Ո՞րն է առաջինը եղել. հավը՞, թե՞ 2 սենթանոց հավկիթը

Ո՞րն է առաջինը եղել. հավը՞, թե՞ 2 սենթանոց հավկիթը

Ֆոտոլուր

Վերջերս թեժ մրցակցություն է սկսվել թռչնաբուծական ընկերությունների միջև, որի արդյունքում գրանցվել է այս ապրանքատեսակի գների մինչև 80 տոկոս անկում:


Երևանի խանութներում և սուպերմարքեթներում ձու կարելի է գնել հատը 8-35 դրամով`(0,2-0,9 սենթ)` կախված ձվի չափսից, այն դեպքում, երբ երկար տարիներ ձուն ունեցել է կայուն գին` 40-65 դրամ (0,10-0,17 սենթ):

(Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության հունիսի 30-ին հրապարակած տվյալների` մայիսի համեմատությամբ հունիսին Հայաստանում գրանցվել է պարենային ապրանքների 1,3% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է ձվի, բանջարեղենի, մրգի և շաքարավազի 8,5-4,8% գնանկումով:)

Ոմանց կարծիքով`ձվի գնանկումը թռչնաբուծական ընկերությունների միջև մրցակցության հետևանք է:
Տեղեկություններ են հայտնվել, որ, օրինակ` Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան հավկիթը վաճառել է ինքնարժեքից էլ ցածր:
Ընկերությունը նույնիսկ ակցիա է հայտարարել իր գնորդների համար. 2500 դրամ (7 դոլար) արժեցող 100 ձու գնելու դեպքում գնորդը ստանում է «Ջրաշխարհի» մեկ անվճար տոմս, որն արժե 5000 դրամ (16 դոլար):
Այժմ ձու արտադրող ընկերություններն այն վաճառում են ինքնարժեքից` 29 դրամից (0,07 սենթ) էլ ցածր, այն դեպքում, երբ արտասահմանում ընդունված է նման դեպքերում (երբ կա տվյալ ապրանքի ավելցուկ) ապրանքը ոչնչացնել` ինքնարժեքը գերազանցող գինը վերականգնելու համար:

Հայկական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ ձվի գինն առաջինն իջեցրել է Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան, որից հետո մրցակությանը դիմանալու համար գներն իջեցրել է նաև Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան: Ձվի գնի անկումը որոշակիորեն պայմանավորված է նաև ամառային սեզոնին ձվի պահանջարկի նվազումով, երբ մարդիկ խուսափում են շոգ եղանակին շուտ փչացող սննդամթերք գնել, սակայն նախորդ տարիներին գների նման կտրուկ անկում չի գրանցվել: Սակայն ամառային միտումը բավարար չէ գների կտրուկ անկումը բացատրելու համար:

Սպառողներից շատերի համար ձվի էժանացումը հաճելի անակնկալ է, և նրանք ուրախությամբ սովորականից շատ են ձու գնում:
«Երեկ հատը 15 դրամով 20 հատ ձու եմ առել, որ շաբաթ-կիրակի թոռներս գան, ձվածեղ սարքեմ»,- ասում է 67-ամյա թոշակառու Ռիտա Մինասյանը:
Շատ գնորդներ էլ կասկածանքով են նայում գնի այս կտրուկ իջեցմանը և ենթադրում, որ իրենց վաճառվում է հին, նույնիսկ փչացած ձու:

Էջմիածնի բնակիչ 42-ամյա Ռիմա Գևորգյանը պատմում է, որ հունիսի վերջին իր տղայի դպրոցի էքսկուրսիայի համար մոտ 50 ձու էին գնել, խաշել ու իրենց հետ տարել էքսկուրսիա:

«Համարյա 15 հատը թափեցինք, քանի որ տհաճ հոտ էր գալիս, առողջ տեսք չունեին»,- ասում է Գևորգյանը:

Հուլիսի 2-ին այս հարցին անդրադարձել է նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ):
Հանձնաժողովն իր արտահերթ նիստում որոշում է կայացրել «Հավի ձու` կճեպով» ապրանքային շուկայում գործող մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին:
«Հիմք ընդունելով նշված ապրանքային շուկայում հանձնաժողովի կատարած դիտանցումների արդյունքները, ինչպես նաև վերջին օրերին մամուլի հրապարակումները ձվի շուկայում տեղի ունեցող մտահոգիչ երևույթների վերաբերյալ` ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ հարուցեց տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից հավի ձվի իրացման գների իջեցմամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ»,- ասվում է ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության մեջ, որտեղ չի նշվում, թե կոնկրետ ո´ր ընկերությունների նկատմամբ է հարուցվում վարույթը:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանն ասում է, որ ձվի գնի նվազման պատճառը գերարտադրությունն է:

«Ձու արտադրող ընկերություններն ավելացրել են թռչունների քանակը, բացի այդ, այս սեզոնում հավերը ավելի շատ են ձու ածում, իսկ արտահանում ընդհանրապես չկա»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Եղոյանը:

Համաձայն Հայաստանի թռչնաբույծների միության տվյալների` 2009 թ. հանրապետությունում արտադրվել է 630 մլն ձու, սպառվել` 578 մլն-ը: 2010 թ. առաջին հինգ ամսում արտադրվել է 305,3 մլն ձու, որը 29,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

ԱրմենիաՆաուի էջերում