Գծերից դուրս. երկաթուղի կառուցելու ծրագրերը չեն իրականացվել, հիմնական պատճառը ֆինանսավորումն է

Գծերից դուրս. երկաթուղի կառուցելու ծրագրերը չեն իրականացվել, հիմնական պատճառը ֆինանսավորումն է

Ֆոտոլուր

Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամին` Հայաստան-Իրան երկաթուղի կառուցելու նախագծի ֆինանսավորման նպատակով: (ԵվրԱզէսը տնտեսական կազմակերպություն է, որի անդամներն են վեց հետխորհրդային հանրապետություններ` Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզըստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Նա մշակում է միասնական արտաքին տնտեսական քաղաքականություն, ինչպես նաև գների և սակագների քաղաքականություն:)


Իրանի հետ այդ երկաթգծի կառուցման հեռանկարը Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունի, քանի որ կկապի հանրապետությունը Հնդկական օվկիանոսի ջրատարածքի նավահանգիստների հետ:

Վերջին 15 տարիների ընթացքում Իրանը երկու անգամ մեծացրել է իր երկաթուղային ցանցը և պատրաստվում է դառնալ Ասիայի կենտրոնում երկաթուղային խաչմերուկ:

Այսօր Իրանում ավելի քան 9000 կմ եվրոպական ստանդարտի պողպատյա մայրուղիներ կան և նախատեսվում է, որ մինչև 2020 թ. Իրանի երկաթուղային ցանցի երկարությունը կհասնի 25000 կմ-ի:

Երկաթուղին հնարավորություն կտա Հայաստանին օգտվելու էներգառեսուրսների և այլ ապրանքների փոխադրման այլընտրանքային ճանապարհից` ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ:

Ներկայումս Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունրը արտերկրի հետ ապահովվում է միայն չափազանց անկայուն Վրաստանի տարածքով:

Բավական է նշել, որ միայն 2008 թ. օգոստոսին 150 ժամ տևած Վրաստանի դեմ պատերազմի ընթացքում Հայաստանին 680 մլն դոլարի տնտեսական վնաս է հասցվել:

Հայաստանի և Իրանի նախագահների միջև համաձայնություն ձեռք բերելուց հետո փոխվել է «Հայկական երկաթուղու» կարգավիճակը:

2008 թ. փետրվարին Երևանում ստորագրվել է կոնցեսիոն պայմանագիր, որով «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հավատարմագրային կառավարմանը, որը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է: Այդ որոշումը չի ազդել պայմանավորվածության վրա:

Ըստ փաստաթղթի` երկաթգծի երկարությունը կլինի 540 կմ, որից 460 կմ-ից ավելին անցնելու է Հայաստանի տարածքով:
Երթուղու երեք տարբերակներից ավելի հաճախ խոսվում է հետևյալի մասին` Գագարին-Գավառ-Մարտունի-Ջերմուկ-Վայք-Սիսիան-Կապան-Մեղրի: Երկաթգծի մյուս մասն ընկած կլինի Իրանի տարածքում` մինչև Մերանթ կայարան:

Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը գնահատվում է 1,5-2 մլրդ դոլար, իսկ իրականացման ժամկետը` մոտ 6 տարի:

2008 թ., խոսելով շինարարության հնարավոր ժամկետների մասին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ «կառավարության համար ցանկալի սցենարը 2009 թ. վերջին շինարարական աշխատանքներն սկսելն է»: Այսօր 2010 թվականը գրեթե կիսվել է, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել: Ցանկալի ժամկետներից հետ մնալու կարևոր պատճառներից մեկը ֆինանսականն է:

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ հայտարարել է, որ քննվում է ավելի քան 1 մլն ռուբլի վարկ տրամադրելու Հայաստանի դիմումը:

ԱրմենիաՆաուի էջերում