Անվերջ վերակառուցում. ըստ Երևանի իշխանությունների` սկսվել են մեկ տարի առաջ փակված կամրջի վերակառուցման աշխատանքները

Անվերջ վերակառուցում. ըստ Երևանի իշխանությունների` սկսվել են մեկ տարի առաջ փակված կամրջի վերակառուցման աշխատանքները

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Մեկ տարվա դադարից հետո վերսկսվել են Վստրեչի կամրջի վերակառուցման աշխատանքները:

Երևանի երկու համայքներն իրար կապող կամրջի վերանորոգումը, որն արդեն մեկ տարի է տևել, ևս ութ ամիս կտևի: Այս մասին հայտնել են նախագիծը վերահսկող պաշտոնյաները, որոնք հուսով են, որ կամուրջը կվերաբացվի նոյեմբերի 1-ին:

«Գարեգին Նժդեհ» կամուրջը, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է Վստրեչի կամուրջ անունով, փակվել է 2009 թ. փետրվարին` չորս տասնամյակում առաջին անգամ լայնածավալ վերանորոգում իրականացնելու նպատակով: Այդ պահից սկսած Երևանի երկու խոշոր արվարձանային համայնքների միջև երթևեկությունը փոխվել է` խնդիրներ ստեղծելով վարորդների և տեղի բնակիչների համար:

1965 թ. կառուցված կամուրջը տարիների ընթացքում անմխիթար վիճակում է հայտնվել և անհապաղ ամրացնելու կարիք ուներ: Հաշվի առնելով դա` դեռ 2007-ին Երևանի քաղաքապետարանի պատվերով կատարվել են ուղետարի հետազոտման և փորձարկման աշխատանքներ, ու որոշվել էր վերանորոգել կամուրջը: Սակայն աշխատանքներն սկսելուց կարճ ժամանակ անց պարզվել էր, որ կամուրջն իրականում պետք է ոչ թե վերանորոգել, այլ վերակառուցել: Աշխատանքն անորոշ ժամանակով դադարեցվել է` կախված նախագծի փոփոխման որոշումից, որը զգալի անհարմարություն է պատճառել տեղի բնակիչներին:

Մարտի 16-ին լրագրողների հետ հենց կիսաքանդ կամրջի վրա հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Լևոն Հակոբյանը տեղեկացրեց, որ կամրջի վերակառուցման մրցույթում հաղթող ճանաչված «Կամուրջշին» ընկերությունն արդեն սկսել է աշխատանքները:

Հակոբյանը տեղեկացրեց, որ կամրջի տակ գտնվող 29 ավտոտնակներից 15-ը ապօրինի են եղել և արդեն ապամոնտաժվել են, իսկ 12 ավտոտնակ ունեցող քաղաքացի էլ չի ցանկանում ազատել տարածքը:

«Կառավարությունն այդ տարածքները հանրության գերակա շահ կճանաչի, և դրանք էլ կապամոնտաժվեն»,- ասաց Հակոբյանը` ավելացնելով, որ փոխարենն այդ մարդկանց կառաջարկվի երեք տարի իրենց մեքենաներն անվճար կայանել կամրջի տակ հետագայում կառուցվող բաց ավտոկայանատեղիում:

Կամուրջը վերակառուցման ընթացքում սխեմատիկ փոփոխությունների չի ենթարկվի, սակայն ինչպես վստահեցրեց Հակոբյանը, նախկին 7-ի փոխարեն 9 բալ սեյսմակայունություն, նախկին 30-ի փոխարեն` 70 տոննա կրողունակություն, ինչպես նաև նոր բազրիքներ ու գեղեցիկ լուսավորություն կունենա:

Երևանի քաղաքապետարանը կամրջի վերակառուցման համար հատկացրել է 1 մլրդ 800 մլն դրամ (մոտ 3,3 մլն դոլար):
ԱրմենիաՆաուի էջերում