Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից
Վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է մոտ 6 տոկոս գնաճ, ինչը մասամբ պայմանավորված է պարենային ապրանքների` նախորդ տարվա համեմատությամբ մինչև 25 տոկոս աճով: Մասնագետները կարծում են, որ կտրուկ գնանկում ակնկալել պետք չէ:
Նախորդ տարվա հունիսի համեմատությամբ այս տարի բանջարեղենը բարձրացել է 21 տոկոսով, միրգը` 17%, մսամթերքը` 13%, շաքարավազը` 6%:
«Նախորդ տարվա հուլիսին արձանագրվել է կտրուկ գնանկում, սակայն դատելով առկա միտումներից` չեմ կարծում, թե սեզոնային մթերքների (միրգ, բանջարեղեն) նման գնանկում կլինի այս տարի ևս»,- այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Հայաստանում գները տարեցտարի աճում են: Միայն վերջին հինգ տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է գրեթե կրկնակի աճ բոլոր ապրանքատեսակների գծով. ծառայություններն աճել են մոտ 40 տոկոսով, պարենային ապրանքները` 32%, ոչ պարենայինը` 24%:
Տնտեսագետները վստահ են, որ գնաճն իրականում ավելի բարձր է` մեղադրելով վիճակագրական ծառայությանը գնաճի ոչ իրական պատկերը ներկայացնելու մեջ, որն էլ հնարավորություն է տալիս իշխանություններին ոչ իրական տնտեսական աճ ներկայացնելու:
«Անգամ առանց մասնագիտական մոնիթորինգի, անզեն աչքով էլ երևում է, որ մեր կյանքը կրկնակի թանկացել է, իսկ այս տարի առավել ևս ամեն ինչ շատ թանկ է, պարզապես թվերը թաքցվում են, որպեսզի չբարձրացվի սպառողական զամբյուղի գումարը և, ըստ դրա, չբարձրացվի նաև նվազագույն աշխատավարձի չափը»,-«ԱրմենիաՆաուին» ասում է տնտեսագետ, Սլավոնական համալսարանի դասախոս Նարինե Սուքիասյանը:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.