնեսների նման, բենզինի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպությունները զգայուն են դրամ-դոլար փոխարժեքի տատանումների նկատմամբ և սովորաբար արագ արձագանքում են կտրուկ փոփոխություններին` բարձրացնելով մանրածախ գինը:) «Օրեցօր ապացուցվում է, որ դոլարի փոխարժեքը պահելով` գնաճը երկար չի զսպվի,- ասում է Նռանյանը: - Դրամի արժեզրկումն ունի օբյեկտիվ պատճառներ և չի կարգավորվի, մինչև չփոխվի տնտեսական քաղաքականությունը, և զարկ չտրվի արտահանմանը»: Դրամի արժեզրկման օբյեկտիվ պատճառներից մեկը տրանսֆերտների մոտ 30 տոկոսով կրճատումն է (2009 թվականին` մոտ 300 մլն դոլար) և արդյունաբերության 12 տոկոսով նվազումը, և, ինչպես պնդում են տնտեսագետները, միայն այս խնդիրների լուծման պարագայում հնարավոր էր սպասել դրամի արժևորման: Դրամն արժեզրկվում է, իսկ գնաճը, կարծես, մոլեգնում: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` փետրվարին գնաճը կազմեց 9,4 տոկոս` անցյալ տարվա համեմատ, այն դեպքում, երբ նախատեսված առավելագույն ցուցանիշն այս տարվա համար 5 տոկոս է։ Իսկ ապրիլի 1-ից բնական գազի 37,5 տոկոսով աճը կհանգեցնի շատ ապրանքների ու ծառայությունների մանրածախ գների թռիչքի: Տնտեսագետները միահամուռ պնդում են, որ Հայաստանի տնտեսության ամենամեծ խնդիրը մենաշնորհներն են, որոնք թույլ չեն տալիս, որ գները ճկուն լինեն, մինչդեռ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը օրենսդրական լուծումներ գտնելու փոխարեն խորհուրդ է տալիս. «Գազի փող չունեք, գնացեք ձեր գյուղերն ու աթար վառեք»:
Other Articles in Տնտեսություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.