Ա՞ճ, թե՞ լճացում. կառավարության քննադատները կասկածի տակ են դնում պաշտոնական մակրոտնտեսական ցուցանիշները

Ա՞ճ, թե՞ լճացում. կառավարության քննադատները կասկածի տակ են դնում պաշտոնական մակրոտնտեսական ցուցանիշները

Ֆոտոլուր

Այս շաբաթ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակեց տարվա առաջին վեց ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, ինչին ակտիվորեն արձագանքեցին ոլորտի մասնագետները:


Եթե իշխանական դաշտում, ի թիվս որոնց` քաղաքագետները և իշխանամետ վերլուծաբանները, հնչեցրին տեսակետներ, որ թվերը խոսում են Հայաստանում տնտեսական աճի մասին, ապա ընդդիմադիրները բարձրաձայնում են «լավ նկարված» թվերի մասին:

Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա առաջին վեց ամիսների կտրվածքով տնտեսական աճը կազմել է 6,7 տոկոս: Այդուհանդերձ, զեկույցում երևում է, որ աճը դանդաղել է հունվար-մայիս ամիսների համեմատությամբ, երբ արձանագրվել է 8,8 տոկոս աճ: Տնտեսության ծավալների նվազումը պայմանավորում են գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 13 տոկոս անկմամբ: Տնտեսության մյուս բոլոր ճյուղերում տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է աճ:

Խոսելով վերջին ամսվա անկման մասին` ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ասել է, որ անկումը պաշտոնապես կապում են գյուղատնտեսության ոլորտի հետ, սակայն տարվա սկզբից, դատելով թվերից, այդտեղ նկատվում է որոշակի աճ, որը հանգեցրել է ակնթարթային անկման հունիսին:

«Տվյալները ճիշտ չեն, այդպիսի աճ լինել չէր կարող»,- ասել է Ասատրյանը հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ Ասատրյանի` 1990-ականներին հողային բարեփոխումներից հետո, 20 տարվա ընթացքում ոչինչ չի արվել այդ ռազմավարական կարևոր ոլորտում իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Նա կարծում է, որ դրա հետևանքով այսօր գյուղերում նստած են մոտ 1 մլն պոտենցիալ արտագաղթողներ, որոնք առաջին հնարավորության դեպքում ուղղակի կփախչեն երկրից:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կասկածներ ունի պաշտոնական վիճակագրության հավաստիության հարցում: Նա կասկածելի է համարում, որ գյուղատնտեսությունը, հանքահումքային արդյունաբերության արտադրանքի արտահանման և շինարարության հետ միասին ապահովում է այս տարվա առաջին 5 ամիսների 8,8 տոկոս տնտեսական աճը, իսկ 6-րդ ամսում արձանագրում 13 տոկոս անկում:

Բագրատյանի կարծիքով` կառավարությունը պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնի գյուղատնտեսության ոլորտում:

Ըստ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի` ԱՎԾ հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են, որ «կառավարության հակաճգնաժամային ծրագիրը տալիս է իր պտուղները»:

Մինչդեռ Բագրատ Ասատրյանն այդ աճը պայմանավորում է երեք հիմնական գործոններով` 2009 թ. ներգրավված վարկեր, որոնց արդյունքներն այսօր են տեսանելի, պղնձի ու մոլիբդենի համաշխարհային գների աճ, որի ազդեցությունը Հայաստանի բնակչությունն իր վրա չի զգում, «քանի որ լեռնահանքային արդյունաբերությունը գտնվում է առանձին անձանց ձեռքում»: Եվ երրորդ`դրամական փոխանցումների ծավալների աճ:

Ասատրյանը երկրի տնտեսությունում չի նկատում լուրջ որակական և կառուցվածքային փոփոխություններ, որոնք կարող են կայուն աճ ապահովել:

«Մի քանի մարդ. սա է ամբողջ Հայաստանի տնտեսությունը: Այս երկիրն ինձ համար չէ և ձեզ համար չէ: Այս երկիրն առավելագույնը 2000 հոգու համար է: ՀՀ քաղաքացին իր ողջ կյանքի ընթացքում ենթարկվում է ավտորիտար, տնտեսական ու սոցիալական ճնշման՝ բոլոր ոլորտներում: Եթե անգամ աճը 5 անգամ ավելի լինի, դուք դա չեք զգա, քանի որ այն ձեզ համար չէ»,- ասում է Ասատրյանը:

Ընդդիմախոսները համոզված են, որ իշխանությունները տարին կփակեն «նկարված» դրական ցուցանիշներով:

«Ճգնաժամը շարունակվում է: Սա այն է, ինչը կոչվում է երկրորդ ալիք, որը գալիս է Հայաստան, բայց կառավարությունը փորձում է աճ ցույց տալ»,- ասում է նախկին վարչապետ Բագրատյանը:

Բագրատ Ասատրյանն էլ նշում է, որ իշխանություններն ամեն ինչ կփորձեն ներկայացնել առավել գեղեցիկ և հաճելի լույսի ներքո. «Սակայն կարևոր է հասկանալ, որ ինչ-որ 5 տոկոս աճը Հայաստանի համար աճ չէ, այլ լճացում»:

ԱրմենիաՆաուի էջերում