Պայքար հանուն Թեղուտի. բնապահպանների հայցը դատարանում կրկին մերժվել է
«Էկոդար» ՀԿ-ն և Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ վարչական դատարանի առջև: Դեռ 2009 թ. «Էկոդար» էկոլոգիական հասարակական կազմակերպությունը հայցով դիմել էր վարչական դատարան` բողոքարկելով Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հաստատման մասին պետական մարմինների մի շարք որոշումներ: ՀՀ վարչական դատարանը մարտի 24-ին կայացած արագացված դատավարությամբ մերժեց հայցը` պատճառաբանելով, որ ՀՀ կառավարության դեմ հայց ներկայացրած «Էկոդար» էկոլոգիական հասարակական կազմակերպությունը չի հանդիսանում շահագրգիռ կողմ: Նույն այս պատճառաբանությամբ դատարանը հայցը մերժել էր ընդունել նախկինում երկու անգամ, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից հետո, որը հաստատել էր, որ «Էկոդար» ՀԿ-ն հանդիսանում է շահագրգիռ կողմ, վարչական դատարանը հայցն ընդունել էր վարույթ, սակայն կրկին մերժել նույն պատճառաբանությամբ: «Սա աբսուրդ է»,- ասում է «Էկոդար» ՀԿ նախագահ Հրայր Սավզյանը` պարզաբանելով, որ դատարանը հայցը պատշաճորեն չի քննել և անօրինական վճիռ է կայացրել: ՀՀ կառավարությունը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ որոշումը կայացրել է 2007 թ. նոյեմբերին` հանքավայրի շահագործման լիցենզիան 25 տարով տրամադրելով ՀՀ Լոռու մարզում գտնվող «Armenian Copper Program» («ACP») ընկերությանը: Թեղուտի հանքավայրը Հայաստանում մեծությամբ երկրորդն է` Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից հետո: Համաձայն մասնագետների հաշվարկների` հանքավայրը պարունակում է 1,6 միլիոն տոննայից ավելի պղինձ և 100 հազար տոննա մոլիբդեն: Հանքավայրի շահագործման որոշմանը Հայաստանի բնապահպաններն ի սկզբանե մեծ դիմադրություն ցույց տվեցին: Մինչ նրանք տարբեր միջոցներով արդեն երեք տարի ահազանգում են շրջակա միջավայրին անդառնալիորեն հասցվող վնասի մասին (անտառի էկոհամակարգի, Կարմիր գրքում գրանցված որոշ կենդանիների և բույսերի ոչնչացում, թափոնների պատճառով մարդկանց առողջությանը հասցվող մեծ վնաս և այլն), «ACP» ընկերության ղեկավարությունը մատնացույց է անում տեղացիների համար ստեղծված և ստեղծվելիք աշխատատեղերը և հանքարդյունաբերության մեծ դերը ՀՀ տնտեսական աճի մեջ: Ծրագրով նախատեսվում էր «ACP»-ին հատկացված 1563 հա-ից հատել 357 հա անտառ: «Անտառահատման ծավալները եղել են պակաս, քան նախատեսված է եղել ծրագրով, և կազմել են շուրջ 43 հեկտար»,- «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վահրամ Ավագյանը: «ACP»-ն նաև մատնացույց է անում ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և Լեռնահովիտ համայնքների վարչական սահմաններում նոր տնկված մոտ 108 հա ընդհանուր մակերեսով անտառապատ տարածքները: «ACP»-ն նախատեսում է նաև անտառապատման աշխատանքներ իրականացնել հանքավայրի տեղում հատման ենթակա անտառի կրկնակի մակերեսով տարածքներում (714 հա): Սակայն այս ծրագրերը չեն գոհացնում բնապահպաններին, որոնք պնդում են, որ մինչև ծառերը մեծանան, այդ տարածաշրջանի անտառներում բնակվող հազվագյուտ, Կարմիր գրքում գրանցված կենդանիները և ողջ էկոհամակարգը կոչնչանա: «Էկոդար» ՀԿ հայցի վերաբերյալ «ACP» ընկերության` ՀՀ վարչական դատարանին ներկայացված պատասխանում հիմնավորվում է հայցադիմումի և դրանում հիշատակված փաստերի, գործողությունների ու հանգամանքների վերաբերյալ հայցվորի կարծիքների անհիմն լինելը»,- ասում է Ավագյանը: «Էկոդար» ՀԿ նախագահ Հրայր Սավզյանն էլ պնդում է, որ հայցը հիմնավոր է, և իրենք շարունակելու են պայքարել` հասնելով ընդհուպ մինչև Եվրոպական դատարան: Մինչ այդ, թեև հանքավայրի շահագործումը նախատեսված էր սկսել 2011 թվականին, սակայն ֆինանսական գործընկերոջ և անհրաժեշտ ներդրումների բացակայության պատճառով այն դեռևս ամբողջությամբ չի իրականացվում:
Other Articles in Տնտեսություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.