Այս տարի Հայաստանում գրանցվել է ներգնա զբոսաշրջության աճ, ինչը ոլորտի մասնագետները կապում են համաշխարհային ճգնաժամի անկման հետ:
«Սակայն այս տարի միանգամից կտրուկ վերելք չպետք է ակնկալել, գալիք տարիների համար հարկավոր է ավելի շատ աշխատել»,- ասում է «Հայաստանի հյուրանոցների միության» տնօրեն Ամալյա Ստեփանյանը:
«Անի պլազա» հոթելի գլխավոր տնօրեն Մկրտիչ Գրիգորյանը նույնպես փաստում է, որ անցած տարիների համեմատությամբ աճ կա` 20 տոկոսից ավելի:
«Մի ժամանակ սուբյեկտիվ կարծիք կար. ասում էին, թե միայն պարսիկների հոսք կա: Սակայն դա այդպես չէ, ճիշտ է` նրանց գործոնը կա, բայց աճը միայն նրանցով չի պայմանավորված: Մենք իրական թվերի բավական մեծ աճ ունենք»,- ասում է նա:
«Ճամփորդական գործակալների հայկական միության» փոխնախագահ Եղիշե Թանաշյանն ասում է, որ աճին զուգահեռ փոփոխվել է այցերի ձևը` պայմանավորված կորպորատիվ բնույթի այցերով` պետական, պաշտոնական և այլն: Ակնկալում է, որ պատմամշակութային տուրիզմը 2011-2012 թթ. ավելի ակտիվ կլինի` պայմանավորված ճգնաժամի նահանջով:
Կառավարության պաշտոնյաները հորդորել են տուրընկերություններին հիմնվել վիճակագրական ուսումնասիրությունների վրա` հասկանալու, թե իրենց պոտենցիալ հաճախորդները որ երկրներից են, և թե ինչ ուղղություններով պետք է զարգացնեն իրենց գործունեությունը:
Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության` 2009 թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստան է այցելել մոտ 575.000 միջազգային զբոսաշրջիկ: Ակնկալվում է, որ 2010 թ. այս ցուցանիշը կանցնի 620.000-ը: Անցյալ տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաշատ ծախսող զբոսաշրջիկները գալիս են Ճապոնիայից, Կանադայից և ԱՄՆ-ից, իսկ ամենաքիչ ծախսողները` Իրանից և Վրաստանից: Հայաստան եկող զբոսաշրջիկների միայն 20 տոկոսն է երկիր այցելում առաջին անգամ, և ողջ այցելուների 90 տոկոսը հայ է: Միևնույն ժամանակ արտերկրում ապրող հայերի (որոնց թիվը, տարբեր հաշվարկներով, 6-8 մլն է կազմում) 90 տոկոսը երբեք չի այցելել հայրենիք, որը Հայաստանում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ է ենթադրում:
Ոլորտի մասնագետները երկրում զբոսաշրջության զարգացման հեռանկարները տեսնում են պետական ներդրումների և պետական ու մասնավոր հատվածների համագործակցության մեջ:
Տուրօպերատորները նշում են մի շարք խնդիրներ` հանրապետական ճանապարհների վրա բացակայում են հասարակական սանհանգույցներ, չկան աղբամաններ, հին և պատմական նշանակություն ունեցող եկեղեցիների տարածքներն անբարեկարգ են:
Թանաշյանը նշում է, որ ամենասարսափելին հասարակական զուգարանների բացակայությունն է:
«Հաշվարկել եմ, եթե նույնիսկ ամենաթանկ և ծախսատար զուգարաններ տեղադրվեն Հայաստանում, որոնք կարող են ծառայել 30 տարի, ապա դրանցից ստացված եկամուտը 8-10 տարի անց կարող է վերադարձնել ծախսը և շարունակել եկամտի աղբյուր մնալ»,- ասում է նա:
Իսկ Գրիգորյանն ասում է, որ հաճախ զբոսաշրջիկները, մեկ անգամ լինելով Հայաստանում, այլևս չեն ցանկանում կրկնել իրենց այցը:
«Իջնում են օդանավակայանում և միանգամից հիասթափվում երկրից` սկսած օդանավակայանի աշխատողներից, բեռնակիրներից մինչև օդանավակայանի տարածքում տաքսու վարորդները, որոնք առիթը բաց չեն թողնում ավելի շատ փող կորզելու Հայաստան այցելած տուրիստից»,- ասում է Գրիգորյանը:
Ըստ նրա` միջազգային զբոսաշրջային ճաշակը և հետաքրքրությունները շատ արագ` գրեթե 6 ամիսը մեկ, փոփոխվում են, և պետք է անընդհատ հասցնել պահանջարկը բավարարել:
«Հայաստանը` որպես զբոսաշրջության վայր, թանկ է, քանի որ այստեղ առաջարկում են պատմամշակութային զբոսաշրջություն, որն ամբողջ աշխարհում է թանկ: Սակայն պետք է լինի նաև այլընտրանքային տարբերակ, որն է, օրինակ` արկածային զվարճանք-բնություն համակցությունը պատմամշակութայինի հետ»,- նշում է Գրիգորյանը:
Մասնագետներն ասում են, որ հաճախ զբոսաշրջիկի վճարած գումարը չի համապատասխանում իր նկատմամբ դրսևորած վերաբերմունքին և սպասարկմանը: Ամալյա Ստեփանյանն այդ խնդիրը կապում է բարձրակարգ մասնագետների պակասի հետ և ասում, որ առաջիկայում անցկացվելու են հատուկ վերապատրաստման դասընթացներ ոչ միայն սպասարկող անձնակազմի, այլև հյուրանոցների տնօրենների համար:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.