Ռազմավարական գնում. Վրաստանով անցնող գազատարը հնարավոր է վաճառվի ադրբեջանական ձեռնարկությանը, ինչը խնդիրներ կստեղծի Հայաստանի համար

Ռազմավարական գնում. Վրաստանով անցնող գազատարը հնարավոր է վաճառվի ադրբեջանական ձեռնարկությանը, ինչը խնդիրներ կստեղծի Հայաստանի համար

Ֆոտոլուր

Վրաստանը մտադիր է վաճառել Ռուսաստանից Վրաստանի տարածքով Հայաստան մտնող մայրուղային (հյուսիս-հարավ) գազատարը: Ոմանք մտավախություն ունեն, որ այդ գազատարը կվաճառվի ադրբեջանական ձեռնարկությանը, որին արդեն իսկ պատկանում են Վրաստանի 30 գազաբաշխիչ ընկերությունները, և այդ դեպքում Հայաստանը կբախվի լուրջ խնդիրների:


Եթե գազատարն ադրբեջանական դառնա (թեև ակնկալվում է, որ Վրաստանը պահի բաժնետոմսերի 51 տոկոսը), ապա հնարավոր է, որ Հայաստան գազամատակարարումը դադարեցվի, մինչդեռ երկրին անհրաժեշտ բնական գազի մոտ 70 տոկոսը գալիս է հենց այս գազատարով:

Այս շաբաթվա սկզբին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է գազատարը ռազմավարական օբյեկտների ցանկից հանելու մասին օրինագիծը, որով հետագայում կթույլատրվի դրա սեփականաշնորհումը:

Այս գազամուղի վաճառքի հարցը բարձրացվել էր դեռևս 2005 թ., երբ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ցանկություն էր հայտնել ձեռք բերել այն` վերականգնելու և նորոգելու նպատակով։

Սակայն, հետագայում ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակությամբ այն վերանորոգվեց, և այդ հարցն այլևս փակվեց:

2008 թ. ադրբեջանական նավթային ընկերության դուստր ձեռնարկության` SOCAR Energy Georgia-ի կողմից Վրաստանի մոտ 30 գազաբաշխիչ ընկերությունները գնելուց հետո Հայաստան մտնող գազատարի վաճառքի հարցը կրկին բարձրացվեց:

Վրաստանի վերլուծաբանները վստահ են, որ այն, բնականաբար, չի վաճառվի ռուսական «Գազպրոմին», և երկրորդ ամենահավանական գնորդը մնում է ադրբեջանական SOCAR Energy Georgia-ն:

Խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը վստահ է, որ դա լուրջ խնդիրներ կարող է առաջ բերել Հայաստանի համար, ընդհուպ մինչև էներգետիկ ճգնաժամ:

«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ պիտի անեն նման գործարքը կանխելու համար, այլապես դա լուրջ հետևանքներ կունենա»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սաֆարյանը:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով` Հայաստանի առաջին քայլը պետք է լինի գազամուղի գնորդ հանդես գալը:

«Եթե դա (գազատարը) գնի Ադրբեջանը, հետևանքները շատ պարզ են, բայց առաջին հերթին պետք է քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանը տեղից չի շարժվում այն գնելու համար: Այս հարցը [Հայաստանի] Հանրապետական կուսակցությունն արդեն 10 անգամ պետք է քննարկած ու լուծումներ գտած լիներ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Բագրատյանը:

Մինչդեռ Հանրապետական կուսակցությունում հարցը դեռ չեն քննարկել:

Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ քանի որ գազամուղի բաժնետոմսերի մեծ մասը` 51 տոկոսը, մնալու է Վրաստանի հսկողության ներքո, «պետք է որ խնդիրներ չառաջանան, ով էլ գնի»:

«Սակայն մտահոգություններ կան. «Հայռուսգազարդը» վերջերս հայտարարել էր, որ վտանգավոր ոչինչ չկա: Մենք ուզում ենք վստահել նրանց»,- ասում է Նիկոյանը, որը դեռ չգիտեր` Հայաստանը որպես գնորդ կմասնակցի՞ աճուրդին, թե՞ ոչ:

«Վատ չէր լինի, որ հայկական որևէ ձեռնարկություն այն գներ»,- ասում է փոխխոսնակը:

ԱրմենիաՆաուի էջերում