Լավ նորությո՞ւն. կյանքը թանկանում է, բայց վիճակագրական տվյալներով` աշխատավարձերն էլ բարձրանում են

Լավ նորությո՞ւն. կյանքը թանկանում է, բայց վիճակագրական տվյալներով` աշխատավարձերն էլ բարձրանում են

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Այս շաբաթ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է այս տարվա առաջին վեց ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք, նախորդ տարվա նույն տվյալների հետ համադրելիս, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում աշխատավարձերն ավելի արագ են աճում, քան ապրելու համար անհրաժեշտ ծախսերը (սակայն շարքային քաղաքացիները դա չեն էլ նկատում):

Համաձայն ԱՎԾ տվյալների` Հայաստանում միջին անվանական աշխատավարձը անցյալ տարվա առաջին վեց ամիսների համեմատությամբ աճել է 7,9 տոկոսով, իսկ սպառողական գների ինդեքսը (սպառողական զամբյուղի ապրանքների և ծառայությունների միջին գնի հաշվարկման միջոց) կազմել է 7,3 տոկոս: Սրանից հետևում է, որ Հայաստանում քաղաքացու աշխատավարձի գնողունակությունը 0,6 տոկոսով բարձրացել է:

Այս տարվա վեց ամիսների արդյունքները ցույց են տալիս, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) աճել է 6,7 տոկոսով, սակայն 2010-ի մայիսի համեմատությամբ կրճատվել է 2,1 տոկոսով: Այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ գյուղատնտեսության։ Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 13,1% անկում՝ փաստորեն, դառնալով անցյալ ամսվա համեմատությամբ տնտեսական աճի «դանդաղման» հիմնական պատճառը:

Գյուղատնտեսության ոլորտում անկման հիմնական պատճառն այս տարի ոլորտի համար անբարենպաստ եղանակային պայմաններն էին, որի հետևանքով նախորդ տարվա հունիսի համեմատությամբ` բանջարեղենի գները բարձրացել են 21, իսկ մրգինը` 17 տոկոսով:

Ի հակադրություն գյուղատնտեսության ոլորտի` անցյալ ամսվա համեմատությամբ աճ է գրանցվել ՀՆԱ-ի աճն ավանդաբար ապահովող շինարարության ոլորտում: 2010-ի հունվար-մայիս ամիսներին աճը կազմել է 12,5 տոկոս, իսկ հունիսին` մայիսի համեմատությամբ աճել է 47,3 տոկոսով: Նման աճը, ըստ մասնագետների, բացատրվում է հունիս ամսին մեծ թափ առնող շինարարության ծավալներով:

Տնտեսության աճին զուգահեռ այս տարվա վեց ամիսների ընթացքում 0,8%-ով ավելացել է նաև պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը՝ 2010 թ. հունիսին կազմելով 84.800 մարդ։
ԱրմենիաՆաուի էջերում